Այս վիճակը որեւէ արդարացում եւ բացատրություն չունի

Այս վիճակը որեւէ արդարացում եւ բացատրություն չունի

Ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ, որ այն անտարբերությունը, որ այսօր դրսեւորում են հայերը, հայրենիքից հիասթափվելով է պայմանավորված։ Իսկ դրա հետեւանքը՝ ոչ ավել, ոչ պակաս, կարժենա Հայաստան պետության ինքնիշխանության կորուստը, եւ դա կլինի հազարամյակների ճանապարհ անցած հերոսական հայ ժողովրդի ամենախայտառակ պատվազրկումը: Դրանով կպախարակվեն նաեւ պատմության ընթացքում հերոսաբար զոհված բոլոր հայորդիները, ովքեր երկնքից հետեւում են մեր հայրենիքի իրադարձություններին։

Իհարկե, հասկանալի է, որ ցանկացած ճանապարհ հաղթահարելը կարող է հոգնածություն առաջացնել, սակայն սա այն դեպքը չէ, որ թույլատրված է հոգնել, առավել եւս՝ հանձնվել։ Հայրենիքի գոյությունը պետք է հավերժական լինի, եւ այն երբեք սակարկման ենթակա չէ։ Այնպես որ, հայրենիքի նկատմամբ մեր ժողովրդի այսօրվա անտարբերությունը որեւէ արդարացում չունի եւ որեւէ քննադատության չի դիմանում: Այս իրավիճակում մեզ այլ բան չի մնում, քան մեր ժողովրդին դարձյալ ու դարձյալ հիշեցնել, որ այս իրավիճակից պատվով դուրս գալու՝ հայրենիքը փրկելու միակ ճանապարհը ժողովրդի միասնականության ապահովումն ու թշնամու դեմ ոտքի կանգնելը եւ պայքարելն է։

Իսկ ինչո՞ւ դա տեղի չի ունենում, ավելին՝ հույսեր էլ չկան, որ ժամանակի ընթացքում կլուծվի: Անգամ չեն գիտակցում այն աղետը, որ կախված է մեր երկրի գլխին։ Որ եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա հայրենիքի կորուստն անխուսափելի կդառնա։

Իսկ ե՞րբ սկսվեց այս անկումը, եւ որոնք են դրա պատճառները: Փոքրիկ էքսկուրս կատարենք՝ 44-օրյա պատերազմից մինչեւ մեր օրերը. 2020թ. 44-օրյա պատերազմում ունեցանք 5 հազարից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, անհետ կորածներ եւ գերիներ: 2022թ. սեպտեմբեր՝ 223 զոհ, անհետ կորածներ եւ վիրավորներ: Շարքը շարունակվում է մինչ այսօր: Հայաստանի սուվերեն երկրից մոտ 100 քառ. կմ տարածքի կորուստ, տարաբնույթ նվաստացումներ եւ ժողովրդի հոգեբանական սթրեսներ, պատերազմի վերսկսման վախի սերմանում, եւ այսպես շարունակ: Ահա այս ամենն է հայ ժողովրդին բերել հասցրել այս օրվան։ Երբ պատերազմի՝ ամեն վայրկյան վերսկսման վախի վիճակը չի կարողանում հաղթահարել, եւ հայրենիքի կորստի նկատմամբ վախը մղվել է հետին պլան, իսկ ժողովուրդը դարձել է լրիվ իներտ ու վախեցած՝ ոչ մի բանի չարձագանքող: Վիճակ, որը հազարամյակներ շարունակ հայի հետ որեւէ կապ չի ունեցել, բնորոշ չի եղել: 

Ստեղծված իրավիճակն անգամ ողջ աշխարհասփյուռ հայությանը, ընդդիմությանն է մատնել անգործության, որը, իհարկե, որեւէ արդարացում եւ բացատրություն չունի։

Բայց կարծում եմ, որ այս ամենը հասկանալը շատ քիչ է, պետք է ժողովուրդը թոթափի վախի զգացումը, դառնա մի բռունցք եւ իր կռիվը տա նամուսի եւ հայրենիքի փրկության համար, եթե անգամ բոլորս մեկիկ-մեկիկ զոհվենք...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ