Ինչ իրավիճակ է ռուսական աշխատաշուկայում

Ինչ իրավիճակ է ռուսական աշխատաշուկայում

Ռուսական աշխատաշուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2023 թվականի առաջին եռամսյակում շարունակվել է կադրային դեֆիցիտը։ Սակայն, սրան զուգահեռ, այն ընկերությունների թիվը, որոնք պատրաստ են եղել ավելացնել աշխատավարձերը, շարունակել են նվազել։ Միաժամանակ շարունակվում է գործազրկության կրճատումը։ Նման ընթացքը շարունակվելու դեպքում, ըստ մասնագետների, կարող է բերել աշխատաշուկայում աշխատանքի պահանջարկի նվազագույն ցուցանիշին։ 2023 թվականի կեսերի վերաբերյալ հրապարակված վիճակագրության համաձայն, ռուսական աշխատաշուկայում առկա է ինչպես բարձր, այնպես էլ ցածր որակավորում ունեցող մասնագետների պակաս։ Աշխատաշուկայի վերլուծությամբ եւ ուսումնասիրությամբ զբաղվող շատ մասնագետներ այս վիճակը բացատրում են նրանով, որ շատ քաղաքացիներ չեն ցանկանում ուղղակի աշխատել առաջարկվող պայմաններով, քանի որ շատ ոլորտներում աշխատավարձերը շարունակում են մնալ չափազանց ցածր։

Կադրային դեֆիցիտի հարցի լուծումը շատ ձեռնարկություններ տեսնում են աշխատանքային հերթափոխների ավելացման եւ ոչ աշխատանքային օրերին հավելյալ աշխատանքի կանչման մեջ։ Սա, սակայն, կարող է ի վերջո բերել աշխատանքային արտադրողականության նկատելի անկման, ինչպես նաեւ՝ պրոֆեսիոնալ անձնակազմերի մոտ գերհոգնածության։

«Ռոսստատի» տվյալներով, անցյալ տարվա համար փաստացի աշխատած ժամանակը զբաղվածության մեկ շաբաթվա համար միջինը կազմել է 38,2 ժամ, որը վերջին հինգ տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Մասնագետները նշում են, որ ռուսական աշխատաշուկայում բավականին նվազել է միգրանտների ներգրավվածությունը, ինչը նաեւ պայմանավորված է ռուսական ռուբլու թուլացմամբ եւ միգրացիոն օրենսդրության խստացմամբ։ Շատ ոլորտներ օտարերկրացի աշխատողների համար կա՛մ անհասանելի են, կա՛մ ռեգիոնից ռեգիոն, ռեգիոնալ օրենսդրական փոփոխությունների եւ խստացումների արդյունքում, դառնում են անհասանելի։

Վերջին ահաբեկչական գործողությունը Կրասնոգորսկում եւս իր բացասական ազդեցությունն է ունենում միգրանտներին ՌԴ տարածքում աշխատանքի վարձման գործընթացի վրա։ Ավելին, միգրանտների համար էլ ներդրվող խստացումները Ռուսաստանը դարձնում են ժամանակավոր կեցության եւ աշխատանքի համար ոչ այնքան գրավիչ երկիր։ Սա, սակայն, չի նշանակում, որ շատ ձեռնարկություններ հետաքրքրված չեն էժան աշխատուժ ունեցող երկրներից հավելյալ աշխատուժի ներգրավմամբ։ Նշվում է, որ նույնիսկ կա միտում՝ ընդլայնելու ավանդաբար ռուսական աշխատաշուկայի համար էժան աշխատուժ մատակարարող երկրների աշխարհագրությունը։

Ռուս փորձագետները նշում են, որ աշխատաշուկայում տիրող իրավիճակի վրա բացասական ազդեցություն է ունենում նաեւ բնակչության ընդհանուր թվաքանակի կրճատումը, որը նաեւ բերում է աշխատունակ զանգվածի կրճատման։ Թեեւ 2023 թվականին Ռուսաստանի աշխատունակ բնակչության թիվը մի փոքր ավելացել է, սակայն հիմա արդեն թոշակի տարիքի հասած քաղաքացիների սերնդափոխությունն արագ չի իրականացվում, եւ եթե մարդը կարող է շարունակել աշխատել, նրա աշխատատեղը պահպանվում է, քանի որ կա վտանգ, որ վերջինիս փոխարինող կադրին դժվար է լինելու գտնել։ Շատ ձեռնարկություններ փորձում են կադրային դեֆիցիտը լրացնել ուսանողներին աշխատանքային պրոցեսի մեջ ներգրավելով։ Կիրառվում են նաեւ աշխատակիցներին աշխատանքային պրոցեսի մեջ մնալը քաջալերող միջոցառումներ՝ տարատեսակ արտոնյալ վարկավորումների, այդ թվում նաեւ՝ հիպոթեքային վարկերի հանդեպ հասանելիության ապահովման, բոնուսային տարատեսակ համակարգերի ներդրման եւ այլ եղանակների տեսքով։