«Հրապարակ»․ Փորձել են Փաշինյանին արդարացնել, բայց հակառակն է ստացվել

«Հրապարակ»․ Փորձել են Փաշինյանին արդարացնել, բայց հակառակն է ստացվել

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջում երեկ  ուշագրավ հոդված-վերլուծություն զետեղվեց, որտեղ պատմական զուգահեռներ են տարվում Փաշինյանի եւ Չեմբեռլենի միջեւ՝ հանձնվողականությունը ներկայացնելով իբրեւ հայրենասիրություն։ Հոդվածը վերնագրված է․ «Չեմբեռլեն՝ որպես պարտությա՞ն, թե՞ հաղթանակի խորհրդանիշ»։ Հոդվածի հեղինակը ոմն Վան Սեբաստացի է, ում արտահայտած մտքերը տարածող Անդրանիկ Քոչարյանը հարկ է համարում որպես նախաբան՝ երկտող թողնել, որ հոդվածը  «արդիական» է, այսինքն՝ Չեմբեռլենի մասին վերլուծությունը նաեւ Նիկոլ Փաշինյանի վրա կարելի է տարածել։

Վերլուծությունը Չեմբեռլենին գովերգող ծավալուն մի նյութ է, որի գլխավոր ասելիքը հետեւյալն է․ թեպետ Չեմբեռլենը պատմության մեջ մնաց որպես «Լուզեր», «հողեր հանձնող, զիջող, կամազուրկ մարդ», սակայն իրականում նա դրանով փրկեց Բրիտանիան, քանի որ բրիտանական ու գերմանական բանակների պատրաստվածությունը տարբեր մակարդակների վրա էին, նա ժամանակ շահեց, մինչեւ եկավ Չերչիլն ու նրա պատրաստած բանակը տարավ հաղթական պատերազմի: 

Նախ՝ կարճ այն մասին, թե ով էր Նեւիլ Չեմբեռլենը։ 1937-40 թվականներին նա եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը եւ Տորիների՝ պահպանողականների նախագահը, որը պաշտոնավարումից մեկ տարի անց, իբրեւ թե խաղաղության հասնելու համար, ստորագրեց Մյունխենյան համաձայնագիրը՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարների հետ։ Հետո այդ համաձայնագիրն անվանեցին «ամոթալի», քանի որ Չեխոսլովակիան նվիրաբերվեց նացիստական Գերմանիային` եվրոպական տերությունների կողմից, որպեսզի պատերազմը չմտնի իրենց տուն, սակայն Հիտլերը ոչ միայն գրավեց Բրիտանիայի դաշնակից Չեխոսլովակիան, այլեւ առաջ ընթացավ եւ հերթով պարտության մատնեց այդ համաձայնագրի մյուս կողմերին։

Բանակցությունների ավարտին մյունխենյան փաստաթուղթը թափահարելով՝ Չեմբեռլենն այն անվանեց խաղաղության դարաշրջանի բացում։ «Պատերազմի եւ անպատվության միջեւ երբ ընտրում եք անպատվությունը, ստանում եք ե՛ւ անպատվություն, ե՛ւ պատերազմ»,- իր նշանավոր խոսքն ասաց Ուինսթոն Չերչիլը՝ չսխալվելով: Համաձայնագիրը ոչ թե խաղաղության դուռ բացեց, այլ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի։ 1940 թվականին Չեմբեռլենին հեռացրին կառավարությունից, նրան փոխարինեց Չերչիլը, ով կռվելու, պայքարելու կողմնակից էր եւ իր ազգին էլ տրամադրեց պայքարի, այլ ոչ թե խաղաղության։

Հիմա՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների տեղն այնքան նեղն է, որ սկսել են պատմության էջերում անփառունակ հռչակ ունեցող Չեմբեռլենի հետ համեմատականներ անցկացնել` պատմություն չիմացող մարդկանց մոլորեցնելով, թե Չեմբեռլենն ու Փաշինյանը խաղաղություն են բերել իրենց երկրներին։
«Նեւիլ Չեմբեռլենը համաշխարհային պատմության մեջ մնացել է որպես մեծ «ԼՈւԶԵՐ», հանձնող, զիջող, կամազուրկ մարդ։ Ինչ արած, պատմությունն այդպիսին է, եւ միշտ չէ, որ ամեն ինչ արդար է»,- այսպես է սկսում խոսքը հոդվածագիրն ու շարունակում «կուտ տալ» նիկոլականներին․ «Ապագա հաղթանակները, սակայն, շատ հաճախ կերտում են ոչ թե ռազմատենչները, այլ համբերատար աշխատողները, թեկուզեւ՝ առերեւույթ զիջման մասին խոսողները։ Ինչպես կասեր դասականներից մեկը՝ «Մարտավարության մեջ էմոցիան պարտադիր է, ռազմավարության մեջ՝ հակացուցված»»։

«1938թ. Մյունխենի համաձայնագրից առաջ Չեմբեռլենն իր կաբինետի եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հերթական խորհրդակցության ժամանակ հստակ հարց տվեց. որքա՞ն կդիմանա բրիտանական զինուժը Վերմախտին։ Պատասխանատուների պատասխանը կարճ էր ու հստակ՝ Բրիտանիան դեռ պատրաստ չէ Գերմանիայի հետ պատերազմի։ Այս հարցն իրականում քննարկվում էր արդեն մեկ տարուց ավելի, եւ բրիտանական կառույցների պատասխանը տխուր էր վարչապետի համար։ Այսինքն՝ 1938թ. դրությամբ Գերմանիան դեռ շարունակում էր ունենալ առավելություն՝ ռազմարդյունաբերության եւ ընդհանուր ծանր արդյունաբերության հարցերում։ Անգամ 1939թ., երբ Բրիտանիան գնալով մեծացնում էր արդյունաբերությունը, միեւնույն է, ծանր արդյունաբերությամբ զգալիորեն զիջում էր Գերմանիային»,- շարունակում է հոդվածագիրը` փորձ անելով արդարացնել Փաշինյանի վարած ներկայիս քաղաքականությունը, որ ինքն էլ զիջում է, քանի որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի Ադրբեջանի հետ, ինքն իբրեւ թե ժամանակ է շահում ու զինում է բանակը։

Հոդվածն ավարտվում է այսպես․ «Չեմբեռլենն իր կյանքի ու հեղինակության գնով փրկեց իր պետությունը, սակայն նրա ջանքերն իզուր չանցան, քանզի Բրիտանիան ուներ նաեւ Լորդ Հյու Դաունինգի, գեներալներ Հարոլդ Ալեքսանդերի, Բերնարդ Մոնթհոմերիի եւ այլոց նման նվիրյալ զավակներ»։ Թե ում է ակնարկում հոդվածագիրը, եւ արդյոք Անդրանիկ Քոչարյանն այս տողերում իրեն է պատկերացրել՝ իբրեւ նվիրյալի, եւ հենց այդ պատճառով է այս ամոթալի, իրականությունից հեռու, մանիպուլյացիոն վերլուծությունը հրապարակել իր էջում, կասի միայն ինքը։

Նույն հանձնաժողովի ընդդիմադիր ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատում է՝ չնայած իշխանականները նման հոդվածով միտք են ունեցել Փաշինյանին արդարացնել, բայց ճիշտ հակառակը՝ նրան (իրեն արժանի) խայտառակ դրության մեջ են դրել: Պատգամավորի խոսքով՝ միայն չհասկացողը կարող էր նման բան գրել Չեմբեռլենի մասին․ «Որովհետեւ Չեմբեռլենի հայտնի արտահայտությունը, որ ես այս սերնդին խաղաղություն եմ բերել, վերջում պարզ դարձավ, որ ոչ մի խաղաղություն էլ չի բերել, մեկ տարի անց Բրիտանիան հայտնվեց պատերազմի մեջ, եւ ամբողջ Եվրոպան հրո ճարակ էր։ Ուստի, այս գրառումն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի դեմ է, քան նրան արդարացնող։ Ես չեմ հասկանում՝ այդ ի՜նչ անուղեղ է եղել, որ այդ գրառումը տեղադրել է։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղությունն էլ իրականում այսօր պատերազմ է»։

ՀԳ․ Մեր տեղեկություններով՝ այդ հանձնաժողովի անդամ մյուս ՔՊ-ական պատգամավորները կողմ չեն եղել Չեմբեռլենի մասին նյութը պաշտոնական կայքում տեղադրելու որոշմանը: Խորհրդարանական մեր աղբյուրները հայտնում են, որ նույն հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը երեկ ԱԺ միջանցքներում, այս նյութի հետ կապված, բարձրաձայն քննարկել եւ դժգոհություն է հայտնել։ Իսկ թե ինչու է Անդրանիկ Քոչարյանը նման քայլի գնացել, թիմակիցները վարկածներ են առաջ քաշում։ Պատմում են, որ կուսակցական վերջին փակ նիստերի ժամանակ Քոչարյանը, ով մշտապես աչքի է ընկել ակտիվությամբ, լռում էր, կարծիք չէր հայտնում, ինչը ՔՊ-ականների շրջանում խոսակցությունների առիթ է դարձել։ Ոմանք կարծում են, որ Անդրանիկ Քոչարյանը լռում է, դիրքորոշում չի հայտնում, որ հետագայում կարողանա մանեւրել, եթե հանկարծ իրադարձությունները զարգանան այնպես, եւ իշխանափոխություն լինի, նա իր լռությունը թանկով ծախի հաջորդ իշխանությունների վրա: ՔՊ-ականներից ոմանք անգամ «շշնջացել» են Փաշինյանի ականջին, որ հանձնաժողովի նախագահը խուսափում է հրապարակավ աջակցել իրեն: Դա է պատճառը, որ նման հոդված է տարածել, որ ցույց տա իր հավատարմությունն առաջնորդին։