Որեւէ մեկն այլ բան չէր էլ սպասում․ ԱԺ-ում լինելու էին ռուսամետ ուժերը

Որեւէ մեկն այլ բան չէր էլ սպասում․ ԱԺ-ում լինելու էին ռուսամետ ուժերը

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ 2 մեծ ենթախմբերի՝ ռուսամետ եւ արեւմտամետ կուսակցություններից, ինչպես հայտնի է, ԱԺ-ում ներկայացված են 2 ռուսամետ ուժեր՝ «Հայաստան» եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնց արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի Ռուսաստան, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ է։ Նիկոլ Փաշինյանն էլ պատրաստ է հավասարապես «տրվել» ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Արեւմուտքին, միայն թե մնա իշխանության գլխին։

Ինչպե՞ս են այս փաստը գնահատում Ռուսաստանում, որի քաղաքագետներն ու վերլուծաբանները քարոզարշավի ընթացքում մեծ խանդով էին արձագանքում զանազան «եվրառեմոնտների», ՆԱՏՕ-ին անդամագրվելու նախընտրական խոստումներին։

Ռուսաստանցի հրապարակախոս Վադիմ Դուբնովը մեզ ասաց․ «Հայաստանում բոլոր քիչ թե շատ լուրջ եւ կայացած ուժերը ռուսամետ են, հետեւաբար, ես չէի փորձի այստեղ ինչ-որ մի արտառոց բան գտնել․ սա մի համընդհանուր ցուցիչ է եւ մի ընդհանուր բազա, որից այս ուժերը, որպես կանոն, սկսել են իրենց մեկնարկային կետը։ Եվ Ռուսաստանում այս առումով որեւէ մեկը որեւէ այլ բան չէր սպասում։ Որեւէ մեկը չէր սպասում, որ Հայաստանի խորհրդարանում կարող են ներկայացված լինել արեւմտամետ ուժեր»։ Բայց չէ՞ որ նախկինում եղել են ժամանակներ, երբ ԱԺ են անցել ոչ այդքան ընդգծված ռուսամետ ուժեր։ Օրինակ՝ Ռաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները», Էդմոն Մարուքյանի եւ Նիկոլ Փաշինյանի «Ելքն» ու «Լուսավորն» էլ ԱԺ-ում բավականին արեւմտամետ էին՝ հանդես էին գալիս ընդդեմ ՀԱՊԿ-ի, գազային պայմանագրի։ Վադիմ Դուբնովն ասաց՝ դե, սա եղել է այլ ժամանակներում, որտեղ այլ իրողություններ էին։ Այսինքն՝ չէին եղել պատերազմը եւ հայտնի իրադարձությունները։

Ինչպե՞ս է Դուբնովն այս 3 ուժերի համակեցությունը տեսնում ԱԺ-ում, երբ նրանք արմատապես տարբեր են ներքին հարցերում եւ ընդհանրություններ կունենան հայ-ռուսական երկկողմ եւ եվրասիական հարթակներին ու ձեւաչափերին առնչվող հարցերում։ Վադիմ Դուբնով․ «Ես կարծում եմ, որ այս պայմաններում մեծամասնության ամեն մի քայլը ենթարկվելու է քննադատության, որը կլսվի շատ բարեկիրթ ձեւով։ Այսինքն՝ սա կլինի ընդդիմադիրների համար իրենց հայրենասիրական պարտքի ու զգացմունքների արտահայտման համար բավականաչափ հարմար հարթակ։ Եթե նրանք, իհարկե դրանից օգտվեն»։

Վադիմ Դուբնովը նկատի ունի՝ եթե վերցնեն մանդատները։