Կուզիկին միայն գերեզմանը կուղղի

Կուզիկին միայն գերեզմանը կուղղի

Ընտրություններին մասնակցած 25 քաղաքական ուժերի որոշ մասն ընտրություններին դեռեւս գնահատական չի տվել։ Ուսումնասիրում են, վերլուծում։ Դրանց թվում է նաեւ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանը»։ Կուսակցության միակ ճանաչելի անդամ-նախագահի էջին 5 ժամ առաջ գրվել էր․ «Սիրում եմ բոլորիդ։ Բռունցքվելու ու սրիկաներից հիմնովին ազատվելու հրամայականը»։

Քանի որ Դավիթ Սանասարյանը նախընտրական քարոզարշավին տեղը տեղին  քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, մի պահ մտածեցինք՝ սրիկաներ ասելով ո՞ւմ նկատի ունի։ Բայց անմիջապես հաջորդեց տեղեկատվություն, որ Սանասարյանը գնացել է Փաշինյանին հանդիպելու, եւ հասկացանք, որ Դավիթ Սանասարյանի համար իրավիճակ է փոխվել․ ԱԺ-ում հայտնվել են իր կողմից «մերժելի» ուժերը, եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռեւանշիստների դեմ պայքարի մոբիլիզացիա, որտեղ Սանասարյանը նորից կարող է ունենալ դեր եւ տեղ։ Բայց նա  սխալվում է։ Որովհետեւ ավելի իրատեսական կլիներ, եթե նա լսեր ԱԱԾ տնօրեն աշխատած Արթուր Վանեցյանի՝ իրեն ուղղված  խոսքը, թե ինչպես ստացվեց, որ այդ թիմից ինքն առաջինը մեղադրվեց կոռուպցիոն հնչեղ սկանդալում։ Իսկ նա ասում էր, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով է ընթացք տրվել Դավիթ Սանասարյանի՝ ՊՎԾ պետի պաշտոնում առերեւույթ չարաշահումների մասին իր ներկայացրած տեղեկանքին։ Նման զեկուցագրեր շատ են ներկայացվել, բայց Փաշինյանը մյուսներն անտեսել է, Սանասարյանինը հանձնարարել, որ հարուցեն։ Թեեւ որոշներում նկարագրված են եղել կոռուպցիոն շատ ավելի ծանր հանցագործություններ։ Եվ եթե սկզբում Դավիթ Սանասարյանն իրեն կարող էր համոզել, որ իր գլխավոր թշնամին Վանեցյանն է, ապա վերջինիս հրաժարականից հետո առնվազն Նիկոլ Փաշինյանը մի հազար անգամ կարող էր իր մոտ կանչել, համբուրել նրա  ճակատը, ներողություն խնդրել ու վերականգնել նախկին գործին։  

Քաղաքական ուժերը՝ շարան-շարան, եւ կամ՝ «բարելավ» ծրագրեր  

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի մի մասը շարան-շարան գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Բրենդների արքա ու Նատալյա Ռոտենբերգի ամուսին  Տիգրան Արզաքանցյանը Փաշինյանին «բարելավ» ծրագրեր է առաջարկում, Նորիկ Նորիկյանը, Տիգրան Խզմալյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Բաբաջանյան-Շիրինյանը, Սուրեն Սահակյանը «մտքեր են փոխանակում» ու հույսեր հայտնում, թե նոր ձեւավորված խորհրդարանը եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։

ՔՈ-ի ղեկավար կազմից Սուրեն Սահակյանը հանդիպումից ժամեր անց գրել էր․ «Հեղափոխական գործընթացներից ընդամենը 3 տարի անց ես կոնֆլիկտ եմ ունենում մարդկանց հետ, որոնք խոչընդոտում են ընտրությունների ընթացքը, ստիպված եմ լինում 2018 թվականի ապրիլի 23-ից իր մշտական տեղակայման ապահով վայրից ինքնապաշտպանության նպատակով օրինական զենքը հանել եւ կրել, որպեսզի կառավարող ուժի հովանավորյալ քրեական տարրերին հատուկ վրիժառության պրակտիկաները կանխեմ։ Ու ամենակարեւորը՝ դա տեղի է ունենում, որովհետեւ քրեական տարրերն ընտրությունների ընթացքում ապահովում են կառավարող ուժի ձայները շատ կոնկրետ շրջաններում։ Բարի գալուստ «Նոր Հայաստան», որը շփոթության աստիճան նման է Հնին։ Տեղեկացնեմ նաեւ, որ տեղամասում կոնֆլիկտի համար իմ վրա քրեական գործ կարել չհաջողվեց, որովհետեւ թեթեւ վնասվածք ստացած կինը բացառիկ ազնիվ ու անկաշառ էր եւ հայտնեց, որ իմ դեմ բողոք չունի, քանի որ անհնար է՝ միտումնավոր վնաս հասցրած լինեմ նրան, չնայած հորդորներին, հրաժարվեց դատաբժշկի մոտ այցելելուց։ Գործը հարուցվեց արդեն հանրային բողոքի հիման վրա՝ իբր ընտրական գործընթացը խոչընդոտելու համար։ Պատկերացրեցիք, չէ՞, ով է օրենքի պահանջը ոտնահարել, ում իրավունքներն են խախտվել, եւ ում են պատրաստվում պատասխանատվության կանչել»։

Սուրեն Սահակյանին, որի՝ աթոռը կնոջ վրա նետելուն վայրկյան իսկ չէի հավատացել, հենց իր գրառման տակ հարցրի՝ ուրեմն ինչո՞ւ գնացիք հանդիպման։ Սուրենը պատասխանեց․ «Անկեղծ հավատում եմ, որ մեր, որպես հանրություն, առաջ ծառացած խնդիրներն անհնար է լուծել միմյանց դեմ խրամատներ փորելով, միմյանց ձայնը չլսելով, միմյանց մերժելով։ Անձամբ ինձ համար մեր պատմությունը բաժանվել է մինչեւ պատերազմը եւ դրանից հետո ընկած սահմանագծով։ Պատերազմից հետո ես հանդիպել, խաղաղության ու միասնական աշխատանքի կոչեր եմ արել մարդկանց, որոնց հետ նախկինում բարեւ էլ չէի տա»։ Ես Սուրենին հավատում եմ, որ անկեղծորեն հավատում է, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում։ Բայց Նիկոլ Փաշինյանին, ինչպես կասեր Ստանիսլավսկին՝ не верю։ Նաեւ, որովհետեւ վերջինս, ինչպես ցույց են տալիս գաղտնազերծված ձայնագրությունները, գիժ ձեւանալու սովորություն ունի։ Դե, եթե գիժ ձեւանում է, ինչո՞ւ չպիտի նորմալ ձեւանա որ։  Չէ՞ որ Homo sapiens-ի համար, սա, այնուամենայնիվ, ավելի բնական վիճակ է։ 
Ի վերջո, ԵԽԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն էլ չեն կարող անվերջ ձեւացնել, թե չեն լսում ու նկատում նրա շուրթերից հնչող ատելության խոսքը։ Այնպես որ, քաղաքական մրցակիցների երեսին անողոք դասակարգային պայքարի պտուղ 54 տոկոս ձայները շրխկացնելուց հետո Նիկոլ Փաշինյանի սիրտը հիմա էլ զանազան «քաղաքական էլիտաներ» եւ համերաշխություն է ուզում։ Բայց հայտնի է, որ կուզիկին միայն գերեզմանը կուղղի։ Կուզիկներին։

Այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին 

ՀԱԿ-ը, որին ընտրել եմ, ընտրություններից 72 ժամ անց որեւէ հայտարարություն, տեքստ չի հրապարակել՝ արդար, ազա՞տ են եղել ընտրությունները, թափանցիկ, թե՞ լույսերը տոտալ անջատելու ժամանակ արկղերը լցրել են։ Եվ կամ գուցե ուղղորդո՞ւմ է եղել։ Նաեւ՝ չեն գրում, չեն պատասխանում այդ մասին հարցնող մարդկանց գրություններին, որոնց 2 տասնամյակից ավելի ճանաչում են եւ ում բնակարան 2008թ․ նախամարտիմեկյան անզուգարան Ազատության հրապարակից գալիս էին՝ իրենց բնական կարիքները հոգալու։ Բնական է․ Հայաստանում բոլորը բոլորից հիմա զզվում են։ 

Այս քաղաքական ուժի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն իր քաղաքական կենսագրության բոլոր փուլերին ի ցույց է դրել բացառիկ ոչ պոպուլիստական վարք, դեռ 2012 թվականին ասել էր՝ ես 68 տարեկան եմ։ Հիմա նա 68+ է եւ ակնհայտորեն՝ վատառողջ։ Նա դասական քարոզարշավ չի տանում․ մի քանի հարցազրույց եւ մի  ուղերձ է հնչեցրել։ Նաեւ ունի տեւականորեն լռելու եւ մարդկանցից՝ իրեն չհասկանալու համար զզվելու խասյաթ։ Բայց նա Լեւոն  Տեր-Պետրոսյանն է, որին ՀԱԿ-ում մեծից փոքր փորձում են նմանակել։

Հայ ազգային կոնգրեսը Հայաստանում գրանցված ամենահին քաղաքական ուժերից է, իսկ եթե փորփրում ենք մինչեւ ՀՀՇ, ապա ամենահինը, որում կան բազում ավագ, միջին եւ երիտասարդ սերնդի կին եւ տղամարդ կուսակցականներ, որոնք պարտավոր են դրսեւորել կուսակցական վարքագիծ․ հերքել, հաստատել, գնահատականներ տալ, հաղորդագրություններով հանդես գալ։ Վատ չէր լինի՝ քարոզարշավի ժամանակ մի քիչ էլ աշխատել։ Եթե Կոնգրեսը քաղաքական ուժ է, իհարկե։ Այլապես պետք է կողպել  գրասենյակը եւ Կոնֆուցիոսի ու նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակով՝ գնալ նստել գետի ափին, մինչեւ որ այն բերի թշնամիների դիերը։