Վանաձորում կտեղադրվի Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը

Վանաձորում կտեղադրվի Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը

Վանաձորում կտեղադրվի ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական, աստղաֆիզիկոս Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:

«Այսօր, Վանաձոր համայնքի ավագանին, ի թիվս այլ կարևոր հարցերի, հաստատեց նաև ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս , աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի էսքիզ֊առաջարկը։

Արձանը տեղադրվելու է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով իրականացվող, Վ. Համբարձումյանի հրապարակի հիմնանորոգման և կից պուրակի կառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Այս տարի սեպտեմբերի 18֊ին լրանում է մեծանուն գիտնականի 115֊ամյակը»,- գրել է նա։