Թույլ չենք տա, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել  բանակը․ Սերժ Սարգսյան

Թույլ չենք տա, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել  բանակը․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը այսօր Եռաբլուրում լրատվամիջոցների հետ կարճ զրույց ունեցավ։ Օրվա խորհրդի վերաբերյալ նա ողջունեց՝ « զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող ու անհրաժեշտ պահի կամավորության սկզբունքով մեր բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին»,- ապա հավելեց․

«Մեր բանակը փառապանծ բանակ է: Մեր բանակը հաղթական բանակ է, և անկախ նրանից, որ այս բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել: Չի հաջողվել շատ պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում, այն էլ ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը: Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք մեր հավատը մեր բանակի նկատմամաբ: Սա շատ կարևոր հանգամանք է, և թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը:

Սա անթույլատրելի է, և ես վստահ եմ, որ նաև ձեր օգնությամբ, ձեր օժանդակությամբ մեր բանակը լինելու է միշտ վստահելի, մեր բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու մեր ժողովրդին: Շատ-շատ շնորհակալ եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը: