Ինչ զիջումների է պատրաստ եղել Սերժ Սարգսյանը

Ինչ զիջումների է պատրաստ եղել Սերժ Սարգսյանը

Մամուլի վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Սկսել են թեզ շրջանառել, որ Սերժ Սարգսյանի գյոզալ ժառանգությունը Ղարաբաղի հարցում այս իշխանությունը կորցրեց։ Հիմա, գիտեք, առիթ ա հազիվ, եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Ղարաբաղի հարցում: Վերջերս լրատվականներից մեկում մի փաստաթուղթ հրապարակվեց, որտեղ, ըստ էության, փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը, եւ, համենայնդեպս,  պաշտոնական հերքումներ նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից  չեն հնչել»։  

Ըստ այդ փաստաթղթի, որը ներկայացրեց վարչապետ Փաշինյանը, ղարաբաղյան հարցի կարգավորման նպատակներն են 7 շրջանների վերադարձն Ադրբեջանին։ Պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը: Մյուս կետը կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտումը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումն է, որը կլինի իրավական առումով պարտադիր եւ կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ վարչապետ ընտրվելուց հետո իրեն առաջարկվել է բանակցությունները շարունակել այն կետից, որտեղ դրանք ընդհատվել էին՝ Սարգսյանի հեռանալու պահին։ Մեզ հետաքրքրեց, թե ինչ փաստաթուղթ էր հրապարակում ՀՀ վարչապետը, եւ ինչու ՀՀԿ-ն չի արձագանքել այդ հրապարակումներին։

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարց տվեցինք՝ որպես ՀՀԿ Գործադիր կոմիտեի անդամի եւ ԱԺ նախկին փոխխոսնակի․ իրեն հայտնի՞ էր՝ Սերժ Սարգսյանն ընդունե՞լ էր միջնորդների այդ առաջարկը։ Եվ, առհասարակ, Սարգսյանի հեռանալու ժամանակ ինչ փաստաթուղթ էր դրված բանակցային սեղանին։

Էդուարդ Շարմազանովը պատասխանը ձեւակերպեց «մեր ու իրա տարբերությունն ասեմ»-ով ու մեջբերեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով, ինչպես հիշում ենք, ընդամենը վերջերս էր հայտարարել, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել 5 շրջանները։ «Երկրորդ․ Ալիեւը հայտարարել է, ու դա էլ հրապարակված փաստ է, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում միջազգային հանրությունն իրենից պահանջում էր ճանաչել Արցախի անկախությունը։ Էդ ո՞նց եղավ, որ մի կողմից պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությոնը, մյուս կողմից պարտվողական փաստաթո՞ւղթ։ Եվ երրորդ՝ ամենակարեւորը․ էդ Նիկոլ Փաշինյանը, որ անհարմար վիճակի մեջ է դնում Արցախի նախագահի թեկնածուներին ու պարտադրում կամ կոչ անում, կամ չելենջ անում, որ իրենց կարծիքն արտահայտեն Ղարաբաղի հարցում, թող միգուցե ասի՝ իր կարծիքը ո՞րն է։ 2 տարի է՝ գլխավոր բանակցողն ա, որեւէ մեկը տեղյա՞կ ա՝ որն է իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավորման հարցում։ Ամեն ինչից խոսացել է՝ հնդուշկից, բլինչիկից մինչեւ զուգարան, վաղը բանակի օրն է, թող կանգնի ու 3 միլիոն վարչապետներին իր հայեցակարգն ասի։ Ո՞րն ա էդ հայեցակարգը, ո՞նց ա պատկերացնում լուծումը։ Էդ որ կանգնում ասում է՝ Ադրբեջանի ժողովրդին պետք է բավարարի, դրա տակ ի՞նչ ի նկատի ունի»։

Հարցին էլ, թե, այնուամենայնիվ, որ կետի վրա էր կանգ առել Սերժ Սարգսյանը, Շարմազանովը պատասխանեց՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հայտարարություններ։ «Սերժ Սարգսյանի իշխանությունը 5 հայտարարություն է ընդունել տվել՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան նախագահների մակարդակով՝ 5 անգամ․ Պուտին, Օբամա, Օլանդ, Սարկոզի, Մեդվեդեւ։ Հայտարարություններ, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր է համարվում»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ դրանցից, այսինքն՝ 2016 թվականի ապրիլից հետո Երեւանի դիրքորոշումները շատ ավելի կոշտ էին։

ՀՀԿ խոսնակը նաեւ ընդգծում է՝ զավեշտալի է, մտահոգիչ է, անգամ՝ պետության անվտանգության համար, երբ պետության առաջին դեմքը, որն արդեն 2 տարի նաեւ գլխավոր բանակցողն է, հրապարակում է ինչ-որ մի փաստաթուղթ, այն էլ՝ հղում անելով մամուլին։
Արմեն Աշոտյանը եւս, անդրադառնալով այս «բացահայտումներին», նշել էր, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթի մեխը Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է։ Այն է՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր եւ կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն եւ կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։

Նա նաեւ հարցրել է՝ եղե՞լ է արդյոք Հայաստանում որեւէ ղեկավար, որը չի խոսել խնդրի կարգավորման փոխզիջումային լուծման մասին: