Սումգայիթում հայերին մորթում էին, մենք ադրբեջանցիներին ուղեկցում էինք մինչև սահման

Սումգայիթում հայերին մորթում էին, մենք ադրբեջանցիներին ուղեկցում էինք մինչև սահման

Վերջերս Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ են դրվել «Апория: Судный опыт»  ֆիլմը եւ նմանատիպ տեսահոլովակներ, որոնց միջոցով ակտիվ քարոզչություն է իրականացվում՝ հայատյաց ու թշնամական տրամադրություններ սերմանելու նպատակով։

Ադրբեջանական քարոզչամեքենան պետական մակարդակով, խեղաթյուրված ձեւով ներկայացնում է, թե ինչպիսի դաժանությամբ, բռնությամբ են տեղահանել Հայաստանում ապրող ազգությամբ ադրբեջանցիներին իրենց մշտական բնակավայրերից։ Ադրբեջանին բնորոշ կեղծ քարոզչություն իրականացնելու փաստը զարմանալի չէ, սակայն նման բացահայտ ցինիզմով լեցուն երեւույթն ինձ մղեց վերհիշել անցյալի իրադարձություններն ու խոսել պետական-պաշտոնական փաստերի հիմքով:

Ես՝ որպես այդ ժամանակների կուսակցական պետական պաշտոնյա եւ այդ իրադարձություններին, մասնավորապես, Մասիսի շրջանի պատասխանատու անձանցից մեկը, ստիպված եմ խոսել այդ մասին: 1988թ․ սկսվեց Ղարաբաղյան ազատագրական շարժումը, որն ադրբեջանցիների  կողմից վերածվեց բռնությունների եւ սպանդի: Տեղի ունեցավ սումգայիթյան տխրահռչակ եղեռնագործությունը, դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի եւ այլ տարածաշրջանների հայ բնակչության նկատմամբ կիրառված դաժանություններն ու բռնությունները, որից հետո սկիզբ առան հայերին Ադրբեջանից բռնի կերպով տեղահանություններն ու արտագաղթը՝ ունեզրկմամբ զուգորդված  քաղաքականությամբ:

Ադրբեջանում պետական աջակցությամբ կատարվող իրադարձությունները  մտավախություն առաջացրին հայաստանաբնակ ադրբեջանցիների մոտ: Նրանք սպասում էին, որ Ադրբեջանում կատարված իրադարձությունները մուլտիպլիկատիվ էֆեկտով կարող է կիրառվեն նաեւ Հայաստանում: Բայց ի պատիվ հայ ժողովրդի ու Հայաստանի ղեկավարության ջանքերի, նման բան թույլ չտրվեց: Ստեղծված լարված իրավիճակը, դրանից բխող բազմաբարդ խնդիրները մշտապես գտնվում էին Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ստեղծվեցին համապատասխան հանձնաժողովներ եւ աշխատանքային խմբեր, որոնց գործունեությունը նպատակաուղղված էր բնակչության անվտանգության եւ ազգամիջյան հարաբերությունների կայունության ապահովմանը: Իրադարձությունները զարգանում էին այնպես, որ 1988 թվականի կեսերին սկսվեց Ադրբեջանի հայ բնակչության մասսայական ներհոսքը դեպի Հայաստան: Ի պատասխան դրան, բնականաբար, հասունացավ հայաստանաբնակ ադրբեջանցիների մտադրությունը՝ տեղափոխվել Ադրբեջան:

Ի տարբերություն Ադրբեջանի, մեր կողմից իրականացվեցին կազմակերպչական աշխատանքներ, բոլոր հնարավոր միջոցները գործադրվեցին ադրբեջանցիների կյանքի, անվտանգության եւ ունեցվածքի ապահով տեղափոխման համար: Եվ դա կատարվեց պատշաճ մակարդակով: Այդ աշխատանքները կազմակերպելու եւ իրականացնելու համար ստեղծվեց հանձնաժողով, որը ղեկավարում էի ես: Հանձնաժողովը գործում էր Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանագծում, որի արդյունքում 2-3 ամսվա ընթացքում իրականացվեց մոտ 3 հազար 500 բնակարանի փոխանակություն: Այդ ընթացքում ոչ մի արտակարգ դեպք, անգամ թեթեւ բացասական երեւույթ չի արձանագրվել: Ավելին՝ նրանց կողմից ստացել ենք գրավոր եւ բանավոր շնորհակալագրեր եւ երախտագիտության խոսքեր: Ասվածը հիմնավորելու համար կարող եմ հիշատակել ադրբեջանցիների անունները, սակայն, տեղյակ լինելով Ադրբեջանում տիրող քաղաքական ու բարոյահոգեբանական իրավիճակին, զերծ եմ մնում անուններ հրապարակելուց:

Այսօր, երբ Հայաստանի կողմից բոլոր հնարավոր քայլերն արվում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, 2 ժողովուրդների միջեւ խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, պաշտոնական Բաքվից չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները: Ադրբեջանի կողմից որդեգրված այս դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի նախերգանք: Հետեւաբար, այս իրավիճակում խիստ կարեւորվում են մեր երկրի պաշտպանունակության ամրապնդումը, հզորացումը, Հայաստանի եւ Արցախի տնտեսության զարգացումը, ազգային համերաշխությունը եւ համախմբվածությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերի լայն համագործակցությունը:

Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
1988-1990թթ. ՀԿԿ Մասիսի շրջկոմի բաժնի վարիչ