Լրտես արբանյակներից հատուկ ցանց են ձեւավորում

Լրտես արբանյակներից հատուկ ցանց են ձեւավորում

Հայտնի գործարար Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը ամերիկյան հետախուզության պատվերով ստեղծում է լրտես արբանյակներից բաղկացած հատուկ ցանց։ Ամերիկյան ռազմական հետախուզության եւ Մասկի ընկերության միջեւ կնքված գործարքի արժեքը կազմում է 1,8 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ SpaceX-ի այն բաժանմունքը, որը պատասխանատու է տվյալ ցանցի ստեղծման համար, կոչվում է Starshield։

Վերոնշյալ լրտեսական արբանյակների նախատիպերը տիեզերք են դուրս բերվել դեռ 2020 թվականին։ Դրանք թույլ են տալիս Երկիր մոլորակի մակերեւույթին համարյա ցանկացած օբյեկտի հստակ լուսանկարը ստանալ օբյեկտիվ կերպով։ Այն անհրաժեշտ է օպերատիվ եւ տակտիկական մակարդակներում ռազմական գործողությունների պլանավորման համար։

Starshield-ը, ըստ հաղորդման, գործելու է անկախ արդեն գոյություն ունեցող Starlink ցանցից, սակայն նաեւ գտնվելու է ավելի ցածր ուղեծրում։ Նախագիծը գաղտնի է, սակայն փետրվարին The Wall Street Journal պարբերականն այս մասին տեղեկություն է հրապարակել։