Շահեր, տիկնայք եւ պարոնայք, զուտ շահեր

Շահեր, տիկնայք եւ պարոնայք, զուտ շահեր

Եվրոպա՜ն` այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե…                       
Ռուբեն Սեւակ (1885-1915)

Արեւմտյան աշխարհի իրական քաղաքականությանն ազգովի բախվեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում: Չնայած իմ տարիքային խմբի (65՝ պլյուս-մինուս) մարդիկ արեւմտյան արժեքների սնանկությանն առաջին անգամ առերեսվել էին նախորդ դարի 90-ականներին՝ Հարավսլավիայի, իսկ այդ պետության փլուզումից հետո Սերբիայի հետ Արեւմուտքի առճակատման դրվագներից: Սակայն քանի որ Սերբիան հեռու էր Հարավային Կովկասից, դա մեզ այնքան էլ չհուզեց: Ի դեպ, ՆԱՏՕ-ի տանիքի ներքո 1999-ին սերբական քաղաքների ռմբակոծումն ու հրթիռակոծումը սկսվեցին առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համաձայնության: Ընդդեմ անկախ պետության ռազմական գործողությունն արդարացնելու նպատակով այն անվանվեց «հումանիտար ինտերվենցիա»: Իրականում, այն նպատակ ուներ ոչ թե պաշտպանելու Կոսովոյի ալբանացիներին, այլ պատժելու սերբերին՝ իրենց ռուսամետության համար, եւ ստիպելու, որ շրջվեն դեպի Արեւմուտք: Ինչը, ի դեպ, հաջողվեց: Հավելեմ, որ սերբերին առաջին անգամ պատժել էին դրանից 4 տարի առաջ բոսնիական քաղաքացիական պատերազմի ընթացքում: 

Սերբերին անմիջականորեն պատժելուց ավելի քան 20 տարի անց պատժեցին մեզ, սակայն ոչ անմիջականորեն, այլ՝ ադրբեջանցիների ու թուրքերի ձեռքով: Կասկած չկա, որ եթե ինչ-որ հրաշքով Ադրբեջանը շրջված լիներ դեպի Ռուսաստանը, ինչպես դա տեղի էր ունեցել 100 տարի առաջ, ապա Արեւմուտքը կլիներ մեր կողքին: Այսինքն՝ գործել է ոչ թե արեւմտյան արժեքների հանգամանքը, այլ՝ հակառուսականությունը: Բայց մենք չէինք կարող լինել Արեւմուտքի ազդեցության շրջանակում, քանի որ մեր հարեւանը ոչ միայն ադրբեջանցիներն են, այլեւ նրանց ազգակից, ցեղասպան Թուրքիան, որը մեծ եղեռնից 100 տարի անց էլ չի ցանկանում առերեսվել իր պատմությանը: Իսկ Թուրքիան էլ ոչ միայն ցեղասպան է, այլեւ քաղաքակիրթ ռազմաքաղաքական կազմակերպության՝ ՆԱՏՕ-ի անդամ:

Նույնն այսօր տեսնում ենք ռուս-ուկրաինական հակամարտության գոտում: Արեւմուտքը թքած ունի ուկրաինական ազգայնականության վրա եւ չտեսնելու է տալիս Ուկրաինայում տարածված նացիստական սիմվոլիկան, ինչն արգելված է արեւմտյան երկրներում: Կարեւորն այն է, որ ուկրաինացիները հակամարտության մեջ են ռուսների հետ, ուրեմն պետք է պաշտպանել նրանց՝ դա անվանելով աջակցություն ժողովրդավարությանը: Որպես հասարակական կազմակերպության 17-ամյա աշխատակից՝ ես չեմ պատկերացնում այնպիսի ժողովրդավարություն, որն արգելում է պետության թեկուզ 17 տոկոս կազմող (իրականում՝ 40 տոկոս) բնակչության իրավունքները լեզվի հարցում: Էլ չասած այն երեւույթի մասին, որ ուկրաինական իշխանությունն իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես բռնապետական Ադրբեջանը մեր նկատմամբ: Պատկերացրեք, որ 44-օրյա պատերազմում Արեւմուտքը կարող էր աջակցել Ադրբեջանին՝ անվանելով այն աջակցություն ժողովրդավարությանը: Չնայած Ադրբեջանը, այնուամենայնիվ,  անուղղակիորեն ստացավ այդ աջակցությունը նրանով, որ նիկոլական «ժողովրդավարությունը» չստացավ այն:

Եվ այդ հակառուսականությունն այսօր ներկայացվում է հանուն ժողովրդավարության ռուսական ավտորիտարիզմի (նույնիսկ՝ բռնակալության) դեմ պայքար: Չի «նկատվում» ոչ միայն ուկրաինական ազգայնականությունը, այլեւ իբրեւ թե ռուսական հակահումանիստական գործողությունների բեմադրությունների իրական բնույթը: Չի «նկատվում» այդ երկրի ռուսախոս բնակչության նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը: Չի «նկատվում» ռուս ռազմագերիների նկատմամբ վայրագ վերաբերմունքը: Ճիշտ այնպես, ինչպես չէր նկատվում 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետո մեր ռազմագերիների եւ առեւանգված քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունը: Սրանք ընդամենը աշխարհաքաղաքական շահերի դրսեւորումներ են՝ ինչպես խոստովանել էին եվրոպական չինովնիկները հանրապետական գործընկերներից մեկի հետ զրույցում: Եվ մի հանգամանք էլ՝ եթե Պուտինի օրոք Ռուսաստանն Արեւմուտքում բնութագրվում է որպես ավտորիտար կամ նույնիսկ բռնակալական, ապա նույնը չէր կարելի ասել նախորդ դարի 90-ականների Ռուսաստանի մասին: Հիշեցնենք, որ այն ժամանակ ՌԴ-ն ղեկավարում էր դեմոկրատ (Արեւմուտքի աչքին) Բորիս Ելցինը: Եվ, ըստ այդմ, այդ ժամանակահատվածի հակառուսականությունը չէր կարող ներկայացվել որպես հանուն ժողովրդավարության պայքար:

ՀԳ. Պետք է 20-25 տարի արեւմտյան արժեքներ դավանեի, որ վերջին 4 տարում հասկանայի, որ Արեւմուտքում առկա են ոչ թե արժեքներ, այլ ընդամենը աշխարհաքաղաքական շահեր: Դե, իսկ Արեւմուտքի գովերգած «ժողովրդավարության փայլուն աստղն» էլ, բնականաբար, պետք է վերածվեր ոստիկանապետության: