Տարօրինակ հանձնաժողով, որը քիչ կապ ունի Վանո Սիրադեղյանի հետ

Տարօրինակ հանձնաժողով, որը քիչ կապ ունի Վանո Սիրադեղյանի հետ

Գրող, հրապարակախոս, ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ եւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը վերջապես ձեւավորվեց։ Կազմը հիասթափություն եւ առնվազն հարցականներ է առաջացրել․ մարդիկ տարակուսում են, թե ինչու կազմում ներառված չեն գրողներ` Գրողների միությունից, ինչո՞ւ այնտեղ ներառված չեն գործիչներ Հայ ազգային կոնգրեսից (ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը թեեւ նախկինում ՀԱԿ վարչության անդամ էր, բայց նրա անդամությունը վաղուց սառեցված է), ինչո՞ւ պատվավոր նախագահի կարգավիճակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ։ Առհասարակ, հանձնաժողովում Վանո Սիրադեղյանի հետ իրապես կապ ունեն միայն նրա որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, եւ լրագրող, նախկին խմբագիր Վասակ Դարբինյանը, որը նաեւ «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի հեղինակն է։ Քաղավիացիան 90-ականներին ղեկավարած Շահեն Պետրոսյանը, օրինակ, հարցին, թե ինչպես է գնահատում հանձնաժողովի կազմը, ասաց․ «Բացասական կարծիքի եմ հանձնաժողովից, իսկ թե ինչու չկա ոչ ոք ՀԱԿ-ից, հարցրեք ՀԱԿ-ից»։

Կոնգրեսից Արմեն Խաչատրյանն ասաց, որ հանձնաժողովի կազմի հարցը չեն քննարկել, բայց չբացառեց, որ այդ մարդկանց ներգրավումը երեւի թե ինչ-որ պահանջներով է պայմանավորված։ 
Առնվազն անհասկանալի է, թե ինչու հուղարկավորության հանձնաժողովի կազմում չէ ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, որը նաեւ Վանո Սիրադեղյանի ուսանողական եւ գրողական տարիների ընկերներից է։ Նրա հետ զրուցել չհաջողվեց․ ԳՄ նախագահն ամեն ինչ անում է, որ իշխանական կարծիքին հանկարծ չհակադրվի, եւ երեւի դա է պատճառը, որ մեր զանգերին չի պատասխանում։ Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու են հուղարկավորության հանձնաժողովի կազմում տարբեր, ոչինչ չասող անուններ ընդգրկվել․ առողջապահության փոխնախարար, փոխոստիկանապետ, փոխքաղաքապետ, «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն, մարդիկ՝ վարչապետի աշխատակազմից, ԿԳՄՍ փոխնախարար եւ այլք։ 

Վասակ Դարբինյանից փորձեցինք տեղեկանալ հանձնաժողովի առաջին նիստերի ժամկետների մասին, ընդառաջելո՞ւ են ՀԱԿ-ի եւ Սիրադեղյանի ընկերների՝ նրան Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու առաջարկին։ Վասակ Դարբինյանը որեւէ բանից տեղյակ չէր։ Ասաց․ «Երեկ ինձ զանգահարել են, անծանոթ մեկը` աշխատակազմից, հարցրել է, որ սենց բան կա... ոչ մի տեղեկություն չկա, ոչ մի հանդիպում որեւէ մեկի հետ չի եղել, որեւէ քննարկում չի եղել»։ Բացարձակ ոչնչից տեղյակ չէր նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը․ ո՛չ նրանից, թե երբ է լինելու հանձնաժողովի առաջիկա նիստը, ո՛չ էլ, թե որտեղ է թաղվելու Սիրադեղյանը, եւ թե ինչ սկզբունքով են ընտրվել հանձնաժողովի անդամները: Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանն էլ ասաց, որ հանձնաժողովի առաջին նիստի մասին դեռ իրեն տեղյակ չեն պահել։ Իսկ հարցին էլ, թե երբ է Հայաստան տեղափոխվելու Սիրադեղյանի աճյունը, ասաց․ «Էդ հարցով, ինձ թվում է, հանձնաժողովը կզբաղվի»։

Թերեւս հանձնաժողովը նաեւ դրա համար է ստեղծվել ու առաջին հերթին դրանով է զբաղվելու, եւ դրանով է բացատրվում փոխոստիկանապետի եւ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, այսինքն` թաղման բյուրոյի տնօրենի ներգրավումը։ Ակնհայտ է, որ Սիրադեղյանի մարմինը Հայաստան բերելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ հետախուզման մեջ գտնվող Սիրադեղյանն արտերկրում երկար տարիներ ապրել է այլ անուն-ազգանունով, եւ մահանալուց հետո նրան որպես Վանո Սիրադեղյան տեղափոխելու համար միջազգային օրենքներով անհրաժեշտ է տարորոշում իրականացնել, ինչն էլ արվում է ԴՆԹ հետազոտության միջոցով, որը ժամանակատար պրոցես է՝ առնվազն 2-3 շաբաթ է տեւում:

ՀԳ․ ՀԱԿ համակիրներից թարգմանչուհի Հասմիկ Հարությունյանը Սիրադեղյանի հետեւյալ տողերն է հրապարակել իր էջում․ «Համ էլ կյանքը մեր ուզածով չեղավ: Ուզում էինք գանք, բայց չէր ստացվում: Ուզում էինք գանք լիքն ու բարով, որ անհոգ մնաք, ջահել մնաք: Ուշացումով եկանք, որ լավ գանք, չեկանք, որ լավ գանք... Մեկ էլ տեսանք, որ ապրում ենք առանց ծնողի... է, ապրվում է, ապրում ենք, էլի, կյանք է, հո որբանոց չի... Հետո, ախր, կյանքը մեր ուզածով չեղավ, եւ առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան»։