Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղին ընդառաջ. ունենք կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիսնտեր

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղին ընդառաջ. ունենք կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիսնտեր

Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում այօսր՝ նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կմրցի  Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Հայաստանի ազգային հավաքականն արդեն իսկ ներկայացրել է հայտացուցակը վերոնշյալ հանդիպման համար, հայտացուցակում տեղ են գտել 19 ֆուտբոլիստներ:

Հիշեցնենք, որ այս հանդիպումը մեր հավաքականի համար պետք է լիներ տնային հանդիպում, սակայն ստեղծված իրավիճակով պայմանավորված, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, խաղը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն կանցկացվի Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում, այն կմերկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: Նշենք, որ մեր հավաքականը կորուստներով է մոտենում այս խաղին, քանի որ ազգային ընտրանու կազմում, ցավոք, 4 ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Այդ ֆուտբոլիստներն են՝ Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Կալիսիրը և դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2:

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին նախախաղային ասուլիսի ընթացքում նշել է, որ իր թիմը խաղալու է միայն հաղթանակի համար և չի բավարարվելու ոչ-ոքիով:

Հիշեցնենք, որ նույնիսկ մեկ միավորը Հս. Մակեդոնիայի հավաքականին հնարավորություն կտա դուրս գալ խմբից: 

«Ես հաշվարկներով աշխատող մարզիչներից  չեմ, ուստի չգիտեմ ինչպես անել, որ խաղանք ոչ-ոքի համար: Մեզ պետք է մեկ միավոր, սակայն մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար: Մենք կորուստներով ենք մոտենում Հայաստանի հետ խաղին մենք մեծ ընտրության հնարավորություն չունենք, սակայն եղած ֆուտբոլիստներով պետք է պայքարենք և ամեն ինչ անենք, որպեսզի հայտնվենք B դիվիզիոնում:  Ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար,- Իգոր Անգելովսկիի խոսքերն է փոխանցում Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Տրիչկովսկին նշել է, որ  թիմը մոտիվացված է Հայաստանի հետ խաղում. «Մթնոլորտը հրաշալի է և ամենաբարձր մակարդակի վրա, մենք երբեք մոտիվացիայի պակաս չենք ունեցել և  վաղվա խաղում մենք ապացուցելու ենք, որ կարող ենք, կանենք ամեն ինչ լավ արդյունքի հասնելու համար»,-ասել է Տրիչկովսկին:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն էլ նախախաղային մամուլի ասուլիսին նշել է. « Այնպիսի կազմ ունեինք, որ կարող էինք խաղալ հենց այդ մարտավարությամբ։ Մենք պետք է պրեսինգի ենթարկեինք մրցակցին ու ուժեղ ճնշման տակ պահեինք նրանց։ Թե՛ Ադամյանը, թե՛ Կարապետյանը հիանալի աշխատանք կատարեցին Վրաստանի դեմ խաղում։ Թիմն ընդհանուր առմամբ համախմբված էր, ինչն էլ օգնեց մեծ կենտրոնացվածությամբ խաղալ։ Մենք փորձում էինք տարածություններ ստեղծել ու խաղալ հակագրոհների վրա »:


«Ամենակարևոր խնդիրը ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի վերականգնումն է, քանի որ ֆիզիկական առումով շատ ուժեղ չենք այս պահին։ Պետք է տեսնենք, թե ֆուտբոլիստներից որն ինչպես է վերականգնվում, քանի որ վաղվա խաղում տիտանական աշխատանք պետք է կատարենք։ Ֆուտբոլիստներ կային, որոնք հոգնած էին շատ, սակայն պետք է վստահենք նրանց, որոնք վաղը դաշտ են դուրս գալու։ Վաղվա խաղը շատ կարևոր է լինելու մեզ համար։ Ցավալի է, որ Հայաստանում չենք խաղալու։ Շատ լավ կլիներ, որ խաղայինք մեր ստադիոնում, դա մեծ տոն կլիներ։ Բայց ցավոք այնտեղ խաղալու հնարավորություն չունենք։ Բայց մենք անելու ենք հնարավոր ամեն բան ցանկալի արդյունքի հասնելու համար, քանի որ մի ամբողջ երկիր ուշադիր սպասում է մեր խաղին։ Կա մի բան որը շատ կարևոր է․ դա ամբողջ թիմի ու ամբողջ անձնակազմի գործադրած ջանքերն են։ Ֆուտբոլիստներ ունենք, որոնք երկար ժամանակ չեն խաղում իրենց թիմերում, բայց երբ հագնում են ազգային հավաքականի շապիկը, կատարում են մեծ աշխատանք։ Հուսանք, որ վաղը մարզական բախտը մեր կողմը կլինի ու կհասնենք լավ արդյունքի »,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը: