Ամենավտանգավորը

Ամենավտանգավորը

Նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ համաձայնագրի ամենավտանգավոր կետը ո՞րն է: Ես վստահ եմ, որ մեր այսօրվա անգլուխ «գլխավոր» հրամանատարը չի հասկացել և ինչքան էլ որ  հավաքի իր ողջ գիտությունը, մեկ է` չի հասկանա, թե ինչ է արել: Դա Մեղրիի միջանցքով թուրքերին տրանսպորտային ճանապարհ տրամադրելն է: Պատճառ ունեմ պնդելու, որ նա չի հասկացել (առայժմ հեռու եմ այն մտքից, որ նա պատվեր է կատարել): Երբ խոսում էր այդ կետի մասին, առաջ էր քաշում մեկ այլ կետ, որով ուզում էր իբր մեզ ուրախացներ: Եվ օրինակ բերեց Երասխից ուղղակի Նախիջևանով Իրան հասնելու ճանապարհի գործարկման մասին, որը մեր երկրին տալու է տնտեսական զարգացման հնարավորություն: 
 

Ինչ ասեմ: Հարցրեք ամենապարզ մարդուց` Երևան-Մեղրի գծում աշխատող` թեկուզև մի համեստ ուղևոր փոխադրող վարորդից: Նա ավելի հստակ և իրական պատկերացում կտա ձեզ, թե ինչ կկատարվի, եթե բացվի Երասխ-Նախիջևան-Իրան մայրուղին: Մեքենաները Երասխից Իրանի Ջուլֆա սահմանային քաղաք կհասնեն ընդամենը 120 կիլոմետր ևս կտրելուց հետո՝ մաքուր հարթավայրային ճանապարհով: Նույնը և Իրանից Երևան գնացող մեքենաները: Սա նշանակում է սպանել Մեղրին և Սյունիքն ընդհանրապես: Այլևս ո՞վ կհամաձայնի Երևանից Երասխ և այնուհետ Իրան մեկնի` 120 կիլոմետրի փոխարեն անցնելով 350 կիլոմետր երկարությամբ՝ լեռնային և եղանակային պայմաններից կախված ճանապարհով: Իսկ Իրանից Հայաստան գնացող տրանսպորտը սկսվում է իրանական Ջուլֆա սահմանային քաղաքից: Այդտեղից, Իրանի հողում, շուրջ 100 կիլոմետր ճանապարհը՝ հակառակ ուղղությամբ, գնում հասնում է Մեղրիի անցակետ: Իսկ Մեղրիից Երևան հասնելու համար նույն 350 կիլոմետրը պիտի կտրեն, մինչև հասնեն Երասխ, այն էլ` խիստ լեռնային ճանապարհներով: 
 

Այդ տխրահռչակ համաձայնագրի ստորագրումով Ադրբեջանին թույլ ենք տալիս, որ Նախիջևանին դուրս բերի այս կիսաշրջափակված վիճակից: Անարգել միանա մայր երկրին՝ Ադրբեջանին, և սկսի ծաղկել ու բարգավաճել: Նաև թույլ ենք տալիս Թուրքիային, որ հենց այդ երթուղով, առանց իրանական ճանապարհների շրջանցիկ գծերի, հասնի Բաքու: Այդ ճանապարհին են գտնվում նաև Արցախի հարավային ու դաշտային տարածքները, որոնք Ադրբեջանի՝ նույնիսկ սովետական տիրապետության տակ եղած ժամանակ խիստ սակավաբնակ են եղել: Այսպիսով, միանգամայն կաշխուժանա և ադրբեջանցիներով կլցվի նաև այդ շրջանը՝ թրքական ապրանքների առատությամբ ու ներդրումներով: Մի կարևոր հանգամանք ևս. Իրանը, որ խորքում բարեկամ է մեզ և ինչ-որ չափով լծակներ ուներ իր ձեռքում՝ Ադրբեջանին դեպի Նախիջևան ճամփա տալ-չտալու առումով, այլևս զրկվում է այդ լծակներից: Մի խոսքով՝ աշխուժացնում ենք Նախիջևանը, աշխուժացնում ենք Արցախի հարավային` ադրբեջանական շրջանները, աշխուժացնում ենք Թուրքիայի Բայազետի և այդ շրջանների գյուղերն ու քաղաքները, կրճատում ենք Իրանի հնարավոր լծակները, որոնք հաճախ գործում էին մեր օգտին, Թուրքիային հասցնում ենք Բաքու՝ ուղիղ գծով, և մեռցնում ենք Մեղրին ու Սյունիքը` ընդհանրապես: 

Ահա, թե որտեղ է թագնված շան գլուխը:

Այդ նույն հեռահար ծրագրերը, որ ունեցել են Թուրքիայի նախկին ղեկավարները, սկսում են երևան գալ: Սովետական տարիներին նրանց մի կերպ հաջողվել էր ադրբեջանցիներով լցնել Հայաստանի հարավային շրջանները` գյուղական բնակչությամբ: Ով իմանա, գուցեև նույնը կարողանան անել նաև այս միջանցքի բացվելուց հետո: Մեր կամքից անկախ, Ադրբեջանի ծայրահեղականների էմոցիոնալ վարքի պատճառով` ղարաբաղյան միտինգներին, որպես հակազդեցություն, տեղի ունեցան Սումգայիթի և Բաքվի խժդժությունները: Արդյունքում, այս շրջանների ադրբեջանցիները փոխվրեժի վախից, մասսայաբար փախան ու լքեցին Սյունիքը: Այդ օրերին Բաքվի «ապաշնորհ» ղեկավարները նոտա ստացան Թուրքիայից, ըստ որի՝ «ջուրը նետվեցին» իրենց հիսուն տարիների կրած նեղությունները... 

Փորձեք սակարկել նրանց հետ՝ այս կետն ընդհանրապես հանելու մասով: Եթե Ստեփանակերտն էլ զիջեք սրա դիմաց, չեն համաձայնի: Հակառակ դեպքում նրա՛նք պատրաստ կլինեն շատ բան զիջելու: Թուրքը գիտի, թե ինչ են փաթաթել մեր վզին: Իզուր չէ Ադրբեջանի ղեկավարի գլուխ գովելը, թե ինքն է պնդել այս կետի ներառումը համաձայնագրում: Եվ այս ամենը ստորագրվել է մեր «գերագույն գլխավոր հրամանատարի» թեթև ձեռքով...
 

Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն այս ճանապարհի մասին ասում է. «Եթե Թուրքիան իրեն կարգին պահի, մաքսանենգություն չլինի, խնդրեմ` թող մեքենաները գնան-գան: Եթե ինչ-որ գրոհայիններ բերեն, զենք՝ ուղղակի կփակենք»:
Թուրքիան ոչ մի մաքսանենգություն էլ չի անելու: Նրա` հենց այդ ազատ գնալ-գալը Սյունիքի և մեզ համար մահացու մաքսանենգություն է...

Իհարկե, Տարասովի խոսքի տողատակերում թաքնված են նաև ռուսական հեռահար նպատակները: Բայց այդ նպատակները՝ քաղաքական երկխոսությամբ ու դիվանագիտական շփումներով, զուգակցել հայկական գերագույն շահերի հետ, առնվազն այս խանգարված մարդու և նրա ավելի խանգարված «աջակիցների» գործը չէ...

Այս կետերի տակ նույնիսկ մի հասարակ վարորդ չէր ստորագրի: 
Հին խոսք կա, որ ասում է` եթե տգետը հասկանա, որ ինքը տգետ է, առանձնապես մտահոգվելու հարց չի լինի: Իսկ եթե չի հասկանում, որ ինքը տգետ է, ուրեմն էլ փրկություն չկա:

Վահան Դարբինյան