Դասախոսը ՃՇՀԱՀ ռեկտորին էլ է մեղադրում գրագողության մեջ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Համբարձումյանը ռեկտոր Գագիկ Գալստյանին ևս մեղադրում է գրագողությամբ գիտությունների դոկտոր դառնալու մեջ։ «Պատճառը պարզ է, ես և համալսարանի առողջ ուժերը չեն ուզում, որ բուհը ղեկավարի մի անձնավորություն, ով գրագողությամբ է դարձել գիտությունների դոկտոր, ով իր որոշումները կայացնում է «Լավ եմ անում» սկզբունքով»,-ասում է դասախոսը, որը պատրաստվում է բաց նամակ գրել վարչապետին՝ պահանջելով, որ նա ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանին հանձնարարի ուսումնասիրել ՀՀ գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, ճանաչված հետազոտող Գագիկ Ներսիսյանի «Գրագողությունը ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում» 60 էջանոց գիրքը և Գագիկ Գալստյանի «Երկարակյաց շենքերի և կառույցների շինարարության հիմնախնդիրները» դոկտորական ատենախոսությունը և տալ եզրակացություն, վերը նշված գրքում բերված, գրագողության 50 դրվագների վերաբերյալ: «Իմ համոզմամբ, եթե տնտեսագիտական համալսարանի երիտասարդ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գրագողության պատճառով ազատվել է պաշտոնից, ապա որևէ հիմնավորում չի կարող լինել 68 տարեկան ռեկտոր Գագիկ Գալստյանին պաշտոնանկ չանելու համար»,-ասում է դասախոսը։ Նրա խոսքով՝ ռեկտորը սկսել է իր դեմ հետապնդումներ՝ իր և այն անձանց դեմ, ովքեր քննադատում են իրեն դոկտորական ատենախոսության մեջ կատարած արտագրությունների (գրագողության) և իր կողմից համալսարանում իրականացվող վոլյունտարիստական գործողությունների մեջ: Կոնկրետ իր դեմ գործողություններն այն են, որ ռեկտոր Գալստյանը, մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հանձնարարում է գեոդեզիայի ամբիոնի վարիչին, ինձ՝ երիտասարդ դոցենտին, դասաժամեր չտրամադրել:
«Հրապարակը» զանգահարեց ռեկտոր Գալստյանին, ով լսելով հարցը, առաջարկեց «կապնվել» բուհի մամուլի քարտուղարի հետ, թեպետ անհասկանալի էր, թե մամուլի քարտուղարն ինչ կարող է ասել իրեն վերագրվող արտագրությունների հետ կապված։ Այս առարկությունը լսելով՝ ռեկտորը հերքեց՝ միանշանակ նման բան չկա ու ավելացրեց՝ թող դիմեն ԲՈԿ։ Այլ հարցերի պարոն Գալստյանը կտրականապես հրաժարվում է պատասխանել և ցած դնում հեռախոսը՝ հաջողություն մաղթելով։
Կարծիքներ