Փաշինյանի համախոհ ուժերը շատ մեծ պրոբլեմ ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հետ. քաղտեխնոլոգ

Փաշինյանի համախոհ ուժերը շատ մեծ պրոբլեմ ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հետ. քաղտեխնոլոգ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կատարված հարցումների թեմայով «Հրապարակը» զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

- Պարո՛ն Հակոբյան, «Գելլափի» [Հայաստանում «GALLUP International Association»-ի լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ] շաբաթ օրվա [05.07.2021]  հարցումներով՝ Հանրապետությունում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշն իջել է՝ հասնելով 22,4%-ի, «Հայաստան» դաշինքինը բարձրացել է՝ հասնելով 20,6%-ի, 3-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, 4-րդը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, 5-րդը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Ըստ Ձեզ՝ սա որքանո՞վ է արտացոլում իրականությունը։

- Ես կարծում եմ՝ որոշ չափով արտացոլում է իրականությունը։ Քանի որ բացի սոցիոլոգիական հարցումներից մենք կարող ենք որոշակի պատկերացումներ կազմել հասարակության տարբեր շերտերի տրամադրություններից։ Նաև թե՛ մեր տրամադրութամբ, թե՛ որ փորձագետները ուսումնասիրություններ են անցկացնում տարբեր ֆոկուս խմբերի մեջ։ Այդ տենդենցը, ըստ որի՝ իշխանության վարկանիշը նվազում է, և ընդդիմության, այսպես ասենք, և՛ միասնական, և՛ առանձին վարկանիշները մեծանում են, ակնհայտ է։ Եվ այդ տենդենցը, կարծում եմ, վերջին երեք շաբաթը պահպանվում է։ Համենայնդեպս դա նաև սոցիոլոգիական հարցումներն են ցույց տալիս, նաև Ձեր կողմից նշված հարցումները։ Կարծում եմ, որ այդտեղ որոշակի շեղումներ կարող են լինել, խոսքը բնավ էլ ստատիստիկական անճշտության մասին չէ։

Գիտեք, ասում են, որ ստատիստիկական անճշտությունը կարող է լինել +- 3%։ Բայց անճշտություն կարող է առաջանալ նրանից, որ այնուամենայնիվ այդ հարցումը հեռախոսային է։ Եվ հեռախոսայինի պարագայում սովորաբար հարցվողները, մանավանդ այնպիսի մենտալիտետ ունեցող հարցվողները՝ ինչպես հայաստանցիներն են, որոնք իրար չեն վստահում, երբեմն նաև մտավախություն, անհագստություն, որոշակի վախեր ունեն, որոնք իռռացիոնալ բնույթ են կրում, սովորաբար ոչ միշտ են ճիշտն ասում՝ փորձելով խուսափել, այսպես ասենք, անախորժություններից։ Որպեսզի իրենց կարծիքն ուժային կառույցների [ԱԱԾ, ոստիկանություն] ձեռքը չընկնի, իշխանության ձեռքը չընկնի, և դա ինչ-որ կերպ չազդի իրենց աշխատանքի, կարիերայի, իրենց բարեկամների վրա։

Նրանցից շատերը լավագույն դեպքում փորձում են գլուխները շառից հեռու պահել՝ ասելով, որ «չենք կողմնորոշվել» (լավագույն դեպքում), իսկ սովորաբար, այպես ասենք, որպեսզի շառից ու փորձանքից հեռու լինեն, ասում են, որ իբր օրվա իշխանությանն են ձայն տալու։ Այսինքն՝ այստեղ կարող է բավականին լուրջ անճշտություն, շեղում լինել։ Մի կողմից՝ իշխանության վարկանիշն արհեստականորեն բարձրանում է, իսկ ընդդիմությանը՝ բնականաբար նվազում։ Այնպես որ, ես կարծում եմ, որ վերջին շաբաթվա ընթացքում ներկայացված ցուցանիշները, ըստ էության, ցույց են տալիս, եթե հաշվի ենք առնում ստատիստիկական անճշտությունը, գրեթե հավասար տոկոսներ են [ՔՊԿ-ի և «Հայաստան» դաշինքի տոկոսները]։ 1-ին և 2-րդ տեղի միջև 1․6-1․8 տոկոսը շեղումը, ըստ էության, ոչ մի բան է, ստատիստիկական անճշտության մեջ է։ 

- Կարելի՞ է ենթադրել, որ ընդդիմության, մասնավորապես «Հայաստան» դաշինքի վարկանիշը կարող է ավելի բարձր լինել, քան իմքայլականներինը։

- Այո։ Եվ ոչ միայն «Հայաստան» դաշինքի դեպքում կարող է շեղում լինել, մնացածներինն էլ կարող է ավելի բարձր լինել։ Ֆորմալ առումով «Հայաստանինը» կարող է նույնիսկ ավելի բարձր լինել [քան ՔՊԿ-ինը], բայց մոտավորապես նույնն է դեռևս։

- «Ինտեր-Ակցիա» հանրային զարգացման կենտրոնի (Центр общественного развития «Интер-Акция») արած հարցումներով [07.06.2021]՝ Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Նիկոլ Փաշինյան) ստացել է ձայների 16,3 %-ը, «Հայաստան» դաշինքը (Ռոբերտ Քոչարյան)` 21,6 %, «Պատիվ ունեմ» դաշինքը (Արթուր Վանեցյան)` 10,8%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (Գագիկ Ծառուկյան)` 4,2%, «Լուսավոր Հայաստանը» (Էդմոն Մարուքյան)` 4,6%, «Սասնա Ծռերը»` 2,1%, «Հայ ազգային կոնգրեսը» (Լևոն Տեր Պետրոսյան)` 1,7%, առայժմ պատասխանի մեջ չկողմնորոշվածները թիվը կազմել է` 22,6%: Այս պատկերի մասով ի՞նչ կասեք։

- Այդ հարցումն էլ մոտավորապես ցույց է տալիս այն տենդենցը, որ մասին խոսում էինք․ իշխանության վարկանիշը հետևողականորեն նվազում է, իսկ ընդդիմությանը, մասնավորապես «Հայաստան» դաշինքինը՝ բարձրանում։ Կարծում եմ՝ այս հարցումը, «Գելլափի» հարցումն էլ ցույց տվեցին, որ ընդդիմության դիրքերը մայրաքաղաքում բավականին ամուր են կամ ամրանում են, շատ թույլ է «Քաղպայմանագիրը»։ Մի հատ էլ գրաֆիկ կար։ Նույնիսկ մարզային մեծ քաղաքներում ընդդիմության դիրքերը վատ չեն։ Բայց գյուղական վայերերում, ըստ հարցումների, դեռևս առաջատար է ՔՊ-ն։ Այսինքն, իր հիմնական ընտրազանգվածը, իր հիմնական հույսը գյուղերն են։ Եվ գյուղերի դեպքում թույլ են ընդդիմության, մասնավորապես «Հայաստան» դաշինքի դիրքերը, բայց այս իրավիճակը կարող է փոխվել այն բանից հետո, երբ ընդդիմադիրները, ըստ էության, սկսեն այցելել մարզեր, ոմանք երևի կայցելեն նաև խոշոր գյուղեր և այլն։ Սա շատ կարևոր է, և սա կարող է պատկեր փոխել նաև մարզերում և գյուղերում, որտեղ «Քաղպայմանագիրը» մեծ հույսեր ունի։

Տեսեք, մինչև հիմա այդ գյուղերում մարդիկ հիմնական ինֆորմացիան ստանում են ամբողջ Հանրապետությունով հեռարձակող Հանրային հեռուսաստատեսությունից, որը որ յուրովի է ներկայացնում իշխանությանը, և շատ շատերին դեռ թվում է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, Նիկոլ Փաշինյանի «թափը», «դուխը» դեռ 2018 թվականինն է, այսինքն՝ նորից «ասֆալտին է փռում», «ծեփում է պատերին», «կոռուպցիայի դեմ է պայքարում» և այլն։ Եթե դա են տեսնում, իրենց թվում է, թե կա մի իշխանություն, կա մի վարչապետ, մի Նիկոլ Փաշինյան, և կողքը որևէ մեկը չկա, բոլորը ստվերում են մնացած։ Բայց իրականում, երբ ընդդիմադիրները գալիս են այդ նույն մարզեր, այդ նույն գյուղեր, լրիվ ուրիշ մեկնաբանություններ են տալիս իրավիճակին, ուրիշ պիտակավորումներ են տալիս անձամբ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Եվ դա էապես կոտրում է մթնոլորտը, որովհետև մարդկանց համար բացահայտում է լինում։ Օրինակ՝ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք, «Ցարի բոգը» չէ վաղուց։ 

Եվ կան մարդիկ, որոնք կարող են Նիկոլ Փաշինյանին այլ պիտակավորումներ տալ, ընդորում՝ բավականին կոշտ, և այսպես ասած ոչ պակաս «ծեփող» են, «փռող» են ասֆալտին իրենց տեսակով և այլն։ Եվ պատկերացրեք, այդ իրավիճակում նույն գյուղեր մտնում են ընդդիմադիր տարբեր շարասյուններ ու մեկը մյուսից ավելի կոշտ, մեկը մյուսից ավելի նոր որակի մեկնաբանություններ է տալիս, ծրագրեր է ներկայացնում։ Եվ այդ պարագայում ինչ ուզում է լինի, մթնոլորտ է կոտրվում այն գյուղերում, որտեղ մինչև այդ ալտերնատիվ տեսակետ, ալտերնատիվ գնահատականներ երբեք չէին լսել, և իրենց թվում էր, թե ընտրությունը կատարվում է մեկ թեկնածուի միջև։ Հնարավոր է, որ մի շաբաթ, մաքսիմում՝ 10 օր հետո, լրիվ ուրիշ տրամադրություններ ստանանք գյուղերում, որովհետև Նիկոլ Փաշինյանի հիմնական հենարանը, համենայնդեպս այս պահի դրությամբ, համարվում են գյուղերը, նույնիսկ մարզային խոշոր քաղաքները չեն։ Իսկ ի՞նչ են ընդհանրապես ցույց տվել հարցումները։ Հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հավակնում է ինչ-որ ձայների, որն իհարկե իրեն թույլ է տալիս հայտնվել խորհրդարանում, գուցե բավականին ազդեցիկ ֆրակցիա ստեղծել, բայց դա չի բավարարում նրան, որ միանգամից իշխանություն ձևավորի։ Քանի որ նրան այդ ձայները չեն հերիքելու, միակ հույսը պետք է լինի կոալիցիա ձևավորել իր արբանյակ ուժերի կամ իր համախոհ ուժերի հետ։ Բայց խնդիրն այն է, որ այդ համախոհ ուժերը շատ մեծ պրոբլեմ ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հետ, եթե չասեմ, որ գրեթե այդ հեռանկարը չի երևում։ Եվ այս պարագայում եթե աննախադեպ լրջագույն ընտրախախտումներ չլինեն՝ ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառմամբ, այլ նաև ընտրանկարչութամբ, ապա իշխանությունը հնարավորություն չունի վերարտադրվելու։ Մինչդեռ ընդդիմությունը, ըստ էության, հնարավորություն ունի փորձել կոալիցիա ձևավորել, իշխանություն ձևավորել և կառավարություն ձևավորել։

- «Ինտեր-Ակցիա»-ի տվյալներով՝ մարզերում պատկերը հետևյալն էր՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 27,3%, «Հայաստան» դաշինք` 14,1 %, «Պատիվ ունեմ» դաշինք` 8,2%, ԲՀԿ` 6,1%, ԼՀԿ` 3,7%, «Սասնա ծռեր»` 1,3%, ՀԱԿ` 0,7%, առայժմ պատասխանի մեջ չկողմնորոշվածները` 25,1%: Բայց այստեղ «Սասնա ծռեր» չեն գրել, ըստ էության՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ն է մասնակցում ընտրություններին։

- Ես հիմա չեմ ուզում գնահատել սոցիոլոգներին, բայց այդքան էլ կոռեկտ չէ։ Ուղղորդել են «Սասնա ծռերի» վրա, բայց նույն հաջողությամբ կարող էին «Հայաստան» դաշինքի փոխարեն գրել «Ռոբերտ Քոչարյան»։ Քաղաքական ուժերի թիվ 1 խնդիրը, երբ որ մտնում են քաղաքական պայքարի մեջ, ընտրապայքարի մեջ, իրենց բրենդը, առավելես եթե նոր բրենդ է, ճանաչելի դարձնելն է։ Ամենամեծ պրոբլեմներից մեկն է, որպեսզի ընտրողը կարողանա իդենտիֆիկացնել այդ բրենդը։ Մի բան է, որ ասում ես «Սասնա ծռեր», որը որ այս 4-5 տարվա մեջ բավականին հայտնի բռենդ է, չէ՞, դարձել, մի բան է, երբ որ ասում են «Ազգային-ժողովրդավարական բևեռ», որը որ, կարծում եմ, շատ ավելի քիչ մարդկանց է ծանոթ։ Այնպես որ, եթե իրենք գրեին «Ազգային-ժողովրդավարական բևեռ», հնարավոր է, որ քիչ լինեին տոկոսները՝ զուտ տեխնիկական պատճառով։ Այդ բրենդը ծանոթ չէր լինելու նույնիսկ «Սասնա ծռերի» երկրպագուներին, մանավանդ՝ մարզերում։ Նույն հաջողությամբ կարող ես գրել «Ռոբերտ Քոչարյան», հնարավոր է, որ 14 տոկոսի փոխարեն 18 տոկոս լինի, որովհետեւ այդ նույն մարզերում գուցե չգիտեն, որ «Ռոբերտ Քոչարյանը» և «Հայաստան դաշինքը» նույնն բանն են՝ բրենդի տեսակետից։ Այսինքն՝ պետք է կոռեկտ դնես։ Եթե դու ընդամենը թիվ ես ուզում ստանալ, դա մի բան է։ «Պատիվ ունեմ» են, չէ՞, գրել, ոչ թե «Վանեցյան» կամ «Հանրապետական կուսակցություն»։ Ուրեմն բոլորին պետք է դնել այնպես, ինչպիսին լինելու է քվեաթերթիկում։ Սա տեխնոլոգիա է։ Բայց էլի եմ ասում, ես չեմ ուզում հիմա սոցիոլոգներին քննադատել, որովհետև դա իմ մասնագիտությունը չէ, բայց պարզ է, որ այսպես է։