Գրավոր հարցումներ (լրագրային շանսոն)

Գրավոր հարցումներ (լրագրային շանսոն)

ՀՀ կառավարությանը

Ճի՞շտ է, արդյոք, որ Նիկոլ Փաշինյանի «Մերսեդեսը» «զադնի սկորուստ» չունի…

ՀՀ Նախագահին

Ձերդ գերազանցություն պարոն նախագահ, ինչո՞ւ էիք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ձեռնափայտով, և իրականությանը համապատասխանո՞ւմ են, արդյոք, այն խոսակցությունները, որ Փաշինյանի հետ հանդիպումներից առաջ միշտ եք «փայտն առնում ձեռքը»:

ՀՀ ՍԴ նախագահին

Պարոն Թովմասյան, մեր կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծապես նպաստեց Ձեր հեղինակած Սահմանադրության և Սահմանադրական դատարանի վարկանիշի բարձրացմանը: Ի՞նչ կասեք այս մասին:

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին

Պարոն Վանեցյան, երբ Ձեզ ոչ այն է ազատեցին աշխատանքից, ոչ այն է՝ Դուք հրաժարական տվեցիք, ԱԺ միակ անկախ պատգամավոր և համատեղության կարգով օտարերկրյա գործակալ Արման Բաբաջանյանն իր կայքում գրեց, որ ԱԱԾ-ում դեռ շատ վանեցյաններ են մնացել, որոնցից պետք է ազատվել հանուն հեղափոխության: Այսօր Արման Բաբաջանյանի՝ սեռական բնույթի հայհոյանքներին արժանացած հանրությանը, որն ի դեպ, պատրաստվում է պատասխանատվության ենթարկել այդ դեպուտատին, հետաքրքրվում է՝ ուրիշ ինչե՞ր գիտեք Արման Բաբաջանյանի մասին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Պարոն Միրզոյան, ե՞րբ է մարտի գնալու ԱԺ նախագահությունը: Էն մի մատ երեխեքին տալիս եք կրակի բերան, հասցնում եք բանտի դուռը, որ ի՞նչ անեք…

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանին

Քո օրենսդրական նախաձեռնությունը քո դուրը եկա՞վ:

Բարձրլեռնային ռեստորանի սեփականատիրոջը

Պատմական կտրոնը խփեցի՞ք, թե՞ ոնց… Գիտեք, չէ՞, որ Փաշինյանը սիրում է ծեծած տեղը ծեծել:
Ընթերցողների հարցերը համակարգեց՝

Էդիկ Անդրեասյան