Այդ կինն ինձ ասաց` այ Ծերեթելիիի չգիտեմ ինչ, ես էլ պատասխանեցի` Ծերեթելին ընտանիքդ է

Այդ կինն ինձ ասաց` այ Ծերեթելիիի չգիտեմ ինչ, ես էլ պատասխանեցի` Ծերեթելին ընտանիքդ է

Արդեն մի քանի օր է հասարակությունը բուռն քննարկում է Երևանի ավագանու կին անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը: Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Երևանի ավագանու նիստի ժամանակ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի սուր ելույթից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանն ու Նարինե Հայրապետյանը ջուր շփեցին Խաչատրյանի վրա, նա էլ Աղեկյանի մազերը քաշեց, ինչին հաջորդեց ծեծկռտուք` համեմված սեռական բնույթի հայհոյանքներով: 

Անի Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի անունն իրավունք չունեն շահարկելու այն անձինք, ովքեր տարիներ առաջ` «Երկիր ծիրանի» խմբակցության շարքերից առաջարկում էին Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանափոխել.

- Մամուլում բոլոր այդ տեղեկությունները կան` Տարոն Մարգարյանի ժամանակ էր: «Երկիր ծիրանի» խմբակցությունն առաջարկում էր Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանափոխել դարձնել` ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով: Մամուլում ամեն ինչ պահպանված կա, ես հենց այդ ժամանակ էի հասկացել, թե այդ ամենի ետևում ում ականջներն են թաքնված….

- Նարինե Հայրապետյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ առաջինը Դուք եք հայհոյել, ինքն էլ պատասխանել է Ձեզ:

- Ամեն ինչ ձայնագրված է, Դուք իմ շուրթերից հայհոյանք լսե՞լ եք: Իմ մասնակցությամբ բազմաթիվ վեճեր են եղել, բայց հահոյանք` երբեք: Նույնիսկ իմ նեղ շրջապատում ես չեմ հայհոյում: Ինչի՞ մասին է խոսքը:

- Նախնական զրույցում նշեցիք, որ շատ բան տեսախցիկներից այն կողմ չի երևում, որ ողջ օրը Ձեզ սադրել են: Ինչպե՞ս են սադրել:

- Առավոտից` ժամը 10-ից ամեն ինչ սկսվեց: Մարությանի խմբակցությունը 15 րոպե ընդմիջում խնդրեց, ես ասացի` վայ, նորից պիտի ամեն ինչ սովորեն: Դե քանի որ ես փորձառու եմ, դա նորեկներին էր վերաբերում, այդ թվում մեր թիմի նորեկներին, այնպես չէ, որ ասածս ուղղված էր ինչ-որ կոնկրետ խմբակցության, դրանից այդ կանայք` ոգևորվեցին: Այդ կինն ինձ տեղից ասաց` այ Ծերեթելիիի չգիտեմ ինչ, ես էլ պատասխանեցի` Ծերեթելին ընտանիքդ է, չի կարելի նման բաներ ասել: Եթե ես իրենց ոչինչ չեմ ասել, ի՞նչ իրավունքով են ինձ նման բան ասում: Հետո տարբեր ռեպլիկներ թողեցին նստած տեղից, Վազգեն Սարգսյանի անունը շահարկեցին, անցան Արամ Սարգսյանին, էլ չեմ խոսում անձնական բնույթի խոսակցությունների մասին: Ընդմիջում եղավ, որից հետո որոշեցինք սադրանքին չտրվել, փոխարենը հանդես գալ քաղաքական ելույթով, ինչը ես արեցի: Դրան էլ տեսաք ինչ հաջորդեց, անգամ ելույթս չավարտեցի, եկա որպեսզի նստեմ, դրան հաջորդեց այն, ինչ տեսաք…. ի դեպ` սա հո նոր բան չէ, դերակատարները նույն մարդիկ են: Սա արդեն որերորդ դեպքն է: Այն ժամանակ էլ Տարոն Մարգարյանի վրա կոյուղաջրեր էին լցնում, հիմա սովորական ջրին են անցել:

- Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել միջադեպի մասով:

- Շատ ուրախ եմ, նման դեպքերին պետք է ընթացք տալ: Ամեն դեպքում, ես գիտեի ինչ է տեղի ունենալու: Դրա հետ ես աշխատել եմ: Մենք սադրանքների չենք տրվելու: Այդտեղ երևանցու շահերից բխող աշխատանքներ են հարկավոր: Կանոնակարգ ունենք, վստահ եմ, որ հաջորդ անգամ քաղաքապետը կիրառելու է: Եթե մյուս անգամ էլ նման բան տեղի ունենա` ոստիկանության ուղեկցությամբ դուրս կհրավիրվեն ավագանու նիստերի դահլիճից: