Խաղողի գնման պայմանագրերում գին չեն նշել, որ վերջին պահին էժանով առնեն

Խաղողի գնման պայմանագրերում գին չեն նշել, որ վերջին պահին էժանով առնեն

Չնայած ասում են՝ «գյուղը երկիր է կերակրում», սակայն այսօր հողն  իրեն մշակողին անգամ չի կերակրում։ Բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների առջեւ գյուղացին մնացել է մենակ։ Շուտով խաղողի բերքահավաքի ժամանակն է, սակայն խաղողագործների մեծ մասը դեռ պայմանագրեր չի կնքել վերամշակողների հետ, կնքածներն էլ չգիտեն, թե իրենց խաղողն ինչ գնով եւ ինչ քանակով են վերցնելու վերամշակող ձեռնարկությունները։ Պատճառների, դրա հետեւանքների, գյուղացուն հուզող այլ հարցերի շուրջ զրուցել ենք Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի, Արարատի մարզի ամենաշատ խաղող մշակող համայնքի՝ Լուսառատի համայնքապետ Սիրանուշ Ֆարֆանյանի եւ գյուղի բնակիչների հետ։

«Լուսառատում քիչ մարդ է մնացել, որ պայմանագրեր կապեն։ Հիմնականում բոլորն ունեն կնքված պայմանագրեր։ Խաղողի գնի խնդիրն է, որ գյուղացուն այսօր անհանգստացնում է։ Ոչ մի գործարան, բացի Այգեվանի գործարանից,  գին չի ասել։ Մարդկանց այս հարցն է հուզում, որովհետեւ վերամշակողները թողնում են, որ վերջում գին որոշվի, եւ վերջում էլ շատ ցածր գներով են ընդունում։ Մարդիկ էլ ոչ մի եկամուտ չեն ստանում․ ծախսերը՝ շատ, եկամուտը՝ քիչ։ Սա է հարցը։ Խնդիրը մենակ գների մեջ է հիմնականում։ Մեկ էլ, որ գործարաններում այնպես է լինում, որ հերթ են կանգնում, գիշերը մեքենան մնում է այնտեղ։ Գյուղացին պետք է իմանա, թե իր հերթը երբ է գալու, որ չգնա կանգնի ամբողջ գիշեր գործարանի առաջ։ Բացի դա, այդ նույն մեքենան պետք է արդեն հաջորդ օրը մեկ այլ խաղողագործի բերքը լցնի ու բերի գործարան։ Մանր-մունր խնդիրներ էլ կան։ Սակայն գնի խնդիրն է, որը գյուղացիներին մեծ սթրեսի է ենթարկում։ Լուսառատի խաղողագործները պայմանագրեր են կնքել «Վեդի Ալկոյի», Այգեվանի, Դավալուի, որոշ քանակով՝ Մխչյանի, անգամ՝ Մերձավանի գործարանների հետ։  Առաջ գոնե վրացիները գալիս էին, կարմրահյութ տեսակն էին տանում, հիմա այդ տեսակի գներն էլ են իջել, ստիպված՝ նույն գնով մարդիկ գործարան են տալիս։ Տեսակ կա, որ մարդիկ իրենց սառնարաններում են պահում՝ ձմռան վաճառքի համար։ Առաջ շատ տեսականի ունեին խաղողագործները, այսօր բոլորը փոխել են գործարանային տեխնիկական տեսակի։

Պատճառն այն է, որ գործարանները չէին ընդունում, բարդություններ էին առաջանում։ Մարդիկ այդ այգիները քանդեցին, գործարանային տեխնիկական տեսակը դրեցին։ Անցյալ տարիներին «Սպայկան» էր այդ բարձր տեսակները տանում Ռուսաստան, սակայն քանի որ այդքան բարձր որակի տեսակներ էլ չունենք, շատ քիչ է դրանց արտահանումը։ Բոլոր խաղողի տեսակների գները հավասարվել են գործարանային տեխնիկական տեսակի գներին։ Բարձր տեսակի խաղողն անցյալ տարիներին էլ ներքին շուկայում էր գյուղացին սպառում»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Լուսառատի համայնքապետ Սիրանուշ Ֆարֆանյանը։

Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն էլ ասաց․ «Խաղող մշակողները, այո, ունեն խնդիր, ու այդ խնդիրը շատ հասարակ խնդիր է, որը չեն ուզում լուծել։ Այսօրվա խաղողագործի հիմնական ու մեծ խնդիրն այն է, որ պայմանագիր չունի կնքած վերամշակող ձեռնարկության հետ։ Եվ պայմանագիր չունենալով՝ այսօր չգիտի, թե ինչ գնով պետք է սպառի իր բերքը, մոլորված վիճակում է գյուղացին գտնվում։ Ո՛չ գին կա, ո՛չ գին է որոշված։ Հիմա, եթե պայմանագիր չունի, որի մեջ պիտի նշված լինեն քանակ, գին, ժամանակահատված (բերքահավաքի կազմակերպման գրաֆիկ)։ Այդ երեք կետերը եթե լինում են պայմանագրում, խաղողագործը հասկանում է՝ ինչ գնով պետք է իր խաղողը վաճառվի, գինը ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ քանակ ունի, մնացած քանակի հարցը լուծվա՞ծ է, թե՞ ոչ, եւ բերքահավաքի ժամանակացույցն ամսի քանիսի՞ց քանիսն է, յուրաքանչյուր խաղողագործի հետ պայմանագիր կնքելուց պետք է կազմակերպել նաեւ օրերի գրաֆիկի բաշխում, որպեսզի արհեստական հերթեր, դրանից բխող խնդիրներ չառաջանան, բերքը չփչացնեն՝ երեք օր կանգնեցնեն, որակազրկեն ու 90 կամ 80 դրամով խաղողը վերցնեն։ Բոլոր խնդիրների խնդիրն այն է, որ այսօր չի գործում այն համակարգը, որ վերամշակող ձեռնարկությունը վերահսկվի պետության, կառավարության, իշխանությունների, էկոնոմիկայի նախարարության կողմից, եւ մշակեն պայմանագրի ճիշտ ձեւ ու կանգնեն ժողովրդի եւ վերամշակողի մեջքին։
Առանց վերամշակող՝ խաղողագործ էլ չի լինի, առանց խաղող մշակելու եւ խաղողի վազի՝ արտադրություն չի լինի։ Սա փոխշահավետ, փոխկապակցված մի օղակ է։ Օղակում եթե մեկը թերանում է, ապա պրոցեսն այդտեղ դառնում է պրոբլեմային։  Միշտ խաղողագործը ստեղծում է, արարում, դնում է եւ վերամշակողի հետ չունի պայմանագիր, չունի գնային պայմանավորվածություն, չունի ժամանակացույց, սա արդեն խնդիր է։ Բոլորն էլ այսօր իրավունք ունեն ունենալու սեփական խաղողի այգիներ։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու դու ունես այդ այգին կամ ինչու ես ուզում ունենալ։ Հանրապետությունում կա 87 վերամշակող ձեռնարկություն, որոնք պետության կողմից ունեն լիցենզիա, թույլտվություն՝ խաղող  վերամշակելու եւ այդ վերամշակված ապրանքը  վաճառելու՝ կլինի օղի, գինի, լիկյոր, թե շամպայն»։

Լուսառատի բնակչուհի Մարինե Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Երկար տարիներ  մոտ 12-13 տոննա խաղող եմ տվել Այգեվանի, Ավշարի գինու գործարանին։ Սակայն վերջին տարիներին գործարանը շատերի հետ չեղարկել է պայմանագրերը, քանի որ իր սեփական խաղողի այգիներն է տնկել։ Վերջին երեք տարիներին նոր պայմանագիր եմ կնքել Դավալու գյուղի «Արարատ» գործարանի հետ։ Անցյալ տարի գործարանն իմ այգու խաղողն ընդունել է 120 դրամով, բայց 80 դրամով էլ է դատարկող եղել, այն էլ՝ բարձր որակի խաղող։ Այս տարի իրենք կոնկրետ գին չեն նշում, պայմանագրի մեջ էլ նշված չէ։ Գինը որոշում են տվյալ պահին, թե խաղողն ինչ քաղցրություն կունենա ու ինչ որակ կապահովի»։

«Մի քանի տարի խաղող եմ հանձնել մի վերամշակող գործարանի։ Այս տարի նոր պայմանագիր պետք է կնքեի մեկ այլ գործարանի հետ, սակայն վերջինս մերժեց՝  պատճառաբանելով, թե ուր էիր, չկայիր այսքան տարի, եւ իրենց հետ ինչու չեմ կնքել պայմանագիր, եւ նորը չկնքեց։ Այսինքն, գործարանների մրցակցության պարագայում էլ տուժում է գյուղացին։ Ու հիմա ես չգիտեմ, թե իմ բերքն ինչքանով եմ հանձնելու, ինչ քանակի կվերցնի գործարանը, քանի որ չկա պայմանագիր»,- ասաց Լուսառատի մեկ այլ բնակչուհի։

Խաղողագործներին հուզող այս խնդիրների պարզաբանման նպատակով կապվեցինք էկոնոմիկայի նախարարության հանրային կապերի պատասխանատուների հետ։ Վերջիններս խոստացան, որ համապատասխան բաժնի աշխատակիցը թեմայի վերաբերյալ կտա պարզաբանում, սակայն այդպես էլ  ոչ մի պատասխան չստացանք։