ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը նվազել է

ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը նվազել է

Գաղտնիք չէ, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են դիմել հազարավոր օրարերկրյա քաղաքացիներ` ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած ապրիլ ամսվա համար դեռևս մոնիթորինգ չի իրականացվել, հասկանալու համար, թե քանի օտարերկրյա քաղաքացի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով, սակայն հստակ է, որ դիմողների քանակը փոքր ինչ նվազել է: «Այնպես չէ, որ դիմողներ չկան՝ կան և բավականին շատ, սակայն պիկ շրջանը մարտ ամիսն էր»,- նշում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա` վերջին մոնիթորինգը եղել է եռամսյակային կտրվածքով` հունվարի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում: «Պատերազմից հետո` փետրվարի 24-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով դիմել է ավելի քան 1787 քաղաքացի, որից 1074-ը եղել են ՌԴ քաղաքացիներ, իսկ 15-ն Ուկրաինայի քաղաքացիներ, սակայն նախորդ տարի նույն շրջանում ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով մեզ դիմել է ընդամենը 654 քաղաքացի», - նշում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով` սա բավականին մեծ ու տեսանելի ցուցանիշ է: