Նիկոլ Փաշինյանը գոյութենական սպառնալիք է Հայաստանում և Արցախում բնակվող հայերի համար

Նիկոլ Փաշինյանը գոյութենական սպառնալիք է Հայաստանում և Արցախում բնակվող հայերի համար

2022թ. ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության 2021թ. կատարողականը ներկայացնելիս ի շարս բազմաթիվ վիճելի, խնդրահարույց հայտարարությունների մասնավորապես հայտարարել է. «...Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եւ հետեւաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը:»: 

Հարկ է նշել, որ «Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է» մոտեցումը բնորոշ է եղել նաև ՀՀ նախորդ վարչակազմերին: Եթե ադրբեջանաարցախյան հակամարտությունը տարածքային հարց չէ, ապա ինչպե՞ս հասկանալ «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի մինչ օրս իր ուժը չկորցրած համատեղ որոշումը: Իմ խորին համոզմամբ ադրբեջանաարցախյան հակամարտությունը հենց տարածքային հարց է: Այդ են վկայում կոնֆլիկտի ծագման և զարգացման ողջ ընթացքը: Անհրաժեշտության պարագայում պատրաստ եմ հիմնավորել իրավական փաստերով: 

Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ իր համար կարևորություն են ներկայացնում «Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը», չպնդելով արցախահայության՝ անկախ հանրապետության տեսքով ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, ապա դա նշանակում է, որ ինքը կողմ է, որպեսզի Արցախը որոշակի կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում, միայն թե արցախահայությունը ունենա անվտանգության երաշխիքներ, արցախահայության իրավունքները և ազատությունները լինեն ապահովված:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ կարող եմ պնդել հետևյալը՝ 

1. Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կատարելապես հակասում են հայկական զույգ պետությունների ազգային-պետական շահերին: 

2. Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կա՛մ դիտավորության (թշնամական կողմի հետ ուղղակի կամ անուղղակի ձևով պայմանավորվածության) արդյունք են, կա՛մ չիմացության:

Հայ ժողովուրդը բնակվող Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում այս պահին ունի մեկ կենսական կարևորության խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանը գոյութենական սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակվող ազգությամբ հայերի համար:


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ      
 քաղաքագետ