200 երեխա Արցախ վերադառնալ չի կարողանում

200 երեխա Արցախ վերադառնալ չի կարողանում

Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով շուրջ երկու ամիս իրենց ընտանիքներից կտրված` Հայաստանում մնացած կա ավելի քան 200 արցախցի անչափահաս: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանում այս պահի դրությամբ կա 200 և ավելի անչափահաս, որոնք Արցախ վերադառնալ չեն կարողանում. «Նրանք հիմնականում այն երեխաներն են, որոնք ընտանիքի մեկ կամ երկու անդամի հետ մնացել են ՀՀ տարածքում և Արցախ վերադառնալ չեն կարողանում: Այն արցախցի փոքրիկները, որոնք առանց ծնողական խնամքի մնացել էին Հայաստանում, «Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախ են վերադարձել»,- ասում է Արցախի ՄԻՊ-ը:

Թե կոնկրետ քանի երեխա է Արցախ վերադարձել, Գեղամ Ստեփանյանն ասել չի կարող. «Կոնկրետ թիվ չեմ կարող ասել վերադարձվածների մասով, սակայն կարող եմ ասել, որ 200 և ավելի երեխա Արցախ վերադառնալ չի կարողանում», - նշեց նա:

Հարցին, թե ինչ քայլեր են արվում երեխաներին Հայաստանից Արցախ վերադարձնելու ուղղությամբ, Արցախի ՄԻՊ-ն ասաց. «Բանակցություններ մշտապես տարվում են, «Կարմիր խաչը» ևս միջնորդում է գործին, սակայն այդ աշխատանքները շատ դժվարությամբ են առաջ գնում, քանի որ ադրբեջանիցներն անգամ այդ հարցում են ապակառուցողական, անգամ «Կարմիր խաչի» գործողություններին են խոչընդոտում, օրինակ` հավելյալ ինչ-որ պահանջներ են ներկայացնում, մարդկանց տվյալներն են պահանջում և այլն: Դրանք այնքան արհեստածին խոչընդոտներ են, որ անգամ տրամաբանության տարրեր դրանց մեջ չենք կարող գտնել» ,- նշեց մեր զրուցակիցը: