Եթե Քրիստոսը ճանաչեր թուրքին,  չէր ասի՝ սիրի՛ր թշնամուդ

Եթե Քրիստոսը ճանաչեր թուրքին,  չէր ասի՝ սիրի՛ր թշնամուդ

ՀՀ կառավարություն
 07.02.2023թ.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից»:

Չգիտեմ, հետգրություն անեմ,թե՞ իմ խոսքը...

Հասկանալի է մարդկայնորեն. տարերային աղետը աղետ է բոլորի համար, մանավանդ, որ մենք՝ հայերս,1988 թվին տեսանք ու ապրեցինք այդ դաժան ցավը...

Մեր պարագայում կասկածներ կային, որ դա եղել է Սպիտակի մոտերքում սովետական զենքերի ստորգետնյա պահեստների միտումնավոր պայթեցում...Հավանական է, քանի որ «վերակառուցման» դժոխքում հայտնված Սովետմիության կոմունիստական ղեկավարները սարսափում էին, որ Արցախյան Շարժումը կարող է դառնալ մեծ կարկատանի թելի այն հանգույցը, որը կտրելուց հետո, կարկատանի կտորները կթափվեն....Եվ թափվեցին…

Դառնանք այս երկրաշարժին,որից տուժեց  նաև մեր բարեկամ Սիրիան և նրա ժողովուրդը.
իմ խորին ցավակցությունները այդ աշխատասեր ու բարի ժողովրդին, որին երախտապարտ է մեր ժողովուրդը ,որ 100 և ավելի տարի առաջ թուրքական կառավարության կազմակերպած ցեղասպանությունից մահապուրծ՝ապաստան գտավ Սիրիայում, որտեղ իր ժողովուրդն էլ ապահով և բարեկեցիկ չէր ապրում: Սակայն մեր աշխատասեր ու արժանապատիվ ժողովուրդը բեռ չդարձավ հյուրընկալող երկրի ժողովրդին, նա իր ազնիվ աշխատանքով և մտավոր կարողություններով մասնակցեց Սիրիայի զարգացմանը....Սիրիայի և՛ ժողովուրդը, և՛ պետությունը բարձր են գնահատել Հայերի անմնացորդ և նվիրված աշխատանքը:

Դառնանք Թուրքիայում գրանցված հուժկու երկրաշարժին և մեր վարչապետի խոր ցավակցություններին և oժանդակությանը՝ Թուրքիա ուղարկելով «Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը»:

Իմ ասելիքը մարդասիրության կամ մարդատյացության հետ որևէ առնչություն չունի. ես 32 տարի , 107 տարի հետ չեմ գնում. երկու տարին էլ բավարար է, որպեսզի մենք՝Հայաստանի պետությունն ու Հայ ժողովուրդը չմոռանանք Թուրքիայի կատարած դաժանությունը Հայաստանի ՝Արցախի հետ միասին, և հայ ժողովրդի հանդեպ . մարդկային այսքան մեծ կորուստը, հաշմանդամներն ու տարածքային կորուստները Թուրքիայի պետության միջամտության հետևանքն են...Ու այդքանից հետո Հայաստանի կառավարությունը խոր ցավակցություն է հայտնում այդ թշնամի պետության նախագահին և փրկարարական ջոկատ է ուղարկում Թուրքիա...

Չէ՛,ուզում եմ իմանալ,եղե՞լ է, կա՞ աշխարհում պատմական մի դեպք, երբ թշնամի պետությունը ջախջախել է մյուս երկրին,իսկ ջախջախված պետությունը օգնում է և օժանդակում է իրեն ջախջախողին, որ նա դուրս գա ծանր վիճակից, որ հետո ի՞նչ անի, կրկին ջախջախի՞ նրան...Ավելի պարզ ասեմ.1947 թվին համաշխարհային երկրորդ պատերազմից հետո  Սովետմիությունը ,որ պատերազմից ահռելի վնասներ էր կրել և  20 միլիոն զոհ էր տվել այդ պատերազմում,փոխանակ վերականգներ իր երկիրը և բարձրացներ  ժողովրդի բարեկեցությունը,հնարավո՞ր էր, որ  իրեն թույլ տար օգնելու Գերմանիային, որպեսզի  նա շուտափույթ վերականգնի իր հզորությունը…

Գոնե ինձ համար սա ոչ թե մարդասիրություն է, այլ սեփական երկրի ու ժողովրդի ստորացում և հաջորդ հարվածին թշնամուն պատրատ պահելու հնարավորություն տալ է:

Մոռացել ենք իհարկե, որ 88-ի երկրաշարժի օրերին Բաքվից շնորհավորական հեռագրեր էին գալիս Հայաստան ,գնացքները թալանում էին կամ օրերով պահում իրենց կայարաններում,հացահատիկ տեղափոխող մեր մեքենավարներին կտտանքների էին ենթարկում...Ամբողջ աշխարհը օգնություն էր ուղարկում, սակայն Թուրքիան  ոչ մի օգնություն չուղարկեց Հայաստան: Այդ ժամանակ դեռ Սովետ էր, չկար Հայաստան-Ադրբեջան պատերազմական ընդհարումը,բայց Բաքուն արդեն դրսևորել էր  իր էությանը բնորոշ  վարքը՝ արցախյան անկախության առաջին հանրահավաքներին ի պատասխան՝Սումգաիթում հայերի կոտորած,Կիրովաբադի,Դաշտային Արցախի հայաթափում,Բաքվի հայերի ջարդ և վտարում՝իրենց ողջ ունեցվածքի զավթումով…Իսկ այս օրերին մոտ երկու ամիս Բաքուն՝ո՛չ առանց Թուրքիայի աջակցության, շրջափակման մեջ է  պահում Արցախի 120 հազար մեր հայրենակիցներին՝ շարունակելով պատերազմական գործողությունը,այս դեպքում առանց ռմբակոծությունների,քանի որ քաղաքների և ամրոցների շրջափակումն ու պաշարումը նույնպես իրականացվում են որպես ռազմական գործողությունների շարունակություն.տվյալ դեպքում  Արցախը իր տարածքով և բնակիչների թվով մի փոքր քաղաքի  է նման…

Ու մենք այս ամենը նույնպե՞ս մոռանում  ենք կամ անտեսու, այս ամենը ներում  ենք մեր թշնամիներին մարդասիրական ձեռք մեկնում նրանց: Ան-ըմ-բըռ-նելի է….

Քրիստոնյա հավատացյալներին, և ոչ միայն քրիստոնյաներին է հայտնի ,որ  Ավետարանում Քրիստոսը հորդորում էր իր հետևորդներին՝ Սիրի՛ր թշնամուդ…

Ուսանող էի, երբ առաջին անգամ կարդացի այդ հորդորը, ես զարմացա.եթե դա քո թշնամին է,իսկ թշնամին բարեկամ ու անմեղ կամ թեկուզ չար ու անկարգ դրկիցդ չէ ,որոնց կարող ես ներել ,եթե պետք է,նաև օգնել,իսկ թշնամուդ,որ ավերել է տունդ, սպանել է զավակներիդ և անպատվել է մորդ, քրոջդ, կնոջդ և դստերդ, քեզ հայրենազուրկ է արել ու շարունկում է իր դաժան թշնամությունը,այդ թշնամուն Քրիստոսն էլ չէր ների, էլ ուր մնաց, թե սիրեր…

Եթե Քրիստոսն այն ժամանակ հանդիպեր թուրքին  ու վկան լիներ նրա բարբարոսությունների,հաստատ չէր ասի՝ Սիրի՛ր թշնամուդ…

Բա մենք  էս ի՞նչ ենք անում. մեր զոհված տղաների արյունը դեռ չի չորացել, մեր հաշմանդամ դարձած տղաների մարմինը դեռ ցավում է, հոգեկան ցնցում ապրած մեր ջահել տղաների հոգին դեռ չի խաղաղվել,մեր կորցրած  Հայրենիքի հողը թշմամու պիղծ ոտքերի տակ տնքում է…իսկ Հայաստանից փրկարարական ջոկատներ են ուղարկվում այնտեղ, որտեղ 107 տարի առաջ ստույգ բնաջնջել են  հայերիս…Սա մարդասիրությո՞ւն է, թե՞քաղաքական տկարամտություն…Միևնույն է, քեզ Նոբելյան մրցանակ չեն տա քո «խաղաղասիրության» համար:

Էս ի՞նչ ես անում, Նիկո՛լ Փաշինյան: 

Ես չգիտեմ, թե որքան է մեզ արժենալու այս օժանդակությունը Թուրքիային, բայց այդ գումարով կարելի էր մեր բանակին օգտակար տեխնիկա ձեռք բերել: Դու քո ժողովրդին հարցրեցի՞ր, որ մեր ոխերիմ ու դաժան թշնամուն օգնում ես…Հա՜,մոռացել եմ, քեզ ինչ-որ զանգված պողպատե մանդատ է տվել…

Էդ մանդատը թշնամու ժողովուրդը չի տվել քեզ,Նիկո՛լ Փաշինյան,աշխարհը ,թշնամին էլ նրա հետ մեզ վրա ծիծաղում են…

Բայց ես և ինձ պես շատ հայեր չենք կարող սա հանդուրժել…

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս