Մեղադրելու չէ

Մեղադրելու չէ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բազմաթիվ սխալներից մեկը ժամանակին Փաշինյան Նիկոլին փիառի գծով խորհրդականի պաշտոնին չնշանակելն էր: Դրանով, նախ, որոշակիորեն կբավարարվեին վերջինիս իշխանատենչ ամբիցիաները: Եվ երկրորդ՝ դա թույլ կտար Փաշինյանին ամբողջությամբ ներառել պետական կառավարման համակարգ՝ դարձնելով դրա մի մասը: Ինչի շնորհիվ 2017 թվականին դժվար թե նա գնար խորհրդարան, իսկ մեկ տարի անց էլ վերածվեր փողոցային առաջնորդի: Իսկ հետո էլ իր կողմից որպես բեռ ընկալվող Արցախը բազմահազար երիտասարդների կյանքի ու առողջության գնով հանձներ թշնամուն: Իսկ վերջինս էլ, չբավարարվելով դրանով, աչքը տնկեր բուն ՀՀ տարածքների վրա: Բայց հասկանալի է, որ ասվածը «եթե»-ների շրջանակից է, իսկ պատմությունն էլ այդ տրամաբանությամբ չի շարժվում: 
Իսկ ո՞րն էր պատճառը, որպեսզի նման մտքեր այցելեին ձեզ՝ կհարցնի ընթերցողը:

Պատասխանեմ՝ Կոռուպցիայի ընկալման 2022 թվականի հայաստանյան համաթվի նվազման առումով կառավարության հերթական նիստի ժամանակը համարյա ամբողջությամբ այդ հարցի քննարկմանը նվիրելը: Ինչին նախորդել էր Ազգային Ժողովում տվյալ հարցի վերաբերյալ նրա խոսքն առ այն, որ «բոլոր հնարավոր ձևերով բոլոր ռեյտինգներում պետք է ունենանք առաջընթաց: Այն փաստը, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային ռեյտինգներում թեկուզ փոքր հետընթաց ենք ունենում, բացարձակապես անընդունելի է…»: Իհարկե, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի օրոք վարկանիշների նկատմամբ իշխանությունն անտարբեր էր: Բայց դա քաղաքականության մակարդակի խնդիր չէր, քանի որ փիառը քաղաքականության նպատակ չէր: Այն, ինչ առկա է 2018 թվականի մայիսից այս կողմ և ինչը ԱԺ-ի հարց ու պատասխանի ընթացքում խոստովանել էր ինքը:

Այդ օրը հերթական անգամ բացահայտվեց, որ վարչապետության 5-րդ տարին բոլորող Փաշինյան Նիկոլը չի կարողացել դուրս գալ լրագրողական մակարդակից: Ինչն, ի դեպ, արձանագրվել էր դեռևս մեկ-երկու շաբաթ առաջ «Հրապարակի» կողմից՝ երբ վերջինս այցելում էր պետական գերատեսչություններ՝ նրանց աշխատանքի նախորդ տարվա կատարողականը գնահատելու նպատակով: Դրանցից մեկի աշխատակիցը թերթի լրագրողի հետ կիսվել էր իր տպավորությամբ՝ ձևավորված Փաշինյանի կողմից տրված հարցերի կապակցությամբ: Ազգային ժողովում ևս տեղի ունեցավ նույնը. կոռուպցիայի գծով միջազգային վարկանիշում Հայաստանի գրանցած դիրքի վատթարացումը նրա կողմից մեկնաբանվեց որպես լրատվամիջոցների հրապարակումների դերակատարության արդյունք: Եվ դրանց արձագանքման առումով շեշտը դրվեց ոչ թե չինովնիկներին պատժելու, այլ ԶԼՄ-ներին «քաղաքացիական հայցով» հետևողական հետապնդելու վրա՝ եթե հրապարակումը ճիշտ չէ: Սերժ Սարգսյանի օրոք, ի դեպ, հանրային մակարդակով շեշտը դրվում էր հենց պաշտոնյաններին պատժելու վրա: Թե ինչ աստիճանով էր այն իրականացվում՝ դա արդեն այլ հարց է: Լրագրողներին ու ԶԼՄ-ներին ևս փորձում էին հետապնդել, բայց հետևողականորեն պատժելու մասին խոսք չէր գնում: Ինչի վկայությունը կարող է տալ հենց «Հրապարակը»:

Վստահաբար, վարկանիշի նվազման իրական պատճառների չիմացությունն էր պատճառը, որ նրա կողմից կառավարության նիստին հրավիրված փորձագետը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց կոռուպցիայի ընկալման համաթվի ձևավորման գործընթացը: Ինչում, բնականաբար, լրատվանիջոցների հրապարակումների ուղղորդիչ դերն իսպառ բացակայում է: Ինչու վստահաբար, որովհետև վարչապետ կարգվելուց հետո կենտրոնի փորձագետները (դա որպես կենտրոնի նախկին աշխատակից եմ ասում) բազմիցս հանդիպել են նրա հետ՝ ներկայացնելով թե՛ համաթիվը և թե՛ հակակոռուպցիոն պայքարի մնացած գործիքակազմը: Բայց դե մարդը շուրջ հինգ տարի վարչապետի աթոռին բազմելով՝ մի աստիճան անգամ չբարձրացավ լրագրողական մակարդակից:

Միակ բանը, որ ստացվեց նրա մոտ, դա փիառն է, ինչը շատ հարցերում առնչվում է հենց լրագրության հետ: Այնպես որ, ինչպես ասվում է, մեղադրելու չէ… Հատկապես, որ բազմաթիվ այլ հարցերում է ինքը մեղադրվելու վարչապետի աթոռը կորցնելու հետո: Ինչն ինքը շատ լավ է գիտակցում, ու այդ պատճառով էլ իր ողջ էության կառչել է դրան: