Ո՛չ եկեղեցին է անձեռնմխելի կառույց, ո՛չ էլ Գարեգին 2-րդն է «սրբազան մասունք»

Ո՛չ եկեղեցին է անձեռնմխելի կառույց, ո՛չ էլ Գարեգին 2-րդն է «սրբազան մասունք»

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն այսօր ի պաշտպանություն Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի, հանդես է եկել հայտարարությամբ։ Երբ  ծանոթանում ենք այդ հայտարարության տեքստի հետ, հարցեր են առաջանում։ Արտահայտված որոշ տեսակետներ ընդունելի են, որոշներն են վերապահումներ են առաջացնում։ Նախ, այն, որ հայտարարությունից տպավորություն է ստացվում, որ Առաքելական եկեղեցու կամ դրա ղեկավարի քննադատությունը բացասաբար է ընկալվում հատուկ պահեստազորային ԱԱԾ-ականներին ներկայացնող ՀԿ-ի կողմից։ Ոչ Եկեղեցին է անձեռնմխելի կառույց, ոչ էլ Գարեգին 2-րդն է «սրբազան մասունք», որպեսզի դուրս լինի քննադատությունից։

Ընդհակառակը, առողջ քննադատությունը, առկա մտոհոգությունների բարձրաձայնումը մշտապես օգտակար երեւույթ է։ Քննադատությունից, կարծիքների բազմազանությունից եւ տեսակետների բախումից ու քննարկումներից է ծնվում ճշմարտությունը։ Դրանց բացակայությունը առաջացնում է լճացում եւ ճահճացում, ինչը ոչ միայն Եկեղեցու կամ կաթողիկոսի, այլ առհասարակ որեւէ կառույցի կամ առաջնորդի համար կարող է դառնալ կործանարար։ Ինչ-ինչ, բայց պահեստազորային ԿԳԲ-շնիկները պետք է որ իմանան, թե խորհրդային կայսրության կործանման մեջ ինչ դերակատարություն ունեցավ քննադատական մտքի բարձրաձայնումը եւ ինչ է նշանակում «բրեժնեւյան լճացում» արտահայտությունը։ Այս համատեքստում անհասկանալի է դավադրապաշտությամբ «բուրող» թեզը «օտարի շահերը սպասարկող ուժերի» վերաբերյալ։

Այս ամենով հանդերձ, համամիտ ենք, որ այո, Եկեղեցին ունի իր ներսում խնդիրներ եւ խոցելի տեղեր, եւ Եկեղեցին ինքը պետք է նախաձեռնի տեսանելի փոփոխություններ, ազատվի վարկաբեկման առիթներից, պարզ ու շիտակ խոսքով ժողովրդին ներկայացնի կուտակված խնդիրները եւ պատրաստակամություն հայտնի լուծումներ որոնելու եւ գտնված լուծման ուղիները կյանքի կոչելու հետ կապված։ Բոլորի համար, անկախ այն հանգամանքից, հավատացյալ ենք թե ոչ, «առողջ Եկեղեցին» կարեւոր ինստիտուտ է որպես ազգային-կրոնական հաստատություն, որպես հանրային ինստիտուտ։ Այո, գուցեեւ քննադատությունը կարող է լինել այսպես ասած՝ «ընկալյալ բառապաշարի» շրջանակից դուրս, սակայն «ոչ ընկալյալ» բառապաշարից այն կողմ, մոտիվացիան է, իսկ մոտիվացիան մեկն է՝ ունենալ «առողջ Եկեղեցի», որը զերծ լինի ավելորդ քաղաքականացվածությունից, զբաղվի ազգային-պետական շահերի պաշտպանությամբ եւ առաջմղմամբ, ինչպես նաեւ՝ իր հիմնական կրոնական առաքելությամբ։ Համամիտ ենք, որ կաթողիկոսին հրաժարականի դրդելու, պարտադրելու իրավունք որեւէ մեկը չունի։ Կաթողիկոսն ինքը պետք է ազատակամորեն, իր խղճի մտոք որոշումներ կայացնի։

Սակայն նաեւ չպետք է մի կողմ դնել Եկեղեցում առկա ներքին իրավական կարգավորումների շրջանակներում առկա լուծումները՝ կաթողիկոսի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, ընդունելով, որ կան բացառիկ դեպքեր, որ այդ ընթացակարգերը կարող են գործադրվել, կիրարկվել։ Իսկ առհասարակ, շատ ուշագրավ է, որ այն կառույցի պահեստազորայինները, որը իրավահաջորդն է հանդիսանում Եկեղեցու եւ կրոնի թիվ մեկ թշնամին հանդիսացող սովետական եւ սովետահայ ԿԳԲ-ի, սկսել է հանդես գալ կաթողիկոսի պաշտպանությամբ։