Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն հավաքվում են

Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն հավաքվում են

Մենք արդեն գրել էինք, որ այսօր Գյումրիում ռուսաստանյան զորամասերից մեկի մոտ՝ Շիրակացի փողոցում, նախատեսվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ բազայի զինծառայողների կողմից կատարվող հանցագործությունների:

Նշենք, որ հենց այս օրը` 2015թ-ի հունվարի 12-ին, ռուս ժամկետային զինծառայող Պերմյակովը սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը: Հատկանշական է, որ հենց այդ օրն էլ լրանում է պայմանագրային զինծառայող Ռազգիլդյայեւի կողմից դաժան ծեծի ենթարկված, փողոցը մաքրող 57-ամյա Ջուլիետա Ղազարյանի մահվան 40 օրը:

Այս պահին Գյումրու Մայր Հայաստան արձանի մոտ են հավաքվում բողոքի ակցիայի մասնակիցները։ Թեպետ շատ չեն, բայց թիվը կավելանա։ Այստեղ է նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ում խոսքով կարվի ամեն բան, որ 102 ռազմաբազան կրկնակի վերահսկողության տակ վերցվի։

Ըստ ակցիայի մասնակիցների, այսօր ավելի շատ իրենք հարգանքի տուրք են մատուցելու, քան աղմկելու ու աղաղակելու։ Բայց անելու են ամեն բան, որ իրենց խոսքը հասնի ՌԴ և ՀՀ իշխանություններին:

Նշենք, որ նանք ՀՀ իշխանություններին ներկայացնելու են հետևյալ պահանջները: 

1. Հատուկ հսկողության տակ առնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայանները ամբողջ շրջագծով, անհրաժեշտության դեպքում կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալարացանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերակային եւ գիշերային տեսահսկող խցիկներով, անընդմեջ հսկել այդ տեսախցիկներից եկող ազդանշանները հատուկ հսկիչ կենտրոնում եւ այդ պատնեշների խախտումների կամ չարտոնված հատումների դեպքում օպերատիվ խափանման եւ վնասի սահմանափակման գործողություններ ձեռնարկել:

2. Հատուկ մեխանիզմ գործարկել ՌԴ զորամասերից ելումուտը վերահսկելու համար, հսկիչ կետերի մոտ պարեկային շուրջօրյա ծառայություններ նշանակել, որոնց պարտականությունը պետք է լինի ելումուտի ստուգումը: ՌԴ զորամասերից անզեն եւ զինյալ ելումուտը, տեղաշարժը, զորաշարժը արտոնել միայն նախնական իրազեկման եւ ՀՀ կողմից (ոստիկանություն, ՃՈ կամ ՌՈ) ուղեկցման դեպքում: Առանց նախնական իրազեկման ելումուտը, զորաշարժը համարել անօրինական եւ խափանել համաչափ ուժի գործադրմամբ: Զորամասերից զինծառայողների փախուստի կամ տեխնիկայի առանց արտոնման կամ ապօրինի ելքի փաստի բացահայտումից հետո մինչեւ բացահայտումը անհապաղ տեղեկացնել հանրությանը:

3. ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների ազատ բնակեցման տարածքներում (Զին ավան՝ «8-րդ» թաղամաս, Գյումրի, եւ այլն) հատուկ շուրջօրյա պարեկային ծառայություն մտցնել (Ոստիկանություն կամ ՌՈ):

4. Բանակցել ՌԴ իշխանությունների/բազայի հրամանատարության հետ, բազայից եկող վտանգների վերացման այլեւայլ մեխանիզմների մասին եւ վերամշակել այս եւ այլ մեխանիզմները այն հաշվով, որ ռիսկերը վերացվեն: Անհրաժեշտության դեպքում այդ գործում ներգրավել անկախ փորձագետների:
Մի քանի կետից բաղկացած պահանջ էլ ներկայացնելու են ՌԴ իշխանություններին:

Դրանք են՝

1. Հատուկ ստուգումներ իրականացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական եւ առողջական վիճակը, նյութական ապահովվածության, կեցության եւ սննդի, կանոնադրական հարաբերությունների, ֆինանսատնտեսական վիճակը, բացահայտել խնդիրները եւ լուծել դրանք:

2. Ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը: Ուժեղացնել եւ ամրացնել զորամասերի, հրաձգարանների, վարժատարածքների հսկողությունը, պարիսպները, պատնեշները եւ անցակետերը, իսպառ բացառելով դրանցից զինծառայողների փախուստը, կամ քաղաքացիների ներթափանցումը: Ազատական ստացող ժամկետային զինծառայողներին մինչեւ զորամասերի տարածքը լքելը բժշկահոգեբանական զննության ենթարկել: Զորամասը զինծառայողների կողից առանց արտոնման կամ ապօրինի լքելու փաստի բացահայտումից հետո անհապաղ տեղեկացնել ՀՀ իշխանություններին:

3. Ուսուցողական ջանքեր ներդնել զինծառայողներին ծանոթացնելու համար այն ժողովրդին եւ երկրին, բնակավայրին, որտեղ իրենք գտնվում են:

4. Ստուգայցեր կազմակերպել զորամասերից դուրս բնակվող պայմանագրային զինծառայողների բնակարաններ, ծանոթանալ բնակության պայմաններին, իսկ խնդիրների բացահայտման դեպքում հրատապ միջոցառումներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու եւ հնարավոր վնասները կանխելու համար:

Մանրամասներն՝ ավելի ուշ: