Նկատո՞ւմ ենք, որ Արցախի շուրջ կառքը տեղափոխվում է ձիուց առաջ 

Նկատո՞ւմ ենք, որ Արցախի շուրջ կառքը տեղափոխվում է ձիուց առաջ 

Սկզբից եւեթ ասեմ, որ ես չունեմ ռազմական որեւէ գիտելիք, ռազմագիտության ասպարեզի իմացություն կամ դրա հավակնություն, անկեղծորեն՝ չեմ էլ հիշում, որ իմ կյանքում Բոնապարտի հուշերից եւ Կեսարի «Քաղաքացիական պատերազմների» հատվածներից այն կողմ ռազմական թեմայով որեւէ նյութ կարդացած լինեմ: Հետեւաբար, ինձ թույլ չեմ տա այդ մասին երբեք ո՛չ նյութ գրել, ո՛չ էլ նույնիսկ դատողություն անել: 

Փոխարենը ես գիտեմ միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն, որովհետեւ իմ կյանքում տասնյակ ու տասնյակ, վստահաբար` հարյուրից ավելի դեսպանների, բարձրաստիճան դիվանագետների, նախարարների հետ եմ ծանոթ եղել, զրուցել, հարցազրույցներ վարել` Իրանից, Եգիպտոսից, Իսրայելից մինչեւ Եվրապառլամենտ, EEAS, Լորդերի պալատ, ԱՄՆ պետդեպ եւ այլն: Չասելով այլեւս, թե քանի հարյուր, երեւի հազարից ավելի հոդվածներ գրած կլինեմ միջազգային հարաբերությունների թեմաներով: 
Այդքանով էլ քաղաքական-դիվանագիտական կտրվածքով միջազգային իրադարձությունները կարող եմ քննարկել, եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկա բախման մի ռակուրս ինձ կարեւոր է թվում այնքան, որ ճիշտ եմ համարում բարձրաձայնել: 

Ներկա բախումների կռվախնձորը` Ֆիզուլի եվ Ջեբրաիլ

Ինչո՞ւ է Ադրբեջանը սանձազերծել ներկա ռազմական արշավը: Զգացական ճառերը մի կողմ թողած (որովհետեւ դրանք այս պարագայում արժեք չունեն) բանականության հարթությունում, բոլոր հայտարարությունների, ենթադրությունների, մեկնաբանությունների թվից, որ ինձ հանդիպել է անցնող շաբաթվա ընթացքում, ընդամենը մեկ ենթադրություն է ինձ իրականությանը մոտ եւ հավատարժան թվացել, այն է` Ադրբեջանի ծրագիրը ներկա պատերազմում նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող եւ Իրանին սահմանակից երկու շրջանների` Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի գրավումն է: Ադրբեջանի հաշվարկը այդ երկու շրջանների գրավումից հետո հրադադարի գնալը եւ արդեն նոր իրականությունում մնացյալ շրջանների շուրջ բանակցելն է: Որքան հիշում եմ՝ սեպտեմբերի 28-ին BBC-ի հետ զրուցած think-tank-երի ներկայացուցիչներից, թե դիվանագիտական աղբյուրներից մեկն էր դա ասել:

Ասվածը շատ հավանական է, քանի որ նման սցենարը բացատրում է ե՛ւ Թուրքիայի ներգրավումը, ե՛ւ Իսրայելից զենքի մատակարարումը, ե՛ւ Միացյալ Նահանգների գրեթե բացակայությունը զարգացումների թատերաբեմից, ե՛ւ Ռուսաստանի պաուզան ու չմիջամտելը: Ավելի քան հնարավոր է, որ Ադրբեջանն Իսրայելին եւ Իրանի հետ հակառակորդ այլ երկրների խոստացել է, որ Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի գրավումից հետո նրանց լրտեսական ծառայություններն այդ տարածքներում մուտքուելք կունենան: Քանի որ Ֆիզուլին եւ Ջեբրաիլը Արցախի շուրջ հաստատված բուֆերային գոտու մաս են, անմարդաբնակ, տեղ-տեղ՝ գուցե ականապատ, այդտեղ տեւական ժամանակ որեւէ ռեալ պետական իրավազորություն չի կարող գործել, ինչն էլ թույլ կտա Ադրբեջանին դրանք որպես черная дыра օգտագործել:

Ամեն պարագայում, պահի օբյեկտիվ եւ փաստական իրականությունն այն է, որ Ադրբեջանի կենդանի զինուժը կենտրոնացած է եւ պատերազմում է Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի ուղղությամբ: ԼՂՀ-ի բնակելի շրջանները հրթիռակոծվում են, հայկական ուժերը ջլատելու համար Արցախի հյուսիսում էլ է ճակատ բացված, բայց բուն պատերազմն ընթանում է Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի հանդեպ վերահսկողության համար: Չավուշօղլուն անձամբ Բաքու թռավ, Պոմպեո-Դրիան-Լավրով հայտարարությանը հետեւած հրադադարը խախտելու դրդեց, հայկական կողմի գնահատմամբ՝ Ադրբեջանի ռեզերվային ուժեր ասպարեզ նետվեցին. որտե՞ղ… Ֆիզուլի-Ջեբրաիլի ուղղությամբ:
Թվում է, հայրենասիրության եւ թուրքատյացության ճառերից այն կողմ հայկական կողմը երկու բանական պատճառ եւ մոտիվացիա ունի Ֆիզուլիի կամ Ջեբրաիլի համար պատերազմելու: Դրանցից առաջինը եւ որոշիչն Արցախի ժողովրդի, հողի եւ հայկական պատմամշակութային ժառանգության անվտանգությունն է: Ի վերջո, Ֆիզուլին էլ, Ջեբրաիլն էլ ժամանակին նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնված Ադրբեջանական ՍՍՀ այն շրջաններից են, որոնք Արցախյան պատերազմի ընթացքում հայկական ուժերը հսկողության տակ են վերցրել՝ բուն ԼՂԻՄ-ի անվտանգությունը ապահովելու համար: Դրանք ԼՂԻՄ-ի տարածքի անվտանգության երաշխավորման համար 90-ականներին ձեւավորած բուֆերային գոտու մաս են, ինչի պատճառով էլ քառորդ դարում այդտեղ չեն հիմնադրվել բնակավայրեր, չկա բնակչություն, ենթակառուցվածքներ եւ այլն: 
Երկրորդ բանական մոտիվացիան այն է, որ հայկական կողմում բոլորն էլ, եւ ոչ առանց հիմքի, Իլհամ Ալիեւին համարում են սրիկա` կիրթ, թե անկիրթ, որին եթե հայկական կողմից տարածք զիջեն, ուղղակի նոր պատերազմի դուռ կբացեն: Շատ չանցած՝ Ալիեւը կգա հաջորդ տարածքի ետեւից: Այժմ տեսնենք, թե 1990-ականներից ձեւավորված այս ստերեոտիպերն ինչ հարաբերակցության մեջ են 2020թ. իրականության հետ: 

Անվտանգության գոտի, որ այլեւս չունի այդ ֆունկցիան 

Որքան առիթ եմ ունեցել լսելու, եւ ես միանգամայն հավատում եմ դրան, 1990-ականների պատերազմի ժամանակ հայկական կողմը Արցախի շուրջ անվտանգության գոտի է ձեւավորել ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի շրջանները որեւէ մեկին պետք էին, այլ որովհետեւ տեղանքի ֆիզիկական աշխարհագրությունից ելնելով՝ առանց շրջակա այդ շրջանները, այդ թվում` Ֆիզուլին եւ Ջեբրաիլը, հսկողության տակ առնելու շատ դժվար, եթե ո՛չ անհնար կլիներ Ղարաբաղի բնակչությունը, տարածքները, ենթակառուցվածքներն Ադրբեջանի ասպատակություններից պաշտպանել: Այդպես է եղել քառորդ դար առաջ` այն ժամանակ մղվող մարտերի, ունեցած սպառազինության, ռազմական գործողությունների բնույթի թելադրանքով: Բայց քառորդ դար անց այլեւս այդ իրողությունները չեն գործում։ 

Ինչպես ամենքը տեսան անցած տասն օրերին, այլեւս ցամաքով տեղաշարժվել հարկավոր չէ, որպեսզի, դիցուք, ադրբեջանցիներն ավերածություններ գործեն եւ մարդկանց տեղահանեն Ստեփանակերտից, կամ Արցախի ուժերը հրթիռակոծեն եւ մարդկանց կոչ անեն հեռանալ Գյանջայից կամ Թերթերից: Ֆիզիկապես տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա գտնվելով՝ կարելի է ռազմական օդուժով, համազարկային կայաններով, հրթիռակոծումով ավերածություններ գործել եւ մարդկանց տեղահանել: 

Իհարկե, ո՛չ Ադրբեջանի հրթիռակոծումներն ու ավերածությունները որեւէ կերպ Ադրբեջանին մոտեցրին Ստեփանակերտին, ո՛չ էլ, ասենք, Գյանջային հասցված հարվածներն ու քաղաքացիական բնակչության դուրս գալը որեւէ կերպ արցախցիներին կմոտեցնեն պատմական Գանձակին: Հարցն այն է, սակայն, որ սպառազինության արդիականացումն ու ներկա մակարդակն ամենքի աչքի առջեւ հաստատեցին օբյեկտիվ մի իրողություն՝ բուֆերային գոտին այլեւս չի ապահովում Ստեփանակերտի ու Արցախի մյուս բնակավայրերի անվտանգությունն ու խաղաղությունը: Ներկա պահին նույնիսկ հակառակ վիճակն է` այդ բուֆերային գոտու մի հատվածի վերահսկողությանը հասնելու համար Ադրբեջանը ռազմաճակատի է վերածել Ստեփանակերտը: 

Արդյունքում ներկա սպառազինությունները եւ պատերազմական գործողությունների բնույթը գործնականում չեզոքացրել են նախկին ԼՂԻՄ-ի շուրջ հաստատված բուֆերային գոտու անվտանգային բաղադրիչը: Բնականաբար, այդ գոտին կունենա նաեւ այլ ֆունկցիաներ, բայց անվտանգության խնդիր այլեւս չի լուծում: Սա պետք է հասկանալ: Ժամանակը եւ փոխվող իրողությունները կառքը հետզհետե տեղափոխում են ձիուց առաջ: 

Մի դեպքում՝ տարածք, մյուսում` հրդեհի հումք 

Բուֆերային գոտու եւ մասնավորապես Ֆիզուլիի հանդեպ վերահսկողություն պահելու երկրորդ մոտիվացիան այն է, որ Ալիեւը սրիկա է, եւ եթե նրան որեւէ տարածք վերադարձնես, շատ չանցած՝ նոր պատերազմ կսկսի հաջորդ տարածքի համար: Ընդհանուր առմամբ, դա հիմնավորված ընկալում է, բայց միայն՝ ընդհանուր առմամբ: Որովհետեւ մասնավորապես Ֆիզուլին տարածք է Արցախի վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանի վերահսկողության ներքո կարող է հրդեհի հումք դառնալ: 

Դիցուք, ո՞րն է Իսրայելի շահագրգռությունը, ինչո՞ւ է Իսրայելն այդքան սպառազինություն տրամադրում Ադրբեջանին: Որովհետեւ Իսրայելի համար կենսական շահագրգռություն է Իրանի սահմաններին մոտ ունենալ տեխնիկական հենակետեր եւ Մոսսադի անցուդարձ: Դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե Ադրբեջանը Ֆիզուլիի ինչ-որ մասի հանդեպ վերահսկողության հասնի եւ թույլ չտա Իսրայելին այնտեղ մուտք ու ելք հաստատել: Այդ դեպքում գուցե ոչ միայն սպառազինության մատակարարումը կորցնի, այլեւ երդվյալ թշնամի ձեռք բերի միջազգային հարթակներում: 

Իսկ եթե Բաքվում հանկարծ խելագարվեն այնքան, որ իրոք Իսրայելի համար հետախուզական միջանցք բացեն դեպի Իրանի սահման, այդ դեպքում Իրանն իր al-Quds-ով ու շիա հոգեւորականությամբ Ադրբեջանն այնպես իրար կխառնի, որ ալիեւյան կլանի գահընկեց լինելուց զատ, առհասարակ երկրի աշխարհիկ կարգերը կարող են տապալվել: Ինձ նույնիսկ թվում է, որ Ադրբեջանը Թուրքիային այդքան ակտիվորեն խառնել է այս ռազմական կամպանիային, որպեսզի Ֆիզուլիիի կամ Ջեբրաիլի հնարավոր գրավման դեպքում հետագա խոսակցություններն Իսրայելի, Իրանի եւ մնացյալ երկրների հետ վարի Անկարան: Ի վերջո, ինչ երաշխիք, որ, ասենք, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, այլ խաղացողների էլ Իրանի հետ սահմանը չի հետաքրքրի: 

Հասկանալիորեն, որքան շատ երկրներ Ադրբեջանի տարածքում սեփական շահեր հետապնդեն ու միմյանց բախվեն, այնքան վատ Ադրբեջանի համար, իսկ որքան վատ Ադրբեջանի համար, այնքան լավ Հայաստանի ու Արցախի համար: Դա նշանակում է, որ եթե բուն Արցախի շուրջ ձեւավորված բուֆերային գոտում կա այնպիսի հատված, որն ավելի շատ խնդիր կստեղծի Ադրբեջանի համար, եթե գտնվի ադրբեջանական վերահսկողության ներքո, քան ներկա կարգավիճակում, չարժե՞ մտածել բուֆերային գոտու ամեն մետրի համար պատերազմելու նպատակահարմարության մասին (ամեն մետրի համար պատերազմելու ողբերգությանը, զոհաբերվող քսանամյա երիտասարդներին, անսփոփելի մարդկային վշտին չեմ անդրադառնում` զգացական հարթություն չտեղափոխվելու համար): 

Սակայն երկրով մեկ տարփողվող մի մոլորության կամ պատրանքի անհնար է չանդրադառնալ` սա վերջին պատերազմը չէ: Ցավոք, այս պատերազմական գործողությունները որ պահին եւ ինչ արդյունքով էլ ավարտվեն, Ֆիզուլին եւ Ջեբրաիլն ում վերահսկողության տակ էլ մնան, դրանով նոր պատերազմը չի կանխվի: Ինչո՞ւ: Որովհետեւ վայրագ, կարճատեւ եւ պարբերական պատերազմներով ԼՂՀ-ի շուրջ եղած ստաուս-քվոն կազմաքանդելն Ալիեւի չթաքցվող ստրատեգիան է, իսկ պատերազմները կանխելու կամ դադարեցնելու միջոցները, ինչպես միշտ, այնպես էլ այսօր դիվանագիտական հարթությունում են` երբեք ոչ ռազմական: Սա պետք է գիտակցել եւ ըստ այդմ գործել: Աչքերը փակելով, գիտակցությունը խցանելով, հայրենիքի համար զոհվելով ու զոհաբերվելով խնդիր չի լուծվի: Այս հակամարտությունն իրոք ռազմական լուծում չունի: Մնում է, որ դա բարձրաձայնողները՝ այսօրվա իշխանության մեջ, թե նախկինների թվից, իրենց ասածը գիտակցեն եւ չերեւակայեն, թե Սարդարապատում են` դրանից արտածվող սխալներով: