Սա վեցերորդ սերնդի պատերազմ էր

Սա վեցերորդ սերնդի պատերազմ էր

Կապիտուլյացիա ընդունած կամ, ինչպես Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն է ասում, Ալիեւի կոշիկները համբուրած իշխանության տարբեր դեմքեր շարունակում են արդարացնել իրենց առաջնորդին։ Ասում են՝ սա 5-րդ սերնդի պատերազմ էր, մի կողմը պիտի պարտվեր, եւ այդ կողմը մենք ենք եղել, իսկ Լենա Նազարյանը հաստատում է՝ հողերը պատերազմում են կորսվել։ Հաստա՞տ…։ Երեւի Շուշին ու Հադրութն էլ կորսվեցին թեժ մարտերի ընթացքում, ձեր հայտարարած 5-րդ սերնդի պատերազմի արդյունքում։

Սա 5-րդ սերնդի պատերազմ չէր, տիկին Նազարյան եւ մյուսներ, որովհետեւ 5-րդ սերնդի պատերազմը միջուկային պատերազմն է։ Սա ԱԹՍ-ներով ու գերճշգրիտ սարքերով պատերազմ էր, որին պետք է պատրաստ լինեիք, եթե հույսներդ չդնեիք ստի ու «փափուկ բարձի» քաղաքականության վրա։ Ռազմարվեստի պատմության դասագրքերից իմանում ենք, որ նախամարդկանց ցեղախմբերի միջեւ բախումների ժամանակ օգտագործվում էին ձեռքի տակ եղած միջոցները՝ քար, փայտ, նիզակ, նետուաղեղ։ Սակայն դա պատերազմ չի որակվում։

Առաջին սերնդի պատերազմները սկսվել են Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակում, երբ մարդը ստեղծեց մետաղական զենքեր՝ սուր, վահան, հանդերձանք։ Քրիստոսից հետո 12-13-րդ դարերում, երբ ստեղծվեց հրազենը, սկսվեցին 2-րդ սերնդի պատերազմները։ Հեռահար կրակի հնարավորություն տվող զենքերի հայտնագործումով մեկնարկեցին 3-րդ սերնդի պատերազմները։ Իսկ 4-րդ սերնդի պատերազմները տեղի են ունեցել ավտոմատ զենքերի հայտնագործումից հետո։
Մեր մոլորակը 1-4-րդ սերնդի պատերազմ շատ է տեսել։ 5-րդ սերնդի պատերազմ չի տեսել, եւ փառք Աստծո, քանի որ 5-րդ սերնդի պատերազմը միջուկային պատերազմն է։ Զինատեսակները, որոնցով 44 օր կրակեցին ու խոցեցին արցախյան երկրորդ պատերազմում, վերագրվում է 6-րդ սերնդին, որի հիմնական հայտանիշներն են հեռահար, գերճշգրիտ զենքերի կիրառումը, հակառակորդ զորքերի շփման բացառումը։ 

Այ, եթե մեր կառավարությունն ու բանակը նախապես պատրաստվեին, զինվեին, ինչպես թշնամին էր զինվել, եւ չզբաղվեին սուտ շոուներով, հիմա ողբալու փոխարեն մենք հաղթահանդես կանեինք․․

ՀԳ․ Ի՞նչ կարեւոր է, թե որ սերնդի պատերազմ է եղել, երբ երկիր ենք կորցրել, ջուրը ջաղացը տարել՝ չախչախի համա՞ր եք դարդ անում՝ կասեն մեզ։ Այո, երկիր ենք կորցրել, բայց պատճառը ոչ թե փախչող զորքն է եղել, ինչպես սիրում են ասել Հայաստանի եւ Արցախի ղեկավարները, այլ իրենց մեծախոսությունը, թշնամուն թերագնահատելու եւ նրան թույլ ու անկարող ներկայացնելու թեզը եւ, իհարկե՝ այն ահռելի չափերի հասնող սուտը, որը մատուցվել է հանրությանը եւ շարունակվում է նաեւ այսօր։ Չենք հաղթելու, քանի դեռ պետական մակարդակով սուտ են խոսում։