Փաշինյան. «Պատերազմը Շուշիի համար էր»

Փաշինյան. «Պատերազմը Շուշիի համար էր»

Այսօր որոշեցի ինձ դնել գրագետ նիկոլականի տեղը: Չնայած կասկածում եմ, թե կա՞, արդյոք, մարդ արարածի նման տեսակ բնության մեջ: Հատկապես Նիկոլի «գերագույն գլխավոր» հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո: Իհարկե, առկա է բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստացող՝ բարձր պաշտոններ զբաղեցնող որոշակի խավ: Խոսքը ոչ միայն կոնկրետ նիկոլական ուսապարկերի, այլև ավելի լայն շերտի մասին է: Բայց թե որքան է գրագետ այդ խավը՝ չեմ կարող ասել: Որովհետև չեմ առնչվել նրանց գրագետ աշխատանքի արդյունքներին: Եվ ոչ միայն ես, այլև բոլոր այն մարդիկ, ովքեր 2018-ի ապրիլից այս կողմ չեն կորցրել առողջ դատելու ունակությունը: Կան նաև պետական կառույցների ավելի ցածր կարգի աշխատակիցներ, ովքեր կարող են լինել գրագետ՝ նախորդ իշխանությունից Նիկոլին ժառանգված: Սակայն չեմ կարծում, թե նրանց թույլատրվում է հանդես բերել իրենց գրագիտությունը: Որովհետև եթե այդպես լիներ, ապա ինչո՞ւ է մեր երկրի ներքին և արտաքին իրավիճակն այդքան վատ: Մի խոսքով, թող ների ինձ ընթերցողը, սակայն որպես մտածող անհատ՝ ես ինձ թույլ եմ տալիս կասկածելու նիկոլական իշխանության ներկայացուցիչների գրագիտության մակարդակի առումով:

Ուշադիր ընթերցողը կարող է հակաճառել, որ հարցն այլ տիրույթում է: Նրանցից գուցե ոմանք կարող են ունենալ որոշակի և նույնիսկ միջինից բարձր գրագիտության մակարդակ: Բայց դրան արդեն անդրադարձա՝ ասելով, որ նրանց ձայնը չի լսվում: Իսկ երբ քո ձայնը չի լսվում, ապա ինքնահարգանքի առկայության դեպքում դու փորձում ես այն լսելի դարձնել և կամ հեռանում ես համակարգից: Այստեղ էլ կարող են ասել, որ մարդիկ ընտանիք են պահում: Եվ ինձ նմանների համար հեշտ է այդպես ասելը, քանի որ մեր ձայնը տաք տեղից է գալիս: Ասեմ, որ այդքան էլ այդպես չէ, քանի որ շուտով կլրանա երկու տարին, որ «վայելում» եմ ոչ պաշտոնական գործազուրկի կարգավիճակի «հաճույքները»:

Լավ, էսքան գրելուդ իմաստը ո՞րն է՝ կհարցնի ուշիմ ընթերցողը: Ո՛չ նորություն ասիր և ո՛չ էլ ինչ-որ լուրջ հանգամանք, որ կարդարացներ մեր կորցրած ժամանակը: Պատասխանում եմ՝ ասելիքս ներկայացված է հոդվածի վերնագրում: Եվ որպեսզի չչարչարվեք՝ այն կրկնեմ. «Պատերազմը Շուշիի համար էր»: Այո, սա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի՝ օրերս արտահայտված միտքն էր: Բնական է, որ դրանով ցանկացել է արդարացնել պարտության հանգամանքը: Իմա՝ մեր դեմ այդքան հզոր ուժ էր պատերազմում, որպեսզի մենք զիջեինք Շուշին՝ ադրբեջանաբնակ այդ քաղաքը: Իհարկե, Շուշին ոչ թե ադրբեջանաբնակ քաղաք էր, այլ Հարավային Կովկասի՝ հայկական տարածքների հայոց մշակութային կենտրոնը: Հայոց խորհրդանիշը: Ուղղակի 100 տարի առաջ մեր պատմական այդ բնակավայրը սրի քաշվեց թուրքերի կողմից ու վերածվեց ադրբեջանաբնակի: Դա՝ մեկ:

Երկրորդ և ամենակարևորը: Եթե պատերազմի նպատակը Շուշին մեր ձեռքից վերցնելն էր, ապա ինչո՞ւ չէր «գերագույն գլխավոր» հրամանատար կոչված անձը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին համաձայնվում պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկին: Ինչո՞ւ էր դեմ գնում թեկուզ ադրբեջանցիներով բնակեցվելիք Շուշին մեզ թողնելու առաջարկին: Չէ որ, եթե նման առաջարկ էր եղել, ապա այն նախապես համաձայնեցված պետք է լիներ Իլհամի հետ: Ո՞րն էր ավելի գերադասելին՝ որոշակի խնդիրնեորվ Շուշին հայկական պահելը, թե այն ամբողջությամբ կորցնելը: Իհարկե, հայկական տեսակետից առաջինը: Բայց նույն տրամաբանությամբ՝ թշնամու տեսակետից՝ երկրորդը: Դե հիմա մտածեք, թե որ տեսակետին էր «գերագույն գլխավորը»: Եվ զարմանալին այստեղ այն է, որ այս հասարակ վերլուծությունը չի կատարվել այդ անձի կողմից: Չի կատարվել նաև բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստացող՝ բարձր պաշտոններ զբաղեցնողների կողմից: Կամ էլ եթե նույնիսկ վերջիններիս ուղեղի ծայրով նման բան է անցել, ապա, ինչպես ասվեց, նրանց համարձակությունը չի բավարարել, որպեսզի ձայն-ծպտուն հանեն «ժողովրդավարության փայլուն աստղի» հիմնադրի այդ «գաղափարի» առնչությամբ: Եվ ասեն, որ ինքը սխալ է՝ ամբողջությամբ սխալ: