Այնպես է իջնում, ասես ինքնաթիռն իր ուսերի վրա է բերել

Այնպես է իջնում, ասես ինքնաթիռն իր ուսերի վրա է բերել

Ուշադիր նայեք՝ Նիկոլ Փաշինյանն ինչպես է ինքնաթիռի աստիճաններից իջնում ու ինչպես է հանդիպում Պուտինին։  

Մարդու կեցվածքը բնորոշում է նրա հոգեկան վիճակը։ Ինքնաթիռի աստիճաններից այնպես է իջնում, ասես ինքնաթիռն իր ուսերի վրա է բերել։ Ծալված, հոգնած, ոտքերն ասես ձգելով է տեղաշարժում։ Դա պարտված ու ինչ որ հարցեր դեռևս լուծելու պարտադրվածի քայլվածք է, որը առաջ է տանում իր ամբողջությունը։ Դեմքի հեզ ժպիտը, հեչ դիվանագիտական ժպիտի նման չի՝ վկայում է, որ ինքն իրեն բանակցող կողմ  չի համարում, ինքն իր վիճակին չի հավատում։ 

Իշխանության կողմից հղվող բոլոր  գրառումները, հաղորդումները, հայտարարությունները կարծես մի նպատակ ունեն՝ ապացուցելու հայ ժողովրդին, որ «Պուտինի խելքը գնում է Նիկոլի համար»։  «Բրյուսելյան և շատ այլ  տրյուկներից  հետո» Փաշինյանը փորձում է իր հայտարարություններով համոզել ժողովրդին, որ Պուտինը «ուղտի ականջում քնած մեկն է» և ոչ մի բանից էլ ոչ տեղյակ է, ոչ ուշադրություն է դարձնում։ Բայց դա համոզելն այնքան դժվար է, որովհետև, հոգեբանները կարող են վկայել, Նիկոլ Փաշինյանը Պուտինի առաջ մեղավորի կերպարից չէր կարողանում դուրս գալ։ Մեղավոր, լսողի ընչաքաղց հայացքով, մեղավոր ժպիտով․․․

Հայտարարություններն էլ երբ լսում ես, գոնե հրապարակվածը՝ տրաֆարետային, սովորական, ընդհանուր բնույթի կետեր են։ Ամեն ինչ կա, բացի կոնկրետությունից։ Ամեն ինչ կա, բացի  բուն թեմայից։ Ամեն ինչ կա, բայցի կրակի վրա մի բուռ ջուր լցնելուց ու հանգցնելուց։ Բայց դա կարևոր չէ Փաշինյանի համար, կարևորն այն է, որ ժողովուրդը լսում է, որ Պուտինը նրան ասում է, որ Ռուսաստանի և Հայաստանի կապերը խորանում են։ Բայց թե ինքը  ինչ կապ ունի  Հայաստանի ու Ռուսաստանի մեջ, այ էդ կապը չի զգացվում։