Հեռանալիս՝ տեղեկանք-2020 

Հեռանալիս՝ տեղեկանք-2020 

Հեռանալիս Արսեն Թորոսյանը առողջապահության նախարարության «Ամփոփում 2020» վերնագրով տեղեկանք էր պատրաստել։ Դրանում հակիրճ նկարագրվում է, թե ինչ է արել նախարարությունը 2020 թվականի բարդագույն տարում՝ Արսեն Թորոսյւանի գլխավորությամբ։

Ներկայացված են իրականացված աշխատանքները 3 ուղղություններով․ պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքար, երրորդ` մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնության կազմակերպում:

Պլանային միջոցառումներն՝ ըստ նախարարության, 2019 -ի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում: Տարվա ընթացքում կատարվել է 9960 վիրահատություն, նույն տարվա  փետրվարից գործում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Պետապատվերի շրջանակներում այս ծրագրով սպասարկվել է 746 պացիենտ: Ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը, որի նպատակն է հեռավոր մարզերում բնակչության առավել որակյալ շտապ բժշկական օգնության կազմակերպումը` պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը և Երևանի առաջատար բժշկական կենտրոններում մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպումը: Մինչ այժմ իրականացվել է 216 թռիչք:

2021 թվականին` 2020թ.-ի համեմատ շտապօգնության ծառայության բյուջեն ավելացել է 16,49 տոկոսով։ Ճառագայթային բուժում է տրամադրվել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների, ուշադրություն, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվողներին, բռնադատվածներին, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածներին, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածներին, մինչև 18 տարեկան երեխաներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց: 

Հաջորդը․ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։ 2019 թ օգոստոսից պետական պատվերի շրջանակներում ներդրվել է արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայությունը: 2020 թվականին ցանկն ընդլայնվել է և պետական պատվեր է տեղադրվել 7 բժշկական կազմակերպություններում, ընդ որում` 2-ը Երևանում, մնացածը` Արարատի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում:

Միաժամանակ, պալիատիվ բուժօգնության համար մահճակալներ են ծավալվել ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»: Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնում բացվել է հեմոդիալիզի բաժանմունք՝ 5 դիալիզային տեղով։ Ապա՝ «2020 թվականի փետրվարին եռամյա պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ: Պայմանագրի կնքման շնորհիվ` 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ-ում և Արցախում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան տրամադրվում է ինսուլին դեղերը: Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թվականի փետրվարից նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք է բերվելու 25 անվանում: Արդեն իսկ գնվել է 24 անուն ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար տրամադրվում են համապատասխան հիվանդներին»։ Արսեն Թորոսյանի պատրաստած տեղեկանքում չի շրջանցվել նաև հակակածխատոային օրենքը, որը ընդունել տվեց պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այսպես:

Կորոնավիրուս․ Արսեն Թորոսյանի պատրաստած տեղեկանքի համաձայն՝ համաճարակի զարգացման փուլերին համապատասխան արտակարգ իրավիճակների արձագանքման երկու մշակված և իրագործված պլանով՝ ինչ ասել չեն արել․ «Ապահովվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածելի և հաստատված դեպքերի, տնային օջախների, կազմակերպությունների համաճարակաբանական հետազոտությո՜ւն, կազմվել է կորոնավիրուսային հիվանդության համավարակի ընթացքում ՀՀ պետական սահմանի բոլոր անցակետերով մուտք գործած անձանց և ախտորոշված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների հետ շփված անձանց, ինչպես նաև ախտորոշումը հաստատված անախտանիշ կամ ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող անձանց հատուկ կարանտինային վայրերում շարունակական համաճարակաբանական դիտարկման ուղեցույցը, մեկուսացրել են կարանտինային վայրերում, նմուշառումներ արել, կարանտինային վայրում աշխատանքներ կազմակերպել, վերապրոֆիլավորում, սարքավորումների և ռեագենտների ձեռքբերում, մասնագետների վերապատրաստում․․․․ Մշակվել և ներդրվել են կորոնավիրուսային հիվանդության նմուշառման, բուժման, դուրսգրման վերաբերյալ ուցեցույցներ և հրամաններ: Կանոնակարգվել է «Շտապօգնության» ծառայության մեքենաների միջոցով (ներառյալ` վարորդ) շրջիկ բրիգադներով COVID-2019-ի կասկածով պացիենտների նմուշառման իրականացումը և տեղափոխումը:

Բժշկական անձնակազմին հատկացվել է անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ (դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոց): «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլը, ինչպես նաև կառուցվել է համակարգչային տոմոգրաֆիայի նոր մասնաշենք: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիան հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար: «Էրեբունի» բժշակական կենտրոնում ծավալվել է 40 մահճակալային ֆոնդ ունեցող նոր վերակենդանացման բաժանմունք: Առողջապահության նախարարության միջոցների հաշվին՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցը կառուցել և ծավալել է 140 մահճակալային ֆոնդով նոր բաժանմունք, որից 40-ը` վերակենդանացման համար: Արտերկրից Հայաստան են ժամանել 69 մասնագետ, որից 17-ը` Գերմանիայից, 18-ը` Ֆրանսիայից, 5-ը` Ռուսաստանից, 11-ը` Լիտվայից, 11-ը` Իտալիայից և 7-ը` Միացյալ Թագավորությունից, Ազգային մակարդում ստեղծվել է բժշկական կազմակերպություններում COVID-19-ով վարակված անձնակազմի տվյալների բազա»: 

Դեռ առանձին կանդրադառնանք Արսեն Թորոսյանի օրոք պլանային միջոցառումներով կատարված աշխատանքներին, իսկ այժմ լսենք, թե համաճարակաբան Էդուարդ Հովհանիսյանն ի՞նչ կարծիքի է ռազմական գործողությունների  ու համավարակի վերահսկողության մասով Թորոսյանի իրականացրած աշխատանքներին։

Նշենք, որ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ մինչև պատերազմը պատրաստած է եղել կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ զեկույց, որը պետք է հրապարակեին  հոկտեմբերի սկզբին, բայց պատերազմի պատճատով չեղարկել են։ Բժիշկ համաճարակաբանը նշեց, որ այժմ սպասում են վիճվարչության մահերի վերաբերյալ տարեկան տվյալներին։ «Մինչև սեպտեմբեր մենք այդ տվյալները վերցնում էինք իրենց կայքից, հիմա այլևս չեն տալիս», - ասաց Հովհաննիսյանը։ Նա այս պահին կարող է միայն ասել, որ ահավոր շատ է անհայտ ծագման թոքաբորբերից մահերի քանակը։ Ինչը նրա խոսքով՝ նշանակում է, որ գործ ունենք, չդիագնոզված քովիդ դեպքերի հետ, որոնք չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի օրոք ունեցել ենք կորոնավիրուսի 3741 մահ և Արսեն Թորոսյանը հեռանալիս խոստացել էր, որ մինչև ապրիլ կունենանք ևս 1000 մահ։

Էդուարդ Հովհաննիսյանն ասում է. «Ինչո՞ւ ես խոստանում, ո՞նց է հաշվարկել, սա ի՞նչ տեխնոլոգիա է, ո՞նց է հաշվարկում, «ապահովելու»․․․․արդեն ասել եմ, որ իր ամեն ասածին մեկնաբանություն տալն այնքան դժվար է, որովհետև չես հասկանում, նպատակն ինչն է»։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Արսեն Թորոսյանը գնահատել էր․ «Հակահամաճարակային շարժումը դանդաղ արդյունք է տալիս»: Հուլիսին այն իրավիճակն էր, որը Նիկոլ Փաշինյանն անվանեց՝ կորոնավիրուսային դժոխք։ Կորոնավիրուսի հետ կապված ևս մեկ հանգամանք, որն առնչվում է տեղական թեստերը, որի շուրջ  ամենաբարձր մակարդակով PR արվեց, թեպետ մասնագետները  ամենասկզբից տարակուսում էին, թե հնարավոր է Հայաստանում որակյալ թեստեր արտադրել։ Եվ ահա՝ «Հակահամաճարակային ալյանս» նախաձեռնության անդամ Էդուարդ Հովհաննիսյանը հարցնում է՝ ինչու՞ է հունվարի 14-ին Կառավարության նիստում, չզեկուցվող նախագծերի շարքում, կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը ավելի քան 2.5 միլիարդ դրամ հատկացված COVID-19-ի դեմ պայքարի գումարից (ի դեպ, ծախսերն իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով), 600 մլն դրամը նախատեսվում է օգտագործել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ին կատարված ծախսերը փոխհատուցելու համար»: Իսկ  գնված ապրանքների թվում պարզվում է100 հազար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստեր են։

Իսկ հիմա հարցադրում․ դեռ 2020թ ապրիլին հայտնի դարձավ, որ կառավարությունը տեղական թեստերի արտադրության համար արդեն 550 հազար դոլարի չափով հատկացում է կատարվելու, այնուհետև տեղեկություն տարածվեց, որ Կառավարությունը 100 հազար թեստ ստեղծելու համար ներդրել է մոտ 250 հազար ԱՄՆ դոլար, որը ծախսվել է անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու վրա: Մեկ թեստի արժեքը կազմելու էր 2․5-2․75 դոլար, այսինքն՝ 1200-1300 դրամ, իսկ ճշտության աստիճանը՝ 98-100%: Թեստերն արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենն էլ 2020թ. սեպտեմբերին հայտարարեց՝ հայկական արտադրության թեստերը որակապես չեն զիջում արտասահմանից ներկրվածներին։ Իսկ հիմա հարցադրում՝ եթե դա այդպես է, ապա անհասկանալի է, թե ինչու՞ չի շարունակվում տեղական թեստերի արտադրությունը, այլ դարձյալ գնվում են դրսից: Հայտարարվել էր, որ տեղական թեստերը մի քանի անգամ ավելի էժան են, քան չինական արտադրությանը: Ինչու՞ կառավարության ներդրումն ըստ էության արդյունավետ չի եղել և տեղական արտադրությունը չի զարգացվել, թեստի որակը՝ զգայունությունն ու սպեցիֆիկությունը չեն՞ համապատասխանել ներկայացվող պահանջներին, տեխնիկական խնդիրնե՞ր են առաջացել, թե՞ այլ բնույթի հարցեր են պատճառ դարձել:

Էդուարդ Հովհաննիսյանն ասում է՝ նախարարությունը առ այսօր չի հրապարակել, թե ավելի քան 600 հազար իրականցված թեստավորման համար քանի՞ թեստ է գնել, քանի՞սն է նվեր ստացել, քանի՞սն են եղել հայկական արտադրության և քանի՞ թեստավորում են իրականացրել մասնավոր սեկտորի լաբորատորիաները իրենց թեստերով: Չկա տեղեկատվություն, թե կոնկրետ քանի՞ թեստ իրականացվեց հայկական թեստերով, ո՞ր խմբերի շրջանում, ինչպիսի՞ արդյունքներով: