Վարչապետը փակեց բանակի թեման

Վարչապետը փակեց բանակի թեման

Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստում վարչապետ Փաշինյանը չափազանց ուշագրավ ընդգծում արեց միասնական անվտանգային տարածքի մասին: Առ այդ խնդիրը դիտարկվում եւ մատուցվում էր «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է» սկզբունքով: Ներկայումս շեշտադրվում է հայկական անվտանգային տարածքը՝ որպես թե ամբողջություն, թե միաժամանակ՝ տարածաշրջանային կայունության ապահովման գործոն, որը պետք է գլոբալ անվտանգության համակարգի մաս կազմի:

Սա բազմաշերտ եւ ծրագրային ուղենշում է, որ քաղաքագիտական եւ ռազմավարական համակողմանի քննարկման է արժանի: Դրանով թող պրոֆեսիոնալներն զբաղվեն: Ժամանակի տվյալ հատույթում, սակայն, տպավորություն է ստեղծվում, թե Նիկոլ Փաշինյանը որոշակի ուղերձ է հղում Արցախի քաղաքական դաշտի դերակատարներին: Գաղտնիք չէ, որ նախագահական ընտրապայքարի թոփ թեմա է բանակի եւ առհասարակ անվտանգության խնդիրը: Հայտարարելով, որ Հայաստանը եւ Արցախը միասնական անվտանգային տարածք են, վարչապետ Փաշինյանը, կարծես, նախագահի թեկնածուներին հորդորում է չշահարկել այդ հարցը՝ հասկանալի դարձնելով, որ այն լուծվում է բոլորովին այլ մակարդակներում եւ քաղաքական ու դիվանագիտական գործիքակազմով:

Այսպիսով, կարծես, Արցախում պետք է փակված համարել «ուժեղ բանակ+ ճկուն դիվանագիտություն»  եւ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» դիսկուրսը: Առաջին բանաձեւը Մայիլյան-Բաբայան դաշինքի, երկրորդը՝ ՀՅԴ նախընտրական քարոզչության հիմնասյունն է: Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստի հիմնական ուղերձն, այսպիսով, որեւէ մանիպուլյացիայի տեղ այլեւս չի թողնում: Արցախյան հանրության համար հասկանալի է դառնում, թե տեսանելի ապագայում բանակի եւ անվտանգության հարցերի ինչ լուծումներ եւ որտեղ են ծրագրավորվում: Նախընտրական այս ժամանակահատվածում, այսպիսով, վարչապետ Փաշինյանը փակեց Արցախի բանակի թեման:

Կա միասնական անվտանգային տարածք, կան միասնական հայկական զինված ուժեր, կա տարածաշրջանում կայունության պահպանման եւ գլոբալ անվտանգային համակարգում արժանի ներդրում ունենալու խնդիր, որի լուծումը պայմանավորված է տնտեսության արդիականացմամբ եւ ինտեգրացիայով եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմամբ եւ արդիականացմամբ: Գուցե պարզ զուգադիպությամբ, գուցե՝ խորհրդանշորեն, բայց ԱԽ համատեղ նիստին սինխրոն՝ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն Ասկերանում «Սպայկա» ընկերության եւ իտալացի գործարարների հետ քննարկել է Արցախի գյուղատնտեսության արդիականացման եւ զարգացման խնդիրները: