Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել, իսկ Բակո Սահակյանը ժամանել է Միացյալ Նահանգներ

Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել, իսկ Բակո Սահակյանը ժամանել է Միացյալ Նահանգներ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան հայտարարել է, որ Փարիզում իր երկրի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտաքին ոգրծերի նախարարությանը՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցի հետ:



«Մենք գտնում ենք, որ Ֆրանսիայի այդ քայլը լուրջ կասկածի տակ է դնում նրա օբյեկտիվությունը եւ անկողմնակալությունը»,- ասել է Աբդուլլաեւան եւ հիշեցրել, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծված է, որ Ֆրանսիայի կողմից «երկակի ստանդարտների կիրառումն Ադրբեջանին ստիպում է վերանայել այդ երկրի հետ [հարաբերությունները](https://haqqin.az/news/139910)»:



Նոյեմբերի 16-ին Արցախի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկատվություն է տարածել, որ նույն օրը Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ: Անցել է մեկ լրիվ օր, բայց ադրբեջանական կողմից այդ կապակցությամբ որեւէ պաշտոնական կամ փորձագիտական արձագանք դեռեւս չի հնչել, ինչը վկայում է, որ երկակի ստանդարտներ կիրառում է հենց Ադրբեջանը: Եթե պաշտոնական Բաքվի համար սկզբունքային է, որպեսզի «օկուպացված տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված ապօրինի ռեժիմի ներկայացուցիչները» չմեկնեն արտասահմանյան ուղեւորության եւ, մանավանդ, չայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներ, ապա ինչու՞ Արցախի նախագահի ամերիկյան այցը նույն սրությամբ եւ բողոքի ցույցերով չի ընդուվում, ինչպես դա Փարիզ այցելության դեպքում էր:



Ադրբեջանը երկյուղու՞մ է Միացյալ Նահանգների հետ խոսել դիվանագիտական բողոքի նոտայի լեզվով: Ըստ երեւույթին՝ այո: Բայց այդ դեպքում ի՞նչ արձագանք կարող է ունենալ Ֆրանսիայի ԱԳՆ-ին հղված ադրբեջանական դեմարշը:



Պաշտոնական Փարիզը տվել է ստանդարտ պատասխան՝ Ֆրանսիան դե-յուրե չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր հանձնառու է, որպեսզի խնդիրը կարգավորվի խաղաղ-բանակցային ճանապարհով, եւ տարածաշրջանում հաստատվի տեւական կայունություն:



Ավելին Ֆրանսիան եւ համանախագահ մյուս երկրները չեն ասելու: Եւ եթե Ադրբեջանն իրոք շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ, ապա ժամանակն է, որ հրաժարվի պատերազմի սպառնալիքի հռետորաբանությունից եւ ուղղակի երկխոսության մեջ մտնի Արցախի ընտրյալ իշխանությունների հետ՝ կարգավորելու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: