Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Անանյանին, Հայկ Մարությանին

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Անանյանին, Հայկ Մարությանին
Հարգարժան պարոնայք պետական այրեր, կա մի ՍՊԸ՝ «ՏԱԹՎԱՆ» անունով, որի փաստացի սեփականատերը հանդիսանում եմ ես։ Վերոնշյալ ընկերությունը զբաղվում է միկրոավտոբուսային երթուղու սպասարկմամբ, մասնավորապես՝ 2002թ.-ից սպասարկում է Երևան քաղաքի N 40 միկրոավտոբուսային երթուղին։ Ներկա պահին ընկերությունն ունի լուրջ ֆինանսական խնդիրներ. ՊԵԿ աշխատակիցների որոշմամբ արգելանք է դրվել ընկերությանը պատկանող գույքի և ֆինանսական միջոցների վրա։ Հիմա ես կփորձեմ պարզաբանել խնդրի առաջացման հիմքերն ու պատճառները՝ ակնկալելով հստակ քայլեր և դիրքորոշում ձեր կողմից։



1. Ընկերությունը 2002-20.01.2018թթ. ժամանակահատվածում երբևէ չի ունեցել պարտքեր, ժամանակին կատարել է իր պետական մուծումները և մոտավոր հաշվարկով առնվազն 600.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար է փոխանցել ՀՀ պետական բյուջե՝ այդ ընթացքում միջինը 20֊25 ընտանիքների անդամների ապահովելով աշխատանքով։ Այդ 16 տարիներից առնվազն 14-15-ում հարկային պարտավորությունները մարվել են նույնիսկ կանխավճարով (այս բոլորը տվյալներ են, որոնց իսկությունը հնարավոր է ճշտել ցանկացած պահի)։



2. Այս ընկերության մեջ այս տարիների ընթացքում կատարվել են 150-200.000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ. գնվել են Գազել մակնիշի ավտոմեքենաներ և այլն։ Սա արվել է մի երթուղում, որը սպասարկում է Երևան քաղաքի ծայրամասային մի հատված (Նոր Նորքի 9֊րդ զանգվածից Առինջ մոլ)։



**ՀԻՄԱ ՀԱՐՑ. **



Այդ ինչպե՞ս ստացվեց, որ նման կարգապահ և օրինապահ ընկերությունը սկսեց պարտքեր կուտակել և պետական վճարումները չկատարել 2018թ.֊ին։ Վերջերս մի քննարկման ժամանակ գործին առնչվող մեկը կարծիք արտահայտեց, որ մտածել եմ հեղափոխությունա տեղի ունեցել, չեմ մուծի, կջրեն, որ իբր շատերն են էդպես մտածել, բայց իրականում դա չի կարող լուրջ լինել, որովհետև պարտքերը սկսել են կուտակվել դեռևս հունվար ամսից, երբ հեղափոխությունն անգամ երազներում էր անիրական։ Իրականում ինչու՞ եմ դիմում բարձրաստիճան պաշտոնյաներին. ՈՐՈՎՀԵՏԵՎ ընկերությունը նման վիճակում հայտնվել է հենց պետական մարմինների անպատասխանատու և անսրտացավ վերաբերմունքի պատճառով։ 2016թ.֊ից ամեն պահ սպասվում է նոր երթուղային ցանցը, գործող միկրոավտոբուսային երթուղիների գլխին ամեն պահ կախված է փակման վտանգը։ Երթուղիներին տրվում է 6֊ամսյա երկարացում ու էդպես մինչ օրս։ **15 տարվա Գազելները քաղաքապետարանի կողմից ստիպողաբար դուրս են գալիս երթուղիներից, բայց այդ տեղերն արդեն ֆիքսված են և պետությունը շարունակում է դրանց դիմաց հարկ գանձել։** Երբ խնդիրը բարձրացվում է համապատասխան ատյաններում, պատասխանը լինում է հետևյալը. մեքենա բերեք, լրացրեք դուրս եկածի տեղը։ Հիմա ես ևս մեկ **ՀԱՐՑ** եմ տալիս. եթե դու չգիտես քո բիզնեսի ապագան, եթե դու գիտես, որ էդ բիզնեսին ամիսներ կամ միգուցե օրեր են մնացել, դու նոր ներդրում կանե՞ս։ Իհարկե չես անի։ Չես անի, որովհետև չունես վստահություն ապագայի նկատմամբ, չես անի, որովհետև պետությունը քո բիզնեսի մեջ երբեք քո թիկունքին չի եղել, որովհետև երբ գազի սակագինը ամեն անգամ բարձրացրել են, պետությունը լռելա, երբ տարիներ շարունակ բարձրացնում էիր հարց, որ հարկային քաղաքականությունը հասարակական տրանսպորտի հանդեպ շատ ավելի «դաժան» է, քան այլ ոլորտների, պետությունն էլի լռելա։ Իսկ ի՞նչ է արել դրա փոխարեն։ Սակագնի բարձրացման որոշում է կայացրել (հայտնի 150 դրամը)՝ դրանով իսկ երթուղու սպասարկողի և սպասարկվողի միջև առաջացնելով ակնհայտ «բախում»։ Էսօր հարկայինի ինչ֊որ մի աշխատող ձեռքի թեթև շարժումով կալանք է դնում իմ տարիների թափած քրտինքով ստեղծածի վրա, մի ընկերության գույքի վրա, որը հարյուր միլիոնավոր դրամներ է փոխանցել պետական բյուջե։ Շատ ցավալի է ու նվաստացուցիչ...Ինչ-որ մեկը, ով միգուցե իր ապրած կյանքի ընթացքում անգամ 1 դրամի օգուտ չի տվել մեր պետությանը, այլ ընդամենը աշխատավարձ է ստացել հենց իմ նմանների ստեղծածի շնորհիվ, հիմա կալանք է դնում, իմ ստեղծած գույքն է ուզում պետականացնել և այլն։ Էսպես չի կարելի պարոնայք ղեկավարներ։ Փչացնել, ապակայունացնել, ցավեցնել, խլել միշտ կարող է պետական ապարատը։ Արդյո՞ք ճիշտ է հարկել դեղին համարանիշի դիմաց, որը գտնվում է Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում կամ մի մեքենայի դիմաց, որն ամիսներով կանգնած է անսարք վիճակում, բայց հարկվում է համ արտոնագրային(նախկինում՝ հաստատագրված) հարկատեսակով, համ վարորդի եկամտային հարկով, համ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության «Երևանտրանս» ՓԲԸ֊ի հարկով։ Եթե դուք, պարոնայք պետական այրեր, կուսումնասիրեք գործը և կորոշեք, որ ճիշտ է ամեն ինչ, ես կհամաձայնեմ, բայց ես, որպես ՀՀ քաղաքացի, խնդրում և պահանջում եմ ձեզնից խորապես ուսումնասիրել խնդիրը և հետո միայն որոշում կայացնել։ ՊԵԿ֊ին տրված էլեկտրոնային հաշվետվությունները չեն կարող իրական հիմք հանդիսանալ, քանի որ էլեկտրոնային համակարգը ուղղակի թույլ չի տա պակաս քանակ ներկայացնել։ Դրա համար կան ուղեգրեր, որոնցով ակնհայտ երևում է, թե ինչքան մեքենա է շահագործվել և այլն։



Հ.Գ. Պարոն վարչապետ, Դուք տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի կողմից ֆիքսած խախտումների հետ կապված ահռելի մեծ գումարներ «ջրեցիք», Դուք նախկինում մի շարք բիզնեսներում մենաշնորհներ ունեցող ձեռնարկատիրոջ համար հատուկ արտոնյալ պայմաններ «առաջարկեցիք», հիմա ես Ձեզանից խնդրում եմ ընդամենն ուշադրություն դարձնել և կայացնել համապատասխան որոշում. իմ խնդիրներն առաջացել են միմիայն մեր պետական վարչարարական խոչընդոտների, միակողմանի ու եսասեր որոշումների արդյունքում։ Ես չեմ հրաժարվում հարկերը մուծելուց, բայց ես չեմ կարող 6֊7 մեքենայի աշխատանքով կրկնակի ավել հարկվել։