Չգթաս թշնամուդ․ Մենք քրիստոնյա չենք

Չգթաս թշնամուդ․ Մենք քրիստոնյա չենք
Հայ-ադրբեջանական «պատմական թշնամանքը» ձեւավորվել է դեռեւս նախախորհրդային շրջանում: 1905-1906թթ. հայ-թաթարական բախումները ձեւավորվող հակամարտության առաջին խոշոր դրվագներն են, որին հաջորդեց 1918-1920թթ. պատերազմը: Լարված հարաբերությունները սահմանային խնդիրների հետեւանք էին. Ադրբեջանը ջանք չէր խնայում հայկական տարածքները, հատկապես` Նախիջեւանը, Զանգեզուրը եւ Ղարաբաղն իրեն բռնակցելու ուղղությամբ: Ռազմական գործողություններին զուգահեռ, Ադրբեջանը Հայաստանի դեմ իրականացնում էր քարոզչական-լրատվական պատերազմ: Ադրբեջանում հակահայկական քարոզչության միջոցով մահմեդականներին հրահրում էին հայերի դեմ եւ ստեղծում թշնամանք: «Ազերբայջան» օրաթերթը հետեւողականորեն կեղծում էր փաստերը` լուրեր տարածելով Հայաստանում մահմեդականների նկատմամբ իրականացվող «բռնությունների» մասին: Արտերկրում Հայաստանին վարկաբեկելու միջոցով փորձում էին մեծ տերությունների մոտ քողարկել կատարվող ոճրագործություններն ու արդարացնել հայկական տարածքների նկատմամբ իրենց հավակնությունները: Հայաստանում նպատակը ժողովրդի շրջանում երկպառակություն մտցնելն էր եւ հրահրելը կառավարության դեմ: Եվ ամենեւին էլ զարմանալի չէ, որ ադրբեջանցիները հակահայկական քարոզչությունն իրականացնում էին հայ բոլշեւիկների միջոցով։ Բաքվից ղեկավարվող հայ բոլշեւիկները «Կոմունիստ» թերթում «բարեկամ» Ադրբեջանի մասին դրական հոդվածներ էին գրում՝ քննադատելով ՀՀ ղեկավարներին ու նրանց ազգայնական գաղափարները։ Փորձ էր արվում հայերի շրջանում Ադրբեջանի նկատմամբ ստեղծել դրական պատկերացումներ (ինչպես այսօր) եւ ստեղծված իրավիճակը բարդել ազգային իշխանությունների վրա: 1920 թվականին` Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, «Կոմունիստ» թերթը ողողված էր Հայաստանի «արյունալի դաշնակցական» կառավարության դեմ գրված հոդվածներով: Ողջ ընթացքում Հայաստանի կառավարությունը, Ադրբեջանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ Տ. Բեկզադյանի միջոցով, փորձում էր հակահայկական քարոզչամեքենայի դեմն առնել, սակայն` ապարդյուն:



Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Մոսկվան տարածքային ու քաղաքական կարգավորումներ նախաձեռնեց: Հաճոյանալով դաշնակից թուրք քեմալականներին` 1920-ականների սկզբին հօգուտ Ադրբեջանի իրականացվեցին լուծումներ, եւ հող նախապատրաստվեց ԽՍՀՄ փլուզումից հետո հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման համար:



ԽՍՀՄ կազմավորումից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ հակահայկական քարոզչական պատերազմը փոխարինվեց «հիշողության պատերազմով» (ռուս ազգագրագետ Վիկտոր Շնիրելմանի ձեւակերպումն է), որը վարում էին պատմաբանները, մշակութաբանները, գրողներն ու ուսուցիչները:



Ռուսական կայսրական բանակի գեներալ Անտոն Դենիկինն իր «Ռուսական խռովության ակնարկները» հուշագրությունում (1925) Ադրբեջանն անվանում է արհեստական երկիր` անունից սկսած: Այն հանգամանքը, որ մինչեւ 1940-ական թվականները «ադրբեջանցի» բառը չուներ լայն տարածում, պատմական փաստ է: ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի` ազատազրկված քաղաքացիների էթնիկ պատկանելության վերաբերյալ զեկույցներում «ադրբեջանցի» բառն առաջին անգամ հանդիպում է 1940 թվականին: 1936 թվականին Խորհրդային Միության ժողկոմխորհի նախագահ Վյաչեսլավ Մոլոտովը Կրեմլում ընդունում է ադրբեջանական պատվիրակությանը եւ, անդրադառնալով Ադրբեջանում ապրող ժողովուրդներին, նշում է` ռուսներ, հայեր եւ թյուրքեր: ԽՍՀՄ վարչապետը նույնիսկ չգիտեր «ադրբեջանցի» բառը: Այս շրջանում ոչ միայն «ադրբեջանցի» բառը տարածում չուներ, այլեւ Ադրբեջանն ընդհանրապես` պատմություն: Ուստի ադրբեջանցիները մեծ թափով սկսում են հորինել իրենց «հազարամյակների» պատմությունը: Սեփականաշնորհել հարեւան երկրների մշակութային դեմքերին, ներկայացնել հայկական հողերը որպես Ադրբեջանի պատմական հողեր եւ այլն: Եվ այս հորինման մեջ էլ դրսեւորվում է ադրբեջանցիների «հիշողության պատերազմը». գրված հազարավոր էջերում հայկական մշակույթի ու տարածքների մի մասը նրանք վերագրում են իրենց եւ պատմական կեղծ հիմնավորումներով մտցնում ակադեմիական դասագրքեր, հանրագիտարաններ ու գեղարվեստական գրականություն: Յուրացման փորձի օրինակները շատ են, իսկ ներկայացված հիմնավորումները` ցնդաբանություն:



Այդպես յուրացվում է նաեւ ծագումով հրեա Լեւ Նուսիմբաումի հանրահայտ «Ալին եւ Նինոն» վիպակի ձեռագիրը, որն էլ Կուրբան Սաիդի անվամբ հրատարակվում է 1935թ., իսկ 1994-ին` Յուսուֆ Չամանզամինլիի անվան ներքո: Եվ մինչ օրս էլ ադրբեջանցիները պնդում են, որ «Կուրբան Սաիդ» կեղծանվամբ հանդես է գալիս ոչ թե Լեւ Նուսիմբաումը, այլ` Յուսուֆ Չամանզամինլին: Ինչեւէ: Խնդիրը մեզ համար հեղինակի ինքնությունը պարզելը չէ: Գրքում բազմիցս անդրադարձ կա հայերին ու հայկական իրականությանը, եւ դրվագներից մեկում հերոսի` Ալիի հայրը, դիմելով որդուն, ասում է. «Չգթաս թշնամուդ: Մենք քրիստոնյա չենք»:



Սա դարձավ սկզբունք Ադրբեջանի պետական քաղաքականության համար, եւ ադրբեջանցին երբեք չգթաց հային ու շարունակեց հավակնություններ ունենալ հայկական տարածքների ու մշակույթի վրա` նախախորհրդային շրջանում բացահայտ պատերազմով ու հակահայկական քարոզչությամբ, խորհրդային շրջանում` «հիշողության պատերազմով», իսկ անկախությունից հետո` կրկին պատերազմով եւ կրկին բացահայտ հակահայկական քարոզչությամբ: Իսկ հայ բոլշեւիկներին գտնվեցին արժանի հետեւորդներ, ովքեր այժմ` միամտաբար թե ուղղորդված, շարունակում են հանրության շրջանում ստեղծել «բարեկամ» Ադրբեջանի դրական կերպար: Ժամանակը ցույց է տվել, որ հայն իր պատմությունից չի սովորում, իսկ պատմությունը միշտ կրկնվելու յուրահատկություն ունի:



**Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ**