Լույս է ընծայվել Հրաչյա Սարուխանի «Վախճանից էլ պարզ» ժողովածուն

Լույս է ընծայվել Հրաչյա Սարուխանի «Վախճանից էլ պարզ» ժողովածուն
Աղվան Վարդանյանի և Արքմենիկ Նիկողոսյանի խմբագրությամբ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկի՝ Հրաչյա Սարուխանի (1947-2016) «Վախճանից էլ պարզ» ժողովածուն: Այն, կարելի է ասել, բանաստեղծի գրական ժառանգության ամփոփումն է. ներառում է բանաստեղծի հրատարակած բոլոր ժողովածուները, ինչպես նաև գրքերից դուրս մնացած բանաստեղծություններ, անտիպ գործեր, թարգմանություններ: Իբրև ամբողջություն «Վախճանից էլ պարզ» ժողովածուն երևակում է Հրաչյա Սարուխանի ինքնատիպ ու անշփոթելի բանաստեղծական ոճն իր սքանչելի հմայքով ու տարերքով:



ՅՈԹ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔ



1.



Ճոխ սեղան նստած մենք ապաշխարում՝



Հարգում-պատվում ենք մուրին ու խեղճին…



– _Փորձե՞լ ենք սակայն էս փուչ աշխարհում_



_Ողորմություն տա՛լ պատառը վերջին։_



2.



Ո՞վ չի հավակնում՝ սիրով զուգական



Գեղեցկամռութ շոյվել ու շոյել…



–_Էս փուչ աշխարհում փորձե՞լ ենք սակայն_



_Գեթ մի տգեղի սիրե՛լ քնքշորեն։_



3.



Թվում է՝ մի պահ հակվելով բարուն,



Մենք էլ ենք դառնում ներելի սրտեր…



– _Սակայն փորձե՞լ ենք էս փուչ աշխարհում_



_Անառակ որդուն ներե՛լ ի սրտե։_



4.



Տաճար ենք մտնում քայլքով ծիսական՝



Խաչհամբույր տալու ամենքին ի տես…



– _Աշխարհում էս փուչ փորձե՞լ ենք սակայն_



_Ձեռնաբաց լինե՛լ Այրի կնոջ պես։_



5.



Շատ ենք բարբաջում ուրացման մասին։ –



Օ՜, ո՛նց ենք սիրում լվից ուղտ շինել…



– _Փորձե՞լ ենք սակայն աշխարհում այս սին_



_Պետրոսի նման… գոնե լա՜ց լինել։_



6.



Հուդայի դատն ենք անընդհատ վարում։ –



Ճամարտակողի օ ինչպիսի՜ կամք…



–_Սակայն փորձե՞լ ենք ունայն աշխարհում_



_Զղջանքը զօծե՛լ ինքնասպանությամբ։_



7.



Հարբած պոետին շշպռում ենք լուրջ,



Թուքումուր տալիս «հենց իրեն ի սեր»…



–_Փորձե՞լ ենք սակայն աշխարհում էս փուչ_



_Նրա դառնահամ Գավաթը կիսե՛լ։_