Տուգանքից խուսափելու ձեւը գտել է

Տուգանքից խուսափելու ձեւը գտել է
Ամերիկացի Դի Շոն Քենեդին, ով «Տեսլա» մեքենա է վարում, իր սոցկայքային էջում հրապարակել է խորհուրդներ այն մասին, թե մեքենան կայանելիս ինչպես խուսափել տուգանքներից։ Դա կարելի է անել՝ Summon ավտոմատ կառավարման ֆունցկիան գործարկելով։ Քենեդու հրապարակած թվիթերյան կադրերից երեւում է, թե ինչպես նշված ֆունկցիան գործարկելուց հետո մեքենան ինքնուրույն շարժվում է հետ ու առաջ եւ փոխում տեղը կայանատեղիում։



«Երբեք չէի մտածել, որ ինձ երբեւէ այդ ֆունկցիան պետք կգա։ Իհարկե, մինչեւ այսօր չէի մտածել»,- գրել է Դի Շոն Քենեդին։ Նա մանրամասնել է, որ քաղաքում, որտեղ նա ապրում է, որոշ ժամանակ առաջ սահմանել են վճար կայանման համար, եթե մեքենան երկու ժամից ավելի է կայանվում։ Չուզենալով հաշտվել նոր կարգի հետ, ինչպես նաեւ, ցանկանալով խույս տալ կարգը խախտելու դեպքում իրեն սպասող տուգանքներից, Քենեդին սկսել է մեքենայի կայանման տեղը փոխել ամեն 2 ժամը մեկ։ Ընդ որում դա հնարավոր է անել առանց գրասենյակից դուրս գալու, արդեն նշված ֆունկցիայի միջոցով, որի հնարավորությունը տալիս է «Տեսլա» մեքենան։ Քենեդու գրառումը գրավել է նաեւ Իլոն Մասկի ուշադրությունը։ Նա մեկնաբանել է գրառման տակ, որ արդեն հաջորդ տարի իր ընկերության արտադրած մեքենաները կկարողանան ինքնուրույն կայանել եւ ճանաչել ճանապարհային համապատասխան նշանները։