«Հեղափոխությունը Կապան չի հասել», իսկ Հրազդա՞ն

«Հեղափոխությունը Կապան չի հասել», իսկ Հրազդա՞ն
Հոկտեմբերի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ-ն բոյկոտի միջոցով տապալեց օրենսդրական փոփոխությունները, որովհետեւ մտածում են՝ հնարավոր է գործող Ընտրական օրենսգրքով՝ ռեյտինգային համակարգով, կարողանան հասնել «ռեւանշի», որն էլ պետք է ուղիղ կապել Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ։ «Սյունիքի գործող քրեական, քաղաքական եւ տնտեսական էլիտան, իր ձեռքում շարունակելով պահել բավականին շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել եւ, ի վերջո, մարդկանց մի որոշակի հատվածի հին արժեքների եւ մշակույթի տրամաբանությամբ կամ, ավելի ճիշտ՝ հին մոդելների մոդիֆիկացված ձեւերով նրանց ուղղորդել որոշակի քվեարկության՝ ի վերջո հասնելով իրենց համար ցանկալի արդյունքի»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա նշեց, որ հանրապետականների հույսը գալիք արտահերթ ընտրություններում «կապանյան մոդելի» գործարկումն է։ Ստացվում է այնպես, որ Փաշինյանը Կապանի ընտրությունների արդյունքները համարում է ընտրողների ուղղորդված լինելու հետեւանք։ Սակայն ընտրություններից անմիջապես հետո նա հայտարարել էր, որ Կապանի քաղաքապետի ընտրությունն արձանագրեց «ժողովրդավարության հաղթանակը»։ Այսինքն՝ ժողովուրդն ինքը որոշեց, թե ով է իր նախընտրելի թեկնածուն։ Եթե այդպես է, ապա ի՞նչ է փոխվել մի քանի օրվա ընթացքում։



Կապանի ընտրություններում «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն 2008 ձայնի տարբերությամբ պարտվել է անկուսակցական Գեւորգ Փարսյանին։ Համեմատության համար նշեմ, որ 2016-ին Կապանի ընտրություններում գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ստացել էր 8 հազար 702 ձայն՝ վերընտրվելով պաշտոնում։ Երկրորդ տեղում էր ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արտուր Աթայանը, ում օգտին քվեարկել էր 5 հազար 282 մարդ։ 2016 թվականի ընտրություններին մասնակցել էր գրանցված 30 հազար 380 ընտրողից 18 հազար 22-ը, իսկ այս ընտրություններին՝ գրանցված 34 հազար 969 ընտրողից՝ 19 հազար 503-ը։ Անկուսակցական Գեւորգ Փարսյանը ստացել է 10 հազար 507 քվե, իսկ «ՔՊ»-ի առաջադրած թեկնածու Նարեկ Բաբայանը՝ 8 հազար 499։ Ստացվում է այնպես, որ տեղի ունեցած ընտրություններում հաղթած թեկնածուի ցուցանիշն ավելի բարձր է, քան նախորդ իշխանության ժամանակ գործող իշխանության թեկնածուի։



Երկրում բարձր հեղինակություն վայելող հեղափոխության առաջնորդի համար անսպասելի էր, որ ստեղծված նոր իրավիճակում իր առաջադրած թեկնածուն, ում նախընտրական քարոզարշավին ակտիվ դերակատարություն էր ունեցել ինքը, կարող է պարտվել։ Սակայն մեղավորներ փնտրել պետք է ոչ թե (կամ ոչ միայն) քաղաքական հակառակորդի համակիրների շրջանում, այլ՝ սեփական թեկնածուի։



Եթե Կապանում անկուսակցական թեկնածուն հաղթել է տնտեսական, քրեական կամ քաղաքական լծակների օգնությամբ, ապա ինչո՞ւ վերջին ամիսների ընթացքում պետական մակարդակով քայլեր չեն ձեռնարկվել՝ վերացնելու դրանք, գոնե այն լծակները, որոնք ակնհայտ հանցավոր տարրեր են պարունակում։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չի կարող ելնել եւ հայտարարել, որ հանրապետությունում «ՔՊ»-ական թեկնածուներից ավելի հեղինակավոր ու հարգանք վայելող թեկնածուներ չկան եւ չպետք է լինեն, որովհետեւ թեկնածուի անձնական բարձր վարկանիշը եւս կարող է ընտրողներին ուղղորդել։ Եթե հարցը ոչ թե Կապանի նորընտիր քաղաքապետի անձի մեջ է, այլ՝ տեղի ունեցած ուղղորդումների, այդ դեպքում ինչո՞ւ նմանատիպ անդրադարձ չկա Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, եւ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարում, որ, օրինակ, հեղափոխությունը Հրազդան չի հասել։



Այդ դեպքում Ընտրական օրենսգրքում պետք է ավելացնել մի կետ, ըստ որի՝ թեկնածուի նախընտրական քարոզչությանը չպետք է այս կամ այն կերպ ներգրավված լինեն տնտեսական, քրեական ուժեր կամ համայնքներում հարգանք վայելող «լավ տղերք», որովհետեւ այդ դեպքում շատերը «լավ ախպոր» թանկագին խաթեր համար ձայնը կտան իրենց ցանկալի թեկնածուին, եւ կունենանք «ուղղորդված ընտրություններ»։ Հիմա հարց է առաջանում՝ վարչապետի կամ պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաների կողմից քարոզարշավների ժամանակ հրապարակներից արված հայտարարությունները համարվո՞ւմ են ուղղորդումներ, թե՞ ոչ։



**Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ**