Ի՞նչ հերթական «հաղթանակի» մասին է խոսում իշխանությունը` սարսափելի է պատկերացնել

Ի՞նչ հերթական «հաղթանակի» մասին է խոսում իշխանությունը` սարսափելի է պատկերացնել

Սյունիքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած տարատեսակ հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ  իշխանությունը դիտարկում է արտահերթ ընտրությունների սցենարը։

Կարծում եմ, ոչ մեկին չի մոլորեցնում այն հանգամանքը, որ հերթական ընտրությունները լինելու են 2026 թվականին։
Որ պատկերն ավելի հասկանալի լինի, արձանագրենք հետաքրքիր մի փաստ․ Սյունիքի մարզով շրջելիս Փաշինյանը խոստացել է վերանորոգել ներքին Հանդի տների տանիքները, խոշորացնել Շիկահողի դպրոցները և Սրաշեն գյուղին տրամադրել պետական աջակցություն և դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ ակնկալում է ՀՀ «հպարտ քաղաքացիների աջակցությունը 2026 թվականի ընտրություններին»։ 

Չափազանց տարօրինակ է, երբ ընտրություններին նվազագույնը 2 տարի դեռ կա, բայց իշխանությունն արդեն խոսում է ընտրությունների մասին։

Եվ իհարկե վերը նշված հայտարարությունները չափազանց նման են պետական ռեսուրսի հաշվին նախընտրական խոստումներին։ Համադրելով Սյունիքում արված հայտարարություններն ակնհայտ է, որ իշխանությունը դիտարկում է նաև արտահերթ ընտրությունների տարբերակը, չնայած իրենք «արտահերթի» հնարավորությունը կատաղի հերքում են։

Կարծում եմ, որ արտահերթ ընտրությունների տարբերակը իշխանությունը դիտարկում է միայն ներքաղաքական ֆորսմաժորային զարգացումների դեպքում և հստակ որոշում այդ մասով առայժմ չկա։

Սակայն հաշվի առնելով թավշիստների կողմից ստանձնած պարտավորությունների ծավալը թուրք֊ադրբեջանական տանդեմի առջև և հանրային դժգոհությունը նույն իշխանության թրքամետ քաղաքականությունից, իշխանության մտավախությունները ֆորսմաժորի պահով ավելի քան արդարացված են։ Եվ իրենք դա հասկանում են։ 
Պարզից պարզ է, որ իրենք «տակից», շատ զգուշորեն մեկնարկ են տվել կիսաքարոզչական նախընտրական քայլերի։
Ինչո՞ւ:

Պարզ է, որ իշխանությունը հաշվարկել է իր շանսերը և հասկանում է, որ իրենց կողմից  թուրքերի և ադրբեջանցիների շահերը սպասարկելը բավականին լուրջ վտանգ է ներկայացնում իրենց համար ապագայում ձայներ կորզելու համար (Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները «վկա»)։

Սակայն վերադառնալով ներկա իրավիճակին, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկրի ապագան թուրքերի և ադրբեջանցի երախը նետած թավշյա իշխանությունը փորձում է հիմնավորել իր կործանարար քաղաքականությունը շինծու պայքարով նույն Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար։

Աբսո՞ւրդ, թե՞ քաղաքական առումով միտումնավոր հերթական մանիպուլացիա։ Չգիտեմ։
Բայց նույնիսկ դա չէ զավեշտալին, ավելի խելագար նոր/հին իշխանական նարատիվներ են դաշտ նետվում, որ, օրինակ, Արցախի հանձնումը և Հայաստանի փուլային ապամոնտաժումը այս իշխանությունը համարում է իր համար «շանս ապագայում հաղթանակի հասնելու»։

Ի՞նչ հերթական «հաղթանակի» մասին է խոսում իշխանությունը, նույնիսկ պատկերացնելն է վտանգավոր։
Այս պարագայում իշխանական և թուրք֊ադրբեջանական հինգերորդ շարասյունը փորձելու են ՀՀ ինքնիշխան տարածքների հերթական հանձնումը կրկին քողարկել «դեմարկացիայի և դելիմիտացիայի» շղարշի տակ, փորձելու են թուրքերի և ադրբեջանցիների ուղիղ հրահանգով փոխել Հայաստանի Սահմանադրությունը` պնդելով, որ դա իբր իրենց «սուվերեն որոշումն է», փորձելու են հանձնել «Զանգեզուրի միջանցքը»` դա անվանելով երրորդ «բարեկամ» երկրի վերահսկողության ներքո ճանապարհ և այլն։

Եվ այս ամենի դիմաց ՀՀ թավշյա իշխանությունը մեզ խոստանալու է կրկին «խաղաղություն»։
Բայց եթե Աստված ոչ անի, իրենց կրկին հաջողվի մարդկանց խաբել` 2021-ի օրինակով, ապա խաղաղություն դիմաց Հայաստանի հպարտ քաղաքացիները «հատուցելու» են թուրք֊ադրբեջանական տանդեմին Հայաստանի Հանրապետության դե ֆակտո գոյությամբ։

Արման Աբովյան