Ուկրաինայի հարցով ամփոփիչ կոմյունիկե. ինչպե՞ս է քվեարկել Հայաստանը

Ուկրաինայի հարցով ամփոփիչ կոմյունիկե. ինչպե՞ս է քվեարկել Հայաստանը

Գրել էինք, որ հունիսի 15-16-ը Շվեյցարիայի Բյուրգենսշտոկ քաղաքում տեղի է ունեցել Ուկրաինայի խաղաղության հարցով համաժողովը, որտեղ Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գլոբալ խաղաղության գագաթնաժողովը, որը կազմակերպել էր Շվեյցարիայի կառավարությունը՝ Ուկրաինայի իշխանությունների խնդրանքով, ամփոփիչ կոմյունիկե է ընդունել. հռչակագրին աջակցել են 80 երկրներ և չորս կազմակերպություններ։ 

Ընդհանուր առմամբ գագաթնաժողովին մասնակցել է 92 երկիր և ութ միջկառավարական կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը և Եվրախորհրդարանը։ 

Նշվում է, որ մի գագաթնաժողովին մասնակցած մի քանի երկրներ դեռևս պաշտոնապես չեն միացել եզրափակիչ փաստաթղթին։ Դրանց թվում են Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը, Թաիլանդը, Մեքսիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հարավային Աֆրիկան։ Հայաստանը, ինչպես նաև Բրազիլիան և Վատիկանը, որոնք գագաթնաժողովին մասնակցում էին որպես դիտորդներ, ձեռնպահ մնացին փաստաթղթին պաշտոնապես աջակցելուց։
Հռչակագրին պաշտոնապես աջակցողների թվում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Եվրամիության բոլոր երկրները, ինչպես նաև ԵՄ-ի, Սերբիայի, Թուրքիայի, Արգենտինայի, Իսրայելի, Կատարի և մի շարք պետությունների ղեկավար մարմինները: 

Ուկրաինայում խաղաղության վերականգնման առաջին գագաթնաժողովը, որն անցկացվել է Շվեյցարիայում՝ առանց Ռուսաստանի մասնակցության, կոչ է արել հակամարտության «բոլոր կողմերին ներգրավել» երկխոսության մեջ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, ասվում է Agence France-Presse-ի մեջբերած տեքստում։
Տեքստը, որին աջակցում է գրեթե հարյուր մասնակիցների ճնշող մեծամասնությունը, նաև վերահաստատում է «բոլոր պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքները»։

«Մենք կարծում ենք, որ խաղաղության հասնելը պահանջում է մասնակցություն և երկխոսություն բոլոր կողմերի միջև»,- ասվում է կոմյունիկեի տեքստում։ «Ուստի մենք որոշել ենք ապագայում կոնկրետ քայլեր ձեռնարկել վերոնշյալ ոլորտներում՝ բոլոր կողմերի ներկայացուցիչների ավելի մեծ մասնակցությամբ»,- ասվում է հռչակագրում։