Լրացուցիչ ֆինանսավորում մարզական ֆեդերացիաներին. մանրամասներ

Լրացուցիչ ֆինանսավորում մարզական ֆեդերացիաներին. մանրամասներ

2024 թ. ընթացքում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, միջազգային մարզական միջոցառումներին, տարբեր տարիքային խմբերի ՀՀ առաջնություններին և ուսումնամարզական հավաքներին ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները ՀՀ-ում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, լիարժեք կմասնակցեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին, կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ:

Հիշեցնենք՝ մարզաձևերի ֆեդերացիաները բաժանվում են հաշվարկման պայմանական երեք խմբերի՝
* 1-ին խումբ` հենակետային (ծանրամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, հրաձգություն, շախմատ, աթլետիկա),
* 2-րդ խումբ` հեռանկարային (ձյուդո, բասկետբոլ, հեծանվային սպորտ, սուսերամարտ, կարատե, ջրացատկ, գեղասահք, սամբո, վոլեյբոլ, դահուկային սպորտ, լող, թաեքվոնդո, ուշու),
* 3-րդ խումբ` ծրագրային (հանդբոլ, սեղանի թենիս, թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, բադմինթոն, նետաձգություն, կանոէ, խոտի հոկեյ, առագաստանավային սպորտ, ակրոբատիկա, ջրագնդակ, ժամանակակից հնգամարտ, սպորտային պարեր և այլ մարզաձևեր):

Հենակետային մարզաձևերի ֆեդերացիաներին տրամադրվելիք ընդհանուր գումարը կկազմի շուրջ 158 մլն, հեռանկարային մարզաձևերինը՝ 11,38 մլն, իսկ ծրագրային մարզաձևերինը՝ 26 մլն:
Ավելի քան 54 մլն դրամ էլ կհատկացվի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային՝ 2024 թվականի ընթացքում Երևանում կայանալիք աշխարհի նախընտրական փուլի, Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, ինչպես նաև ԱՄՆ-ում կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքին և միջազգային ընկերական մրցաշարին մասնակցելու, կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. ընթացքում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, միջազգային մարզական միջոցառումներին, տարբեր տարիքային խմբերի ՀՀ առաջնություններին և ուսումնամարզական հավաքներին ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար մարզական ֆեդերացիաներին անհրաժեշտ է 249,557.3 հազար դրամ լրացուցիչ գումար: