Լուկաշենկոյի հերթական պոռթկումը. Իսրայելում վրդովված են

Լուկաշենկոյի հերթական պոռթկումը. Իսրայելում վրդովված են

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն անընդունելի, վրդովեցուցիչ և հակասեմական է անվանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները հանրապետությունում կոռուպցիայի մեջ ներգրավված հրեաների մասին։ Այս մասին հայտնում է JNS գործակալությունը։

Կացի խոսքով, այդ կապակցությամբ Իսրայելի ԱԳՆ Եվրասիական բյուրոյի ղեկավար Յուվալ Ֆուկսը բողոքի հայտագիր է ներկայացրել Իսրայելում Բելառուսի դեսպան Եվգենի Վորոբյովին։

Հունիսի 14-ին Լուկաշենկոն կառավարության հետ հանդիպմանը քննարկել է վերջին կոռուպցիոն սկանդալները։ Նա նշել է, որ պատասխանատվության ենթարկված երեք տասնյակ պաշտոնյաներից կեսից ավելին հրեաներ են։ 
«Կներեք, ես հակասեմական չեմ, բայց կեսից ավելին հրեաներ են։ Սա այն է, որ ունեն հատուկ, արտոնյալ դիրք, որ գողանում են ու չեն մտածում իրենց ապագայի մասին։ Օրենքի առաջ բոլորը հավասար են: Եվ հրեաները, և բելառուսները, և ուկրաինացիները, ռուսներն ու լեհերը»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է JNS-ը։

Բելառուսի պաշտոնյաները չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ գործակալությունը նշում է, որ Բելառուսի նախագահը բազմիցս հանդես է եկել հակահրեական հայտարարություններով։