Մտահոգում է, իհարկե, այս իրավիճակը, բայց դա քաղաքական թեմա է․ Բելառուսի հյուպատոս

Մտահոգում է, իհարկե, այս իրավիճակը, բայց դա քաղաքական թեմա է․ Բելառուսի հյուպատոս

Նիկոլ Փաշինյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ վերջին օրերին առաջցած լարումն ու հեռակա լեզվակռիվը կարող է ծանր նստել ՀՀ քաղաքացիների վրա։ Ի վերջո, Բելառուսում հայկական համայնք կա` մոտ 30 հազար բնակչությամբ: Իսկ երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ այլեւս չի մեկնելու Բելառուս եւ ոչ մի հայ պաշտոնյա էլ չի գործուղվելու` քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է, իսկ վերջինս որպես պատասխան` Փաշինյանին «գնիդա» է անվանում (տականք) եւ դեսպաններին են հետ կանչում, դա չի կարող չանդրադառնալ հայերի վրա: «Հրապարակ»-ն այս առնչությամբ զրուցել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ, ով նաեւ «Բալավիա» ազգային ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչն է։

-Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ վեճի պատճառով հնարավո՞ր է դադարեցվեն դեպի Մինսկ չվերթները, նման խոսակցություն կա։

-Քաղաքական խնդիրները ժողովրդի հետ կապ չունեն, խնդիր չի առաջացել։ Ինքնաթիռները մարդ են տեղափոխում, որը բնավ կապ չունի քաղաքականության հետ։ Թռիչքները կատարվում են, ոչ մի խնդիր չունենք, չենք էլ տեսնում։ 

-Շաբաթը քանի՞ թռիչք է լինում Երեւան- Մինսկ, եւ վերջին անգամ ե՞րբ է եղել։

-3 անգամ, ինչպես եղել է այդպես էլ կա։ Վերջին անգամ այսօր առավոտյան է թռիչք եղել, իջել է ինքնաթիռը Մինսկի օդանավակայանում, ոչ մի խնդիր չկա, ուղեւորները նույն ձեւ գնում ու գալիս են։ Երեւան-Մինսկ եւ հակառակ ուղղությամբ միայն մեր ընկերությունն է թռիչքներ իրականացնում եւ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է։ 

-Լուկաշենկոյի եւ Փաշինյանի միջեւ հարաբերությունները բավական լարված են, այս ֆոնին խնդիրներ չե՞ն առաջանա։

-Գիտեմ, որ լարված են, բայց դա կապ չունի, քաղաքական թեմա է, կրկնում եմ՝ ժողովրդի, տնտեսական կապերի հետ բնավ կապ չունի։ 

-Որպես պատվավոր հյուպատոս Ձեզ մտահոգու՞մ է երկու երկրների ղեկավարների մինջեւ վեճը, ի՞նչ հետեւանք այն կարող է ունենալ։ 

-Մտահոգում է, իհարկե, այս իրավիճակը, կտեսնենք, թե ինչ կլինի։ Քաղաքական գործիչները ավելի մասնագետ են այդ հարցում, սպասենք։ Քաղաքական հարցերի հետ մենք գործ չունենք, ամեն մարդ թող իր գործով զբաղվի։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «ՀԱՊԿ համանախագահներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել ու ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ։ Արձանագրում եմ, որ ես այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ ՀԱՊԿ–ի հետ կապված դիրքորոշումը կարող է փոխվել, եթե Բելառուսը որոշի ՀԱՊԿ–ից դուրս գալ կամ այդ երկրի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ ՀՀ ժողովրդի համար ընդունելի կլինի»,– ասաց Փաշինյանը։ Ինչին արձագանքելով` Լուկաշենկոն ասել էր, որ ինքը կարող է հենց հիմա ներողություն խնդրել, բայց Փաշինյանը «գնիդա» է, ով ժամանակին իրեն խնդրում էր հաշտեցնել Պուտինի հետ եւ միջնորդել, որ ինքը հեռախոսազրույց ունենան, Պուտինն էլ իր հետ զրույցում ասել է, որ «զզվեցրել է Փաշինյանը»: