Ընդդիմություն-չընդդիմություն գոյություն չի ունենալու

Ընդդիմություն-չընդդիմություն գոյություն չի ունենալու
Հոկտեմբերի 10-ին Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր․ ավագանու 65 անդամից ներկա էր 60-ը։ Ներկա էին թե՛ հին ավագանու անդամները եւ թե՛ նորերը։ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն ավագանիում ներկայացված կլինի 57 մանդատով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5, եւ «Լույս» դաշինքը՝ 3 մանդատով:



ԲՀԿ ներկայացուցիչ, ավագանու անդամ, Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն **Հռիփսիմե Առաքելյանն** ասում է, որ առաջին նիստն ավելի շատ արարողակարգային բնույթ էր կրում, եւ հիմնականում կազմակերպչական հարցեր էին օրակարգում։ Ինչ վերաբերում է մթնոլորտին, ապա շատ ջերմ ու դրական մթնոլորտ էր․ «Ի վերջո, նույն քաղաքում ենք ապրում, մեր գործընկեր խմբակցությունների ընկերներին շատ լավ ճանաչում ենք, կառուցողական մթնոլորտ էր, եւ միաձայն ընդունեցինք նախ հանձնաժողովի նախագահներին, հետո տեղակալների հրամանները։ Ամսի 13-ից հետո նոր կսկսվեն հանձնաժողովի աշխատանքները, մի շարք նախաձեռնություններ ունենք, որ կներկայացնենք»։



Հռիփսիմե Առաքելյանը ցանկություն է հայտնել ընդգրկվելու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում․ «Այս հանձնաժողովը բավականին տարողունակ ոլորտներ է պարունակում իր մեջ, եւ նույնիսկ արժե հարց բարձրացնել կամ նախաձեռնությամբ հանդես գալ՝ նոր հանձնաժողով բացել, որովհետեւ նույն հանձնաժողովում են առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, սոցիալականը»։



Կկարողանա՞ն 5 հոգով այլընտրանք եւ ընդդիմություն լինել մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքին։ Առաքելյանն ասաց․ «Այդ առումով շատ լավ օրինակ ունենք, մի որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում մենք ունեինք խմբակցություն, որն ընդամենը 9 մանդատ ուներ, բայց տեսանք, թե արդյունքում ինչ եղավ։ Այսինքն՝ քիչ քանակի վրա եկեք շեշտադրումներ չանենք, այստեղ շատ կարեւոր են աշխատանքային կառուցողական նախաձեռնությունները, խնդիրները բարձրաձայնելը եւ ի նպաստ երեւանցու աշխատելու ցանկությունը։ Հիմա 5 հոգով, թե 50 հոգով՝ դա արդեն կարեւոր չէ, կարող է մարդիկ 500 հոգի լինեն, բայց գործը տեղից չշարժվի։ Մենք, միանշանակ, պետք է օգնենք։ Այն նախաձեռնությունների մեջ, որտեղ մենք կտեսնենք ռիսկեր, խութեր, որոշակի տարընկալումներ, միանշանակ՝ դրանց մասին պետք է խոսենք, բարձրաձայնենք, որպեսզի ավելի լավը դառնան այդ որոշումները։ Իսկ այն նախաձեռնությունները, որ միանշանակ ավելի լավն են դարձնելու երեւանցու կյանքը, ինչո՞ւ պետք է դեմ խոսենք, մենք նման նպատակ չունենք մեր առջեւ։ Մենք չենք գնում ռազմի դաշտ, գնում ենք աշխատելու։ Լավ նախաձեռնություններին՝ մեր գործընկեր խմբակցությունների կողմից ներկայացված, միանշանակ, կողմ ենք լինելու»։



Չնայած Կամերային թատրոնի տնօրենն է, բայց դա չի նշանակում, որ թատրոնների խնդիրն է առաջնահերթ բարձրաձայնելու․ «Թատրոնների մասով կան խնդիրներ, բայց, դրանից բացի, կրթության ոլորտում մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, եւ արդեն մի շարք մանկավարժների հետ ես քննարկումներ եմ ունեցել, ովքեր ակտիվորեն իրականացնում են ներառական կրթություն։ Այդ դպրոցի ուսուցիչներից ստացել ենք հորդորներ, որ այդ հարցը պահենք մեր ուշադրության կենտրոնում։ Այդ մասով ես արդեն ուսումնասիրություններ եմ անում, իսկ կրթության ոլորտը լինելու է շատ կարեւոր, թիրախային ոլորտ, եւ մեր ֆրակցիայից 2 հոգի է ընդգրկված այդ հանձնաժողովում»։



«Իմ քայլը» դաշինքից ավագանու անդամ, երաժիշտ **Արթուր Իսպիրյանը** գոհ է ավագանու առաջին նիստից եւ առաջին նշանակումներից։ «Բոլոր հանձնաժողովների նախագահներն էլ բանիմաց, գիտակ մարդիկ են, եւ երդմնակալությունից հետո մենք արդեն կանցնենք աշխատանքի»,- ասում է Իսպիրյանը, ով նույնպես ընդգրկված է մշակույթի, կրթության, առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում, որտեղ ընդգրկված են եւս 13 հոգի․ «Շատ ծավալուն հանձնաժողով է՝ ի տարբերություն մյուս հանձնաժողովների»։



Տեսանյութերում ավագանու հին անդամները բավականին տխուր դեմքեր ունեն, այդպե՞ս էր։ «Չէի ասի, բավականին նորմալ հարաբերություններ էին, ես անձամբ բարեւել եմ բոլորին, շատերին ճանաչում եմ, ոչ մի առիթ չկա վատ հարաբերությունների մեջ լինելու, բոլորին հարգում եմ, գնահատում եմ իրենց աշխատանքը՝ մի քիչ լավ, մի քիչ վատ։ Բավականին հին աշխատողներ կան, որոնց ես ճանաչում եմ եւ մեծ հարգանք ունեմ նրանց հանդեպ, նրանցից շատերն ինձ ասեցին, որ շատ ուրախ են ինձ տեսնել այդտեղ»,- ասում է ու հավելում, որ իրենք նիստից նիստ չեն հանդիպելու ու քննարկելու քաղաքի հարցերը, դա լինելու է իրենց ամենօրյա աշխատանքը․ «Ամեն դեպքում, շատ հզոր թիմ է հավաքվել, այնքան ուրախ եմ այդ թիմի համար, ազնվագույն, բարձր պատրաստակամությամբ եւ աշխատասիրությամբ մարդիկ են հավաքվել բոլոր 3 քաղաքական ուժերի կազմում էլ։ Ընդդիմություն-չընդդիմություն գոյություն չի ունենալու, մենք աշխատելու ենք, եւ արդյունքը, կարծում եմ, շատ շուտով կերեւա»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**