Առաջին տիկինը լծվել է ադրբեջանցիներին աղերսագրեր ու աղերսակոչեր հղելու վտանգավոր գործին

Առաջին տիկինը լծվել է ադրբեջանցիներին աղերսագրեր ու աղերսակոչեր հղելու վտանգավոր գործին
Մեր երկրի ղեկավարների տիկինները, չգիտես ինչու, շատ ակտիվ հասարակական գործունեություն են ծավալում. հատկապես աչքի է ընկնում մեր վերջին ղեկավարի տիկինը: Հարգելիներս, Առաջին Տիկին ասածը պաշտոն չի, ու պարտադիր չի, որ դուք հասարակական ակտիվ գործունեություն ծավալեք, իսկ ավելի ճիշտ, լավ կլինի, որ ընդհանրապես այդպիսի բաներով չզբաղվեք, որովհետև դրանով ևս մեկ անգամ ապացուցում եք, որ Հայաստանը ավտոկրատիկ երկիր է, քանի որ այդ երևույթը հատուկ է միայն ավտոկրատ երկրներին:



Ոմանք հիմա իմ այս արտահայտած մտքին որպես հակափաստարկ կարող են ասենք ԱՄՆ-ի օրինակը բերել. այդ մարդկանց ասեմ, որ ԱՄՆ-ում առաջին տիկինները հաճախ երևում են իրենց նախագահ ամուսինների ուղեկցությամբ, որովհետև ամերիկյան բողոքական (խիստ պահպանողական) ավանդույթները պահանջում են, որ նախագահը ցույց տա, որ ամուր և լավ ընտանիք ունի: Եվ եթե ուշադրություն եք դարձրել, չնայած դրան, այնտեղ առաջին տիկինները ակտիվ հասարակական և քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում (Հիլարի Քլինթոնը բացառություն է, քանի որ նա լուրջ քաղաքական ու պետական գործիչ է, ու Բիլլը այդտեղ որևէ կապ չունի), լավագույն դեպքում, ինչ որ արարողությունների ժամանակ, կամավորների հետ կարկանդակներ են պատրաստում ու բաժանում մարդկանց:



Թրամփը փորձում է աջակցել իր դուստր Իվանկային, որպեսզի վերջինս ակտիվ հասարակական քաղաքական գործունեություն ծավալի, բայց ամերիկյան հասարակությունը դրան բացասաբար է վերաբերվում, որովհետև, կրկնում եմ՝ միայն հետամնաց ավտորիտար երկրներում է ընդունված, որ ղեկավարի կինը, կամ ընտանիքի մեկ այլ անդամ սկսում են ակտիվ գործունեություն ծավալել հասարակական ու քաղաքական հարթության վրա: Դա տեսել ենք Ասադի պարագայում, տեսել ենք Մուբարաքի պարագայում, տեսել ենք վերջապես Ալիևի պարագայում (այս շարքը կարող է շատ երկարել, քանի որ աշխարհում բռնապետեր շատ կան):



Ինչևէ, սա հարցի մի կողմն է, հիմա անցնենք հարցի մյուս կողմին, թե կոնկրետ ինչ գործունեություն է ծավալում մեր առաջին տիկինը: Նա, կարծես թե, ամբողջովին լծվել է ադրբեջանցիներին աղերսագրեր ու աղերսակոչեր հղելու շատ վտանգավոր գործին, ինչու՞ է նա անում դա. որպեսզի Ադրբեջանում ռազմատենչությունը ավելի ու ավելի բորբոքվի՞, որպեսզի նրանք մտածեն, որ հայերը այլևս ի վիճակի չեն իրենց դեմը կանգնելու ու ստիպված կանա՞նց են գործի դրել, որպեսզի խղճահարություն մուրան իրենցից. սա ի՞նչ խայտառակություն է: Թե՞ 100 տարի առաջվա հայ բոլշևիկ դավաճանների նման սեփական հասարակությանն են ուզում մոլորության մեջ գցել` իրենց ոչնչով չհիմնավորված խաղաղության քարոզներով, որ տեսեք տեսեք թուրքերի հետ պատերազմելը մեզ կտանի կործանում, պետք է նրանց հետ լեզու գտնենք. բոլշևիկները լեզու գտան մեր տարածքների ու բյուր-հազարավոր անմեղ զոհերի հաշվին, հիմա նույնը սրա՞նք են ուզում անել, հիմա մեր առաջին տիկնոջ «խաղաղարար» գործունեության իմաստը ո՞րն է, մի՞թե առաջին տիկինը չի հասկանում, որ թուրքը մեզ հետ հաշվի կնստի միայն ու միայն իրենց հետ ցանկացած պարագայում կռիվ տալու մեր պատրաստակամության դեպքում, այլ ոչ թե աղերսակոչեր ադրբեջանցի մայրերին հղելու դեպքում:



Եթե առաջին տիկինը չի հասկանում այս ամենը, գոնը ինքը ԱՌԱՋԻՆԸ պիտի դա հասկանա ու արգելի իր տիկնոջը այդպիսի բաներ անել, իսկ եթե չի արգելում, ուրեմն կարելի է ենթադրել, որ դրանք տերպետրոսյանական կոնցեպտի մեջ հատուկ մտածված ու մշակված գործողություններ են, որոնք ուղղված են կոնկրետ մեր երկրի ու ժողովրդի դեմ: Կամ ինչու՞ է առաջին տիկինը քարոզչություն տանում չարաբաստիկ Գարդասիլ պատվաստանյութի օգտին, նա մասնագե՞տ է, որ այդպիսի վստահությամբ է խոսում դրա միանշանակորեն օգտակար լինելու մասին: Եթե որոշել է իր երեխաներին պատվաստել, դա իր գործն է, սակայն նա իրավունք չունի քողարկված կամ բացեիբաց քարոզել բոլոր ծնողներին, որպեսզի նրանք նույնպես իրենց երեխաներին պատվաստեն այդ նյութով, բա էլ ու՞ր մնաց ժողովրդավարության ամենագլխավոր սկզբունքը, այն է` մարդկանց ազատ ընտրություն կատարելու իրավունքը: Թողեք թող յուրաքանչյուր ծնող ինքը որոշի` արժի՞ արդյոք պատվաստել իր երեխային այդ նյութով, թե ոչ:



Թորոս Ալեքսանյան