Մշակութային ո՞ր սյուների վրա է հենվում այսօր մշակույթի նախարարությունը

Մշակութային ո՞ր սյուների վրա է հենվում այսօր մշակույթի նախարարությունը
Օրեր առաջ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախաձեռնել էր հանդիպում Հայաստանի գրողների միության նախագահության անդամների հետ, որտեղ քննարկվել են գրական կյանքին առնչվող տարբեր հարցեր։



Հանդիպման ընթացքում Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը խոսել է գրողին աջակցելու ձեւերի մասին՝ նշելով, որ պետք է արմատապես փոխել ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես, օրինակ՝ վերանայել գրական մամուլին տրվող պետական աջակցությունը: «15 տարվա ընթացքում այս մասով որեւէ դրամ չի ավելացել: Մեր գրողները անվարձ երգիչների նման են ապրում: Հրաշալի է, որ դրամաշնորհային ծրագիր է մշակվել, այն նոր շունչ կտա գրական տարբեր ուղղություններին, բայց մեզ համար չափազանց կարեւոր է, թե ովքեր են ընդգրկվելու այն հանձնաժողովում, որը որոշելու է գրողի կամ գրքի ճակատագիրը: Այդ հանձնաժողովների հարցը պետք է քննարկել գրողական ամենածանրակշիռ կառույցի՝ Հայաստանի գրողների միության հետ»,- նկատել է Միլիտոնյանը:



Բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ **Արեւշատ Ավագյանին** առհասարակ չի գոհացնում մշակույթի հանդեպ վերաբերմունքը, որովհետեւ այն մշակույթը, որ գովազդվում եւ գովերգվում է, կապ չունի ո՛չ ազգային եւ ո՛չ էլ համամարդկային մշակույթի հետ․ «Մեր մոտ ավելի շատ գնահատվում է ցածր մակարդակի դերասանական արվեստը՝ սերիալները կամ այդ տիպի ֆիլմերը, որտեղ տղամարդիկ կանանց դերեր են խաղում, որտեղ կա կռիվ, ծեծ, էժանագին ծիծաղ։ Շատ վատ եմ նայում նրան, որ մշակույթի նախարարությունը վերացրեց պետպատվերը, եւ կարծում եմ, որ դրանց մեջ շատ վտանգավոր բաներ կան, օրինակ՝ մրցույթ է հայտարարվում սարսափ-գրականության համար, բայց ինչի՞ սարսափ, ո՞ւմ է պետք, այդ սարսափը սերնդին պետք է սարսափեցնի՞, թե՞ դաստիարակի»։



Ավագյանի կարծիքով, նրանք ուղղորդվում են ոչ թե հայ գրականության եւ հայ մշակույթի խնդիրներից եւ շահերից ելնելով, այլ միջազգայնորեն պարտադրվող անհասկանալի միտումներով․ «Ես ամեն դեպքում բավարարվածության զգացում չունեմ, չեմ ուզում բողոքավոր դառնալ, բայց գարնանային զարթոնքը պետք է պտուղ էլ տա, որպեսզի այդ մթնոլորտի մեջ սերն ու բարությունը հասունանան, բայց այն, ինչ հիմա խրախուսվում է, դրա հետ ոչ մի կապ չունի։



Մշակութային ո՞ր սյուների վրա է հենվում այսօր մշակույթի նախարարությունը, թող հայրենասիրական եւ համամարդկային թեմաներով մրցույթներ անեն»։



Բանաստեղծ, հրապարակախոս **Կարինե Աշուղյանի** կարծիքով, պետպատվերն ու պետաջակցությունը գրատպության ոլորտում հանելը մի քայլ առաջ էր։ Նա նկատում է՝ բոլոր դեպքերում առաջընթաց է համարում, որ փորձում են լսել գրողներին, տարբեր ձեւաչափեր են մտածում եւ փորձում են անաչառ հանձնաժողովներ ձեւավորել․ «Ամեն դեպքում երեւաց, որ մտահոգ են եւ ուզում են ձեռք մեկնած լինեն գրողին ու տարբեր ձեւաչափի մրցույթներով փորձում են աշխուժացնել գրական կյանքը՝ այս անգամ ոչ թե ուղղակի գումար հատկացնելով հրատարակիչներին, որ գրքեր տպեն, այլ մի քիչ ավելի հետաքրքիր բաներ մտածելով։ Ընթացքում կերեւա, թե ինչքանով արդյունավետ կլինի, բայց ինչ-որ քայլեր արվում են, որ միաժամանակ թե՛ գրողի, թե՛ ընթերցողի համար ճիշտ լինի, որովհետեւ առաջին հերթին գրողն է կարեւոր գրող-ընթերցող-հրատարակիչ շղթայում, եթե գրողը չլինի, հրատարակիչն ի՞նչ պետք է տպի։ Այսինքն՝ գրողը պետք է թելադրի, ոչ թե հրատարակիչը, ոչ թե շուկան։ Հրատարակիչը, գրավաճառը ցանկացած դեպքում ուրիշ աչքով են նայում գրականությանը, իսկ գրողը՝ այլ աչքով, պարտադիր չէ, որ լավ գրականությունը հենց այսօր լավ վաճառվի․ այդպես քիչ է լինում։ Բայց հանուն լավ գրականության պետք է տպագրել, թեկուզ այդ 100-ից միայն 10-ը լավը լինի, որովհետեւ հանուն այդ 10-ի մյուս 90-ը պետք է տպագրել։ Հետո՝ գրականությունն այդպիսի ընթացք է՝ միշտ գլուխգործոցներ չեն կարող լինել»։



Աշուղյանը ճիշտ է համարում, որ նախարարությունը կֆինանսավորի այսուհետ ոչ թե կոնկրետ աշխատանքը, գրողին, այլ նրա գաղափարը․ «Գաղտնիք չէ՝ մեր նման հասարակություններում երբեմն անունն ավելի շատ հարց է լուծում կամ խոչընդոտում, քան դրա հետեւում կանգնած իդեան, գործը, ստեղծագործությունը։ Պետք է կարողանալ վեր կանգնել դրանից։ Այս տիպի նախագծերը թույլ կտան, որ մարդու գաղափարը երեւա։ Կարծում եմ՝ լավ է ֆինանսավորել գաղափարը, ոչ թե կոնկրետ անվանը, երբեմն՝ անարդարացի, որովհետեւ անունի հետեւում պետք է գործ լինի, չէ՞ որ իսկապես կա մարդ, որ շատ արժանի է իր անվանը, բայց այլեւս բան չի անում, ուրեմն չի կարելի այս անգամ իր որեւէ չարածին ֆինանսավորել»։



Կարինե Աշուղյանը նորմալ է նայում ֆանտաստիկայի եւ սարսափի ժանրերում նախարարության հայտարարած մրցույթին․ «Պետք է նայել աշխարհի գրականության ռիթմին, թե ուր է գնում, եւ պետք չէ այդպես սրերով ընդունել։ Ի՞նչ անենք, թող դա էլ լինի, կարող է նոր սերնդի մեջ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնի։ Եթե «Հարրի Փոթեր» են կարդում, ուրեմն նաեւ այդ տեսակ գրականության կարիքը կա․ ի դեպ, ավելի դժվար է այդ ժանրում գրելը, որն ավելի աշխատատար է ու ժամանակատար»։



Բանաստեղծ, թարգմանիչ **Լեւոն Բլբուլյանն** ասում է, որ քննարկել են նախարարության նախաձեռնած մի շարք ծրագրեր, որոնք միտված են բարձրացնելու գրողների ակտիվությունը։ «Ճշտեցինք մեզ հետաքրքրող մանրամասներ, թե ովքեր պետք է լինեն հանձնաժողովում, առաջարկեցինք նաեւ, որ Գրողների միությունից ներկայացուցիչներ լինեն, եւ առհասարակ՝ ընդգրկվեն այնպիսի մարդիկ, ովքեր բանիմաց են, այսինքն՝ չլինեն պատահական մարդիկ, որպեսզի չդրսեւորվեն սուբյեկտիվ մոտեցումներ, ինչպես Հայաստանում հաճախ լինում է»,- ասում է Բլբուլյանն ու նկատում, որ մշակույթի նախարարի հանդեպ ձեւավորված համացանցային ոչ դրական քննարկումների ազդեցության տակ կանխատրամադրված՝ գնացել էր հանդիպման, բայց տեղում կանխակալ տրամադրվածությունը ցրվել է։



Բլբուլյանի կարծիքով, պետպատվերի եւ պետաջակցության վերացումը շատ կոպիտ եւ կտրուկ քայլ էր գրողների հանդեպ, ավելին՝ կարծես թշնամական վերաբերմունք լիներ․ «Կարծում եմ՝ որոշ վերանայումներով հանդերձ, կարելի է այն վերականգնել։ Այն ժամանակ պատճառաբանեցին, որ թույլ գրքեր էին տպագրվում, բայց կարող էին հսկողությունն ավելի ակտիվացնել, ընտրությունը խստացնել եւ պահպանել պետական աջակցությունը, որովհետեւ ունենք հրաշալի գրողներ, բանաստեղծներ»։



Ինչ վերաբերում է հարցին, որ նախարարությունը որոշել է խրախուսել դետեկտիվ, գիտաֆանտաստիկ, ֆանտաստիկ, սարսափ-պատմություն ժանրերի զարգացմանը, ապա Բլբուլյանը ոչ մի վատ բան չի տեսնում այստեղ, ասում է միայն, թե առաջարկել են, որ այդ ցանկում ավելացվի նաեւ պոեզիան, որն անմիջապես ընդունվել է։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**