Ռուսական թատրոնի գեղղեկավարի պաշտոնին հավակնողներից 3-ը շատ թույլ ռեժիսորներ են

Ռուսական թատրոնի գեղղեկավարի պաշտոնին հավակնողներից 3-ը շատ թույլ ռեժիսորներ են
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո՝ արդեն 10 ամիս, թատրոնը չունի գեղղեկավար, ինչն անառողջ քննարկումների առիթ է տվել։ Դեռ հունիսին՝ արձակուրդ գնալուց առաջ, թատրոնի կոլեկտիվը մշակույթի նախարարի ներկայությամբ բարձրաձայնեց գեղղեկավար ունենալու անհրաժեշտության մասին։ Նախարար Մակունցը որոշումը թողեց թատրոնին եւ դերասաններին, իսկ վերջնաժամկետ սահմանեց հոկտեմբերի 1-ը։ Հոկտեմբերի 1-ին ավարտվում է թատրոնի գեղղեկավարի թափուր պաշտոնի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: Ինչպես տեղեկացնում է մշակույթի նախարարությունը, հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ից նախարարությունում տեղի կունենան լսումներ՝ բոլոր հայտատուների մասնակցությամբ: Արդյունքը կամփոփվի մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո կհայտարարվի Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի անունը:



Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա օրեր առաջ գրել էինք, որ այդ պաշտոնին հավակնում են ռուսաստանյան մի քանի թատրոնների ղեկավարներ, այդ թվում՝ Վլադիմիր Գաբեն (Գաբրիելյան), ով Ռուսաստանում Փարաջանովի թանգարանի գեղղեկավարն է, Մոսկվայի հայկական թատրոնի գեղղեկավար Սլավա Ստեփանյանը։ Շրջանառվում է նաեւ Ռոբերտ Մանուկյանի անունը, ով Խաբարովսկի երկրամասի թատրոնի գեղղեկավարն է եղել։ Դեռ նախարարի հետ ամռանը կայացած հանդիպման ժամանակ թատրոնի կոլեկտիվի մի մասն առաջ քաշեց ռուսաստանաբնակ բեմադրիչ Կարեն Ներսիսյանի թեկնածությունը։ Հետո մամուլում ակտիվորեն սկսեց շրջանառվել նաեւ Սուրեն Շահվերդյանի անունը, եւ, իհարկե, պետք չէ մոռանալ Ալեքսանդր Գրիգորյանի դստեր՝ բեմադրիչ, դերասանուհի Նորա Գրիգորյանի մասին, ով նույնպես հավակնում է այս պաշտոնին։ Թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը, սակայն, դուրս եկավ մրցապայքարից՝ չցանկանալով շարունակել պայքարը։



Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ **Հակոբ Ղազանչյանը** կարծում է, որ չարժե Ռուսաստանում նոր անուններ փնտրել․ «Ես ուղղակի այս հայտերի եւ ընտրության սկզբունքը չեմ հասկանում։ Մեր աշխատանքը պրակտիկ գործ է, թատրոնն ընդհանրապես պրակտիկ արվեստ է։ Եթե ես լինեի, կասեի՝ ոչ թե ծրագիր ներկայացրեք, այլ վերջին 2 ներկայացման տեսանյութերը, ու եթե ինչ-որ մարդիկ պետք է ընտրեն՝ ըստ դրա ընտրեն։ Թե չէ կարելի է այնպիսի ծրագիր գրել, որ Ստանիսլավսկու սիստեմից ավելի լավը լինի, բայց մեր դեպքում գրելով չէ։ Երկրորդ․ ես չեմ գտնում այն անունները, մարդկանց, որոնց ման են գալիս Ռուսաստանում, ավելի լավն են միայն այն բանի համար, որ իրենք Ռուսաստանից են, քան այն կադրերը, որ կան Հայաստանում։ Ես այդպիսի միտում եմ զգում, որը թեեւ պաշտոնապես չի ասվում, բայց նկատում եմ, որ հատուկ վերաբերմունք կա Ռուսաստանի նկատմամբ։ Առավել եւս՝ դրանցից 3-ը, որոնց անունները չեմ ուզում տալ, շատ թույլ ռեժիսորներ են, եւ բոլորովին իմաստ չունի քննարկել այդ հարցը։ Այսինքն՝ հարկավոր է Հայաստանում փնտրել թեկնածուին»։



Ղազանչյանն առաջարկում է հետաձգել հոկտեմբերի 1-ի լսում-մրցույթը, որովհետեւ ոչ ոք ոչնչից տեղյակ չէ, այդ թվում՝ ինքը․ «Սկզբից ինֆորմացիա գնաց, որ կոլեկտիվը պետք է ընտրի, հետո տեղեկություն եղավ, որ ժյուրին պետք է ընտրի, մի պահ ասեցին՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը գեղղեկավար կլինի, հիմա ասվում է, որ մի շաբաթ անց կամփոփեն արդյունքները։ Դա սկզբունքորեն սխալ մոտեցում է։ Կարծում եմ՝ հարկավոր է մի քիչ էլ ձգել այս պրոցեսը՝ 6 ամիս։ Հարկավոր է հնարավորություն տալ այդ մարդկանց, ովքեր ծրագրեր են ներկայացրել, գան թատրոնում բեմադրություն անեն։ Եվ ոչ միայն ռուսական թատրոնում, կարող են մյուս թատրոններում էլ անել․ այդ մարդկանց ձեռագիրը պետք է տեսնել։ Մրցութային ձեւը պետք է դա լինի՝ գան բեմադրություն անեն, տեսնենք, թե ով է լավ բեմադրում։ Ես համոզված եմ, որ այդ ժամանակ ռուսաստանաբնակներից շատ շատերը կհրաժարվեն գալ, երբ իմանան, որ պետք է պրակտիկ գործով ապացուցեն, որ արժանի են»։



ՀԹԳՄ նախագահն ընդգծում է՝ պետք է ճիշտ ընտրություն կատարվի․ «Ես շատ եմ վախենում, որ ընտրություն կատարվի ընդամենը սիրուն գրված ծրագրերի միջեւ, որի պրակտիկան ցույց է տվել, որ 10 տոկոսով անգամ իրականացնել չի լինի։ Ժամանակին Գոնչարովը մեզ հանձնարարում էր ռեժիսորական պլաններ գրել, մենք գրում էինք, ներկայացնում, ու մի անգամ էլ ասաց, որ եթե ձեր գրածների 50 տոկոսը կարողանաք իրականացնել, ձեր ներկայացումը շեդեւր կլինի։ Ուզում եմ ասել, որ մեր աշխատանքը, դերասանությունը գրելով չէ։ Պիտի խաղաս՝ տեսնենք։ Ռեժիսուրան նույնպես գրելով չէ, պիտի գաս բեմադրես եւ ապացուցես, որ պրոֆեսիոնալ մարդ ես։ Ուրիշ կերպ չեմ կարող մոտենալ այդ հարցին, ու լավ կլիներ, որ, այնուամենայնիվ, պրոֆեսիոնալների կարծիքը հարցվեր»։ Ինչ վերաբերում է լսումներն անցկացնող հանձնաժողովին, ապա հարց է, թե ովքեր եւ ինչ մասնագետներ են ընդգրկված կազմում։ «Այդ հանձնաժողովն ո՞վ է ընտրել, ի՞նչ սկզբունքներով է որոշել, այդ մարդիկ իրավունք ունե՞ն որոշել թատրոնի կամ արվեստագետի բախտը։ Ես զարմանում եմ, թե ինչու նորմալ քննարկում պրոֆեսիոնալների հետ չի արվում»,- նշեց Ղազանչյանը։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**