Նախկին ավագանու անդամն էլ է ընտրել Հայկոյին

Նախկին ավագանու անդամն էլ է ընտրել Հայկոյին
Կոմպոզիտոր, Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր **Երվանդ Երզնկյանը**, ով ընդգրկված էր նախորդ ավագանու կազմում, չի թաքցնում, որ իր ձայնը տվել է Հայկ Մարությանին․ «Ձայնս տվել եմ Հայկոյին ու ընտրությունների մասին շատ բարձր կարծիքի եմ, գտնում եմ, որ սա առաջին ընտրություններն էին` չհաշված Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին ընտրությունը, երբ ժողովուրդն անկաշկանդ, հանգիստ գնաց ու իր ձայնը տվեց իր ուզած մարդուն։ Իհարկե, ձայնը տվեցին Նիկոլին, իսկ եթե Նիկոլը գտնում է, որ Հայկոն է պետք, թող Հայկոն լինի։ Մենք բոլորս կողմ ենք, ու ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ»։



Նախորդ ընտրություններին՝ ընդամենը մեկ տարի առաջ, երեւանցիների 71 տոկոսը ձայնը տվեց Տարոն Մարգարյանին. ինչո՞վ է բացատրում մարդկանց մոտ այդ փոփոխությունը։ Երզնկյանն ասաց․ «Հեղափոխություն է եղել, ամեն ինչ հնարավոր է, ժողովուրդը հիմա ինչ-որ հավատ ունի, մի քիչ ավելի տրամադրված է, ապագա է տեսնում»։



Թեպետ անցած ավագանու ընտրություններին անձամբ ինքը չի նկատել որեւէ խախտումներ, բայց մեկ է՝ խոսակցություններ եղան, որ ինչ-որ բան այնպես չի եղել․ «Իսկ այս անգամ ամեն ինչը նորմալ էր, եւ ես գտնում եմ, որ դա շատ նորմալ է, եւ հարկավոր է, որ դա մենք շարունակենք»։



Նախորդ ավագանի՞ն էր ավելի լավ աշխատում, թե՞ նորն ավելի արդյունավետ կաշխատի։ «Ես հույս ունեմ, որ նորն ավելի լավ կաշխատի (ծիծաղում է), որովհետեւ ես իմ մասով հասկացել եմ, որ՝ որպես ավագանի, կարող եմ միայն մասնագիտական օգնություն ցույց տալ մշակույթի եւ սոցիալական հարցերում, մնացած հարցերում ես բան չեմ հասկանում։ Հուսով եմ, որ այս ավագանիներն ավելի բանիմաց կլինեն։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»։



Կուզե՞ր նոր ավագանու կազմում լինել․ Երզնկյանն ասում է՝ ո՛չ կուզեր, ո՛չ էլ առաջարկ է եղել։ «Ես իմ գործն ունեմ, եւ կոպիտ սխալ էր իմ կողմից, որ նախորդի դեպքում համաձայնեցի, ինչի՞ս էր պետք, 3 տեղ աշխատում եմ՝ ամբիոնի վարիչ եմ, պրոֆեսոր, նվագախմբի ղեկավար, Մանակավարժական ինստիտուտում եմ դաս տալիս․ հերիք է, էլի»,- ասաց նա ու հավելեց, որ նախորդ անգամ համաձայնել էր, քանի որ անձամբ Տարոն Մարգարյանն էր իրեն խնդրել, դրա համար չէր կարողացել մերժել․ «Ես պատվավոր քաղաքացի եմ եւ պարտավոր եմ իր խնդրանքին ուշադրություն դարձնել, համոզեց մարդը, ասաց՝ ամիսը մի անգամ է, արի, ես էլ գնացի, բայց հասկացա, որ իմ տեղը չէ»։



Երաժիշտ **Արթուր Իսպիրյանը** նույնպես ներկայացված կլինի ավագանու նոր կազմում։ Իսկ նոր քաղաքապետի հետ ավագանու ներկայացուցիչների հանդիպումը լինելու է սեպտեմբերի 28-ին, որի ժամանակ արդեն կհստակեցվեն որոշակի հարցեր։ Իսպիրյանն ասում է՝ այստեղ էական չէ, թե 81 տոկոսի քանի տոկոսն է իր ձայնը տվել Նիկոլին եւ քանի տոկոսը՝ Հայկին, կարեւորն այն է, որ ժողովուրդն է ընտրել․ «Որտեղ Նիկոլ Փաշինյանը, այնտեղ՝ Հայկը, եւ այնտեղ՝ մենք, որովհետեւ մեր կուսակցությունը ծնվել է ժողովրդի գրկից, եւ, այսպես ասած՝ ժողովուրդն է մեզ սնել, դա ժողովրդի հաղթանակն է։ Շատ երջանիկ եմ, որ վերջապես տեսա այն ընտրությունները եւ ընտրությունների այն մակարդակը, որին մենք ականատես եղանք»։



Իսպիրյանը կարծում է, որ սա առաջին արդար ընտրություններն են եղել․ «Միշտ պետք է այդպես լինի, տիրի բարի մթնոլորտ, որովհետեւ եթե գնացել եք ընտրության, զգացել եք, թե սա ինչ տարբեր էր մյուս ընտրություններից, մարդիկ ինչ բարյացակամ էին, նույնիսկ հանձնաժողովի անդամները, վստահված անձինք՝ ուրախ, երջանիկ, ոչ մի սթրես, լարվածություն։ Մինչեւ չլինեն այդպիսի արդար ընտրություններ, չես հիշի, թե ինչ օրեր եւ ինչ դեմքեր ենք տեսել այդ ընտրությունների օրերին, ինչ գազանանոցում ենք ապրել։ Մեկ-մեկ ինձ հարց եմ տալիս, թե այս ժողովրդին իր ո՞ր մեղքի համար էին այդպես տանջում, ստրկացնում, այդ կոպեկների հետեւից վազացնում, դե թող հիմա՛ էլ վազացնեին»։



Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ապա բոլորի ծրագրերն էլ տեսել է, որտեղ կային բավականին հետաքրքիր կետեր՝ լինի դա ԲՀԿ-ն, թե «Լույս» դաշինքը։ Թե ինչքանով կստացվի համատեղ աշխատանքն ավագանիում՝ մյուս 2 քաղաքական ուժերի հետ, ասաց․ «Ես շատ եմ ուզում, որ ստացվի, որովհետեւ, եթե սրտացավ են եւ շատ են ուզում, որ Երեւանն առաջընթաց ունենա, պետք է միասին աշխատենք․ մինչեւ հիմա հետընթաց ենք ունեցել, եւ նախկին ղեկավարությունն ամեն ինչ արել է ոչ թե Երեւանի համար, այլ իրենց անձնական շահերի համար։ Կառուցել են իրենց անձնական շենքերը, հյուրանոցները, ռեստորանները, իսկ Երեւանի համար մեծ ներդրում արել է Սփյուռքը՝ Գաֆեսճյանը, Էռնեկյանը, Թուֆենկյանը եւ տարբեր միջազգային կազմակերպություններ։ ԲՀԿ-ի եւ մյուս կուսակցությունների ծրագրերը հրաշալի ծրագրեր էին, դա նկարներով եմ տեսել։ Ի՞նչն է խանգարում այդ ծրագրերը համատեղ իրականացնելուն, մի՞թե այս ընտրությունները, այսպես ասած՝ «պարտվելուց» հետո պետք է նեղանան Երեւանից։ Նման բան չպետք է լինի, սիրով կհամագործակցենք, իրենք մեր ընկերներն են, բարեկամները, մենք տարբեր չենք։ Եթե այդ ներդրումներն անշահախնդիր էին լինելու, հիմա էլ կարող են անշահախնդիր անել։ Կապ չունի՝ իրենք 5 հոգի են, մենք՝ 57։ Պետք է միանանք եւ կառուցենք մեր երազած քաղաքը, որն այսօր շատ ծանր վիճակում է գտնվում թե՛ բնապահպանության, թե՛ տրանսպորտի եւ թե՛ քաղաքաշինության առումով»։



Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ 81 տոկոսը տանում է միապետության, Իսպիրյանն ասաց․ «Սա ժողովրդի ընտրությունն է, եւ ոչ ոք չի պարտադրել ու կաշառել նրան, որ գնան ընտրեն այդ կուսակցությանը։ Ժողովուրդը կամավոր եկել եւ ընտրել է իր ուզած դաշինքը՝ հավատալով, որ կարդարացնի իր բոլոր հույսերը։ Անցած ավագանու ընտրությունները բոլորն էլ տեսան, թե ինչպես եղան՝ թաղային հեղինակություններ, ընտրակաշառքներ։ Հիմա շատ ուրախ եմ, որ ընտրությունները եղան ազնիվ ու արդար, եւ հուսով եմ՝ նույնձեւ կանցնեն նաեւ Ազգային ժողովի ընտրությունները»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**