Արագաչափերի հարցը պետք է լուծվի, որ մարդիկ խիղճները մի քիչ հանգիստ ապրեն քաղաքում

Արագաչափերի հարցը պետք է լուծվի, որ մարդիկ խիղճները մի քիչ հանգիստ ապրեն քաղաքում
Իշխանափոխությունից հետո կարմիր գծերն ու արագաչափերը վերանալո՞ւ են, թե՞ ոչ․ այս հարցադրումով էր «Հրապարակ» թերթի խմբագրություն եկել դերասան **Աշոտ Եդիգարյանը**, ում կարծիքով՝ պետք է ազատվել ոչ միայն անցյալից, այլ նաեւ անցյալում կայացված ոչ ճիշտ որոշումներից։ «Մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք պետք է վերացվեն, կամ գոնե տուգանքները կրճատվեն։ Ես հիմա միայն իմ անունից չեմ խոսում, փառք Աստծո, ահագին փող եմ ստանում՝ մոտ 73 հազար դրամ, ու կարողանում եմ ամսվա մեջ այդքան վճարել ու պրծնել այդ տուգանքներից։ Դե, այնքան շատ փող է, որ չեմ կարողանում ծախսել, միանգամից տուգանքներին եմ տալիս»,- կես կատակ ասաց Եդիգարյանն ու հավելեց, որ նույն խնդրով նաեւ շատերն են մոտենում իրեն ու հարցնում՝ հիմա ի՞նչ է լինելու․ «Իմանանք՝ հիմա դրանք կա՞ն, թե՞ չկան, այդ տուգանքները նվազեցնո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետեւ անհեթեթ, աբսուրդ բան է, մարդը ստանում է 70-75 հազար դրամ աշխատավարձ ու ամսվա մեջ պետք է 2 անգամ տուգանք մուծի։ Կարեւոր է, որ մի ճշգրտում մտցվի այս հարցում ժողովրդի համար։ Ես գիտեմ՝ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած մեր վարչապետի առաջ, բայց սա էլ պակաս կարեւոր խնդիր չէ եւ այդքան բարդ բան էլ չէ, որ, օրինակ, խորհրդարանում որոշեն՝ կիսվո՞ւմ է այդ տուգանքների չափը, թե՞ ոչ»։



Եդիգարյանն աշխարհի շատ երկրներում է եղել, բայց ոչ մի քաղաքում այս քանակի արագաչափեր չի տեսել, նույնիսկ՝ մեգապոլիսներում․ «Անգամ Միացյալ Նահանգներում՝ Լոս Անջելեսում, ժողովուրդը բողոքեց դրանց դեմ, որտեղ՝ այդ հսկայական քաղաքում, ընդամենը մի քանի հատ էր, բայց դրանք էլ հաջորդ օրը հանեցին եւ բոլոր տուգանքները վերացրեցին»։



Մյուս կողմից էլ՝ քաղաքի խցանումներն այնքան շատ են, որ արագաչափի դեր են տանում․ «Վերջերս մեկը հեռուստատեսությամբ խոսում էր եւ ասում, որ վիճակագրություն կա, համաձայն որի՝ այդ արագաչափերը ոչնչով չեն նվազեցրել վթարների կամ պատահարների քանակը։ Իսկ եթե չեն նվազեցրել, ուրեմն ինչի՞ համար է արվել այս ամենը, որից բոլորն են նեղվում, այդ աննշան բաների համար տանում՝ ահագին գումար ես տալիս, 7 կմ-ի համար 7-8 հազար մուծում ես։ Մարդկանց խիղճը պիտի մի քիչ հանգիստ լինի, բավական չէ՝ քշելուց նայում ես, որ մեքենադ հանկարծ չկոտրեն, որովհետեւ ամեն վայրկյան դու պոտենցիալ վթարի ենթարկվող ես, դրանից բացի՝ մի հատ էլ պիտի աչքդ գցես արագաչափին, տեսնես՝ կարմիր գի՞ծ ես հատում, թե՞ հոծ գիծ։ Մարդը վարում է մեքենան, հանկարծ նկատում է արագաչափը, կտրուկ արգելակում է, եւ գնում բախվում են իրար»։



Դերասանը դարձյալ որպես օրինակ է բերում աշխարհի փորձն ու նկատում, որ շատ քաղաքներում թեպետ կանգառ չի թույլատրվում, բայց մայթերին կան փոքրիկ մեքենաներ, որ գցում ես որոշակի գումար եւ կարող ես մի 20-30 րոպե կանգնել, որի ամբողջ գումարը գնում է քաղաքապետարան։ Եդիգարյանը հույս ունի, որ նոր քաղաքապետը նման բաների վրա ուշադրություն կդարձնի․ «Այս հարցը պետք է լուծվի, որ մարդիկ խիղճները մի քիչ հանգիստ ապրեն այս քաղաքում»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**