Կարևոր ընտրություն․ ճամփաբաժանի շեմին

Կարևոր ընտրություն․ ճամփաբաժանի շեմին
Մի կողմից, անշուշտ, ոչ մի ընտրություն աշխարհի վերջը չէ, եւ դրա արդյունքներից մեծ ոգեւորություն կամ խորը հիասթափություն ապրել պետք չէ։ Մանավանդ՝ կյանքը ցույց է տալիս, որ մեր ժողովրդի սերն էլ, ատելությունն էլ անչափ հարափոփոխ են, եւ դրա դրսեւորումների հիմքի վրա երկարաժամկետ պլաններ կառուցել չի կարելի։ Բայց, այնուամենայնիվ, այս ընտրությունները բավականին նշանային են եւ որոշակի ուղենիշներ են մեզ համար գծագրում։



**Ընտրությանը մասնակցած անձանց քանակը**



Ընտրություններին մասնակցած անձանց քանակը, ըստ էության, ամենահետաքրքիր ցուցիչներից մեկն է։ Նախ, հստակեցվեց, թե Երեւանում ինչքան իրական ընտրող-ապրող կա կամ ակտիվ մարդ, որոնք, անկախ ամեն ինչից, պատրաստ են կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Շատ կարեւոր էր, թե ընտրողների որ տոկոսը գնաց ընտրության։ Եթե այդ ցուցանիշը համարենք ցածր, կնշանակի հեղափոխությունն այնքան ոգեւորություն եւ քաղաքացիական կեցվածք չի արթնացրել, որ մարդիկ շտապեն քվեարկության, իսկ դա վատ է։ Դա նշանակում է, որ հասարակության փոքր հատվածն ակտիվ է, մյուսները՝ պասիվ եւ ենթակա ակտիվ հատվածի կամքին։ Իսկ եթե համարենք, որ այս ընտրություններին մասնակցողների քանակը մեծ էր, կնշանակի կարող ենք ասել, որ մեր հասարակությունը բավականին դեմոկրատական է, եւ ընտրովի մարմիններն էլ բավականին ներկայացուցչական են։ Պարզ ասած՝ եթե ընտրողների ընդամենը 40 տոկոսն է մասնակցում քվեարկության եւ այդ 40 տոկոսը որոշում է մյուս 60-ի ճակատագիրը, խոսք չի կարող լինել մեծամասնության իշխանության մասին։ Այստեղ մի խնդիր էլ կա ածանցյալ՝ ցուցակները պետք է մաքրել Հայաստանից բացակայողների անուններից։ Դա մի կողմից բալաստ է, որ մեզ միշտ մոլորեցնելու է՝ ընտրությունների արդյունքների գնահատականի հարցում, մյուս կողմից՝ Հայաստանում չապրող մարդիկ չեն կարող որոշել մեր երկրի ճակատագիրն ու ընտրությունների ելքը, ուստի չպետք է մնան ցուցակներում։ Ի դեպ, խոսք կա, որ հաջորդ ընտրություններին դա արվելու է։ Թեեւ աշխարհում այլ լուծում էլ են կիրառում՝ արտերկրում գտնվող իրենց քաղաքացիներին թույլատրում են քվեարկել։



**Անցողիկ շեմը հաղթահարեցին**



Շատ կարեւոր էր, որ անցողիկ շեմը հաղթահարեին որքան հնարավոր է շատ կուսակցություններ։ Եվ անցնողներից որեւէ մեկը շատ մեծ կտրվածքով առաջ չանցներ։ Սա էլ է դեմոկրատիայի եւ քաղաքական համակարգի կայացածության մասին վկայող ցուցանիշ։ Երբ մարդիկ չեն վստահում 12 կուսակցություններից 10-ին, դա խոսում է այն մասին, որ վստահություն չկա առհասարակ կուսակցական համակարգի նկատմամբ։ Եվ նման երկրում խորհրդարանական կառավարում կիրառելը հանցագործությանը հավասարազոր սխալ է։ Եթե մի կուսակցություն կամ մեկ թեկնածու 80 տոկոս ձայն է տանում, դա էլ խոսում է ոչ թե այդ կուսակցության կայացածության կամ բարձր ռեյտինգի մասին, այլ այն մասին, որ մարդիկ առաջնորդվում են ապաքաղաքական գործոններով։ Ասենք՝ մեկ անձի խոսքը, հորդորը, մեկի կերպարը, ուժի եւ հզորության մասին պատկերացումները մեզանում խիստ չափազանցված են։ Մեր հասարակությունը մեսիաների սպասող ու հավատացող հասարակություն է։ Մի փուլում այդ փրկիչը Կարեն Դեմիրճյանի կերպարով է գալիս, մյուսում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, երրորդում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի ժամանակն է։ Դա էլ իր հերթին խոսում է հասարակության կողմնորոշումների խեղաթյուրվածության, ընտրովի մարմինների մասին թյուր պատկերացումների եւ այն մասին, որ ոչ թե քաղաքապետ ու ավագանի ենք ընտրում, այլ «այո» ենք ասում հեղափոխությանը, «ոչ»՝ հակահեղափոխությանը։ Եթե մի կուսակցություն շուրջ 20 տարի գործունեություն է ծավալել երկրում եւ այսօր ընդամենը 2 հազար 700 ձայն ստացել, կնշանակի, որ այն ոչինչ չի արել այս տարիներին եւ անգամ չունի օրենքով պահանջվող 2 հազար անդամ, քանզի կուսակցականների եւ նրանց ընտանիքների անդամների ձայներն արդեն ավելի շատ քվե կապահովեին։



**Հայկին այլընտրանք չտեսան**



Մեզանում ընտրությունները, որպես կանոն, շատ անձնավորված են։ Ոչ թե կուսակցական գործոնն է աշխատում, այլ թեկնածուների եւ նրանց սատարողների։ Հայկ Մարությանն առանց Նիկոլ Փաշինյանի աջակցության՝ եթե Արարատ Զուրաբյանի նման մեն-մենակ առաջադրվեր, գուցե նրա ստացած 2 հազար 985 ձայնից էլ պակաս ստանար։ Մյուս կողմից՝ վարչապետ Փաշինյանի, Սերժ Սարգսյանին հեռացրած Փաշինյանի, իշխանական լծակներ տնօրինող Փաշինյանի հետ ոտք գցելու համար հարկավոր էին մի քանի կարեւոր գործոններ։ Նախ, մասնակից ուժերի թիվը պետք է փոքր լիներ, որ գործող իշխանությանը դեմ ընտրազանգվածի ձայները կոնսոլիդացվեին, եւ մարդիկ հասկանային, որ, այ, սրան ձայն տալով՝ մերժում են իշխանություններին եւ Հայկ Մարությանին։ Եվ քանի որ խարիզմատիկ, ուժեղ, կոնկրետ այլընտրանք չկար, մարդիկ կա՛մ չկողմնորոշվեցին, թե ով է ընդդիմության ֆավորիտը, ու չգնացին քվեարկության, կա՛մ մտածեցին, որ իրենց ձայները փոշիանալու են, եւ այդ պատճառով չգնացին քվեարկության։ Հայկ Մարությանին «չընտրողներն» այս ընտրություններում մինչեւ վերջին պահը կողմնորոշված չէին։ Մեծ թվով մարդիկ մինչեւ վերջին օրը հարցնում էին՝ ո՞ւմ ընտրեմ, որ ձայնս չկորչի, իսկ ոմանք էլ, մտնելով քվեախցիկ, տեղում էին որոշում, թե ում քվեարկեն։ Պարզ ասած՝ 12 կուսակցության մասնակցությունը կարող էր հենց իշխանական ծրագիր լինել, քանզի աշխատեց իրենց օգտին։ Մյուս կողմից՝ ճիշտ է՝ «Իմ քայլի» թեկնածուն անհաջող էր, բայց քաղաքապետի մյուս թեկնածուների մեջ էլ չկային վառ անհատականություններ, հասարակության ինտելեկտուալ ու ընդդիմադիր հատվածի՝ քաղաքապետի վերաբերյալ պատկերացումներին համապատասխանող կերպարներ։ Եթե ԲՀԿ-ն առաջադրեր Արարատ Զուրաբյանի թեկնածությունը, եթե Նաիրա Զոհրաբյանն այդքան չսեւեռվեր ֆեյքերի դեմ արշավի վրա, եթե Արտակ Զեյնալյանն ավելի ակտիվ լիներ ու անկախ, իսկ «Լույսը»՝ «Ելք»-ից պորտալարը կտրած, եթե քարոզարշավի ժամկետը մի փոքր ավելի երկար լիներ, եթե վարչապետն անձամբ չտաներ քարոզարշավը, եթե…ընտրությունների ելքը կարող էր այլ լինել։



**Հետո ի՞նչ է սպասվում**



Երեւանում փառահեղ հաղթանակը «Քաղպայմանագրին» եւ Նիկոլ Փաշինյանին արագությամբ կտանի ԱԺ արտահերթ ընտրությունների՝ հարկավոր է հաղթական արդյունքներն արագ կապիտալիզացնել եւ չթողնել, որ էյֆորիան մարի, իսկ ՀՀԿ-թշնամու կերպարը խամրի։ Այսինքն, պետք է սպասել, որ առաջիկայում իշխանությունն արագությամբ կգնա խորհրդարանի լուծարման՝ միջոցների առաջ խտրություն չդնելով։ Այդ պարագայում ո՛չ Հանրապետականի դիմադրությունը, ո՛չ ԲՀԿ-ի փոշմանելը, ո՛չ Վենետիկի հանձնաժողովի հորդորները, ո՛չ Եվրախորհրդի մոնիթորինգն ու Արեւմուտքի «ոչ ադաբրյամսը» նրան չեն կանգնեցնի։ Երեւանում 294 հազար 109 քվեն, իհարկե, առաջին հայացքից շատ մեծ չէ, եթե հաշվի առնենք, որ 848 հազար 343 ընտրող կա Երեւանում, իսկ 2 մլն 564 հազար՝ Հայաստանում, սակայն եթե հաշվի առնենք, որ մեզանում բնակչության մեկ երրորդը չքավորության սահմանից այն կողմում է, իսկ Փաշինյանի էլեկտորատը հենց այդ մարդիկ են, ուստի պետք է սպասել, որ ԱԺ ընտրությունները որակապես ու արդյունքների առումով շատ չեն տարբերվի Երեւանի ընտրություններից։ Ի դեպ, այդ զանգվածն էր ժամանակին ՀՀՇ-ի, ապա ՀՀԿ-ի ընտրողը, եւ հենց նրանք էին 2017-ի ապրիլին 770 հազարից ավելի ձայն տվել Հանրապետականին։ Իսկ եթե ընդդիմադիր ու հակաիշխանական զանգվածն ուզում է իր ներկայացուցիչներն ունենալ ընտրովի մարմիններում եւ խանգարել մեկ կուսակցության մենաշնորհի ձեւավորմանը, պետք է արագորեն սթափվի՝ նախեւառաջ ազատվի ՀՀԿ-ի ու նրա արբանյակների հիպնոսից եւ քաղաքական նոր միավորներ ստեղծի, որոնք կարող են իրենց հետեւից տանել հասարակության որոշակի մասին եւ խորհրդարանական կառավարման քիչ թե շատ քաղաքակիրթ մոդել ստեղծել մեզանում։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**